Երիտասարդ գրողների հերթական հավաքը

Երիտասարդ գրողների հերթական հավաքը
Մայիսի 11-13-ը Ծաղկաձորում ՀԳՄ-ն կազմակերպել է երիտասարդ գրողների հերթական հավաքը: Այս անգամ բացի հայ մի շարք երիտասարդ գրողներից, հավաքին մասնակցել են նաեւ Վրաստանից ժամանած երիտասարդ գրողներ:



Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ հավաքը հետաքրքիր է անցել` վրաց եւ հայ ազգի երիտասարդ գրողների շփումները օգտակար են եղել, կիսվել են մտահոգություններով, գրական նոր տենդենցներից են խոսել:



Արքմենիկ Նիկողոսյանը ամփոփելով մեր պետականության քսանամյակում տեղի ունեցած գրական գործընթացները` «Անկախությանը սերունդ» անվանումով զեկույց է ընթերցել, որտեղ վերլուծել է անկախության շրջանի գրական երկու սերունդների ծավալած գործունեությունը, սոցիալ-քաղաքական, ինչպես նաեւ հոգեբանական փոփոխությունների հետ կապված` նրանց տարբերություններն ու առանձնահատկությունները:



Նիկողոսյանն ասել է, որ վրացի գործընկերները լավ թիմով էին եկել, նրանց մոտ ամեն ինչ համակարգված էր: Երիտասարդների մեջ եղել են պոետներ, արձակագիրներ, թարգմանիչներ, ինչպես նաեւ հրատարակիչներ:



Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվել է ՀԳՄ հրատարակչության տպագրած «Ծաղկած բառեր» անվանումով երկլեզվյա բանաստեղծական ժողովածուն, որտեղ ներկայացված էին արդի վրացական պոեզիայի երիտասարդ լավագույն ստեղծագործողները` Էդուարդ Հարենցի, Ռուզան Ոսկանյանի, Տաթեւ Խուրշուդյանի թարգմանությամբ:



Լավ թարգմանության համար վրացի երիտասարդ գրողներն հատուկ շնորհակալություն են հայտնել Էդուարդ Հարենցին: Փոխադարձ պայմանավորվածությամբ, մյուս տարի Վրաստանում կտպագրվի պոեզիայի եւս մեկ համատեղ անթոլոգիա եւ այս անգամ հայ երիտասարդ բանաստեղծները կհյուընկալվեն իրենց գրչընկերներին:



Գրականագետ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ համագործակցության նպատակով համատեղված երիտասարդական հավաքներն ունեն առավել կարեւոր նշանակություն. նախ բարեկամության ու ընկերական  հարաբերությունների հաստատման համար եւ երկրորդ՝ նոր կապերի, գրականության զարգացման նոր առաջընթացների զարգացման համար:



Սրահներից դուրս քննարկումներն ու խոսակցությունները միեւնույն տարածաշրջանային հոգսերով, գրականության զարգացման նոր ուղիների փնտրտուքով մտահոգությունները դարձել էին երիտասարդների հիմնական խոսակցությունների նյութը:



Մի շարք փոխպայմանավորվածություններ են ձեռք բերվել երիտասարդ ստեղծագործողների միջեւ հենց անմիջական շփումների ու խոսակցությունների ընթացքում՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանային՝ Անդրկովկասյան երկրների երիտասարդ գրողների անթոլոգիա ստեղծելու հեռահար մտադրությամբ: