Այսօր թանգարանների մուտքն ազատ է

Այսօր թանգարանների մուտքն ազատ է




«Թանգարանային գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում այսօր առավոտյան ժամը 10.00-ից մինչեւ ժամը 24.00-ն Հայաստանի շուրջ 60 թանգարանների մուտքն ազատ է լինելու:



Հայաստանն արդեն 7-րդ անգամ մասնակցում է Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի աջակցությամբ ու հովանավորությամբ անցկացվող «Թանգարանային գիշեր» - «Գրավոր հիշողություն» միջոցառումների շարքին, որը համակարգում է ՀՀ մշակույթի նախարարությունը:



Այս մեծամաշտաբ միջոցառմանը միաժամանակ մասնակից կդառնան աշխարհի 40 երկրների հազարավոր թանգարաններ: Մասնակցելու են ոչ միայն Երեւանի, այլ նաեւ Հայաստանի բոլոր մարզերի մշակութային օջախները, թանգարանները, որոնք հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով, մշտական գործող ցուցադրությունների կողքին տեղի են ունենալու նաեւ երաժշտական, թատերական ներկայացումներ:



Այս տարի, Հայաստանի Ազգային պատկերասրահում, ամենատարբեր միջոցառումների կողքին, առաջին անգամ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը կներկայացնի «Հայկական տառեր» բեմադրության պրեմիերան, ինչպես նաեւ Ռոբերտ Սահակյանցի հայկական մուլտֆիլմերը:



Վարդգես Սուրենյանցի սրահում կներկայացվեն Արա Գեղեցիկի եւ Սալոմեի մենախոսությունները: Հովհ. Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա նկարահանված կինոնկարը կցուցադրվի մեկ այլ՝ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:



Մ. Սարյանի տուն- թանգարանում էլ ցուցադրություններից բացի նախատեսված է նաեւ վոկալ եւ կամերային երաժշտության համերգ, իսկ ջազ երաժշտության սիրահարները կարող են ջազ ունկնդրել Ժամանակակից արվեստի թանգարանում:



«Ծիծաղաշարժ պատկերներ կոմպոզիտորի կյանքից» խորագրով  ցուցահանդես է նախատեսված Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանում, որտեղ «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով» խաղ- վիկտորինայից բացի կցուցադրվի «Վերադարձ» ֆիլմը:



Փարաջանովի տուն-թանգարանում կցուցադրվեն Ուկրաինայից ստացված՝ Ս. Փարաջանովին վերաբերվող գաղտնազերծված նոր փաստաթղթերը: Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանում էլ, «Դեմիրճյանական նորօրյա քաջնազարները» գրական երեկոյից բացի, կներկայացվի «Պույպույ մուկիկը» տիկնիկայինը:



«Ջանգյուլումին» նվիրված Համբարձման տոնի վիճակահանությունից բացի, Հովհ. Թումանյանի թանգարանում կլինեն նաեւ ինտերակտիվ խաղեր, ինչպես նաեւ «Կիթառի հնչյունները» համերգը: Իսկ «Ռոտոնդա» թատերախումբը կներկայացնի «Ռուբենս» բեմադրությունը:



Որպես եզրափակիչ ակորդ, կեսգիշերից մեկ ժամ առաջ, Էրեբունի թանգարանում կկազմակերպվի տոնական ընթրիք՝ թանգարանների միջազգային օրվան նվիրված: