20 տարի անց

20 տարի անց
«Իրական հերոսներն իրենց կյանքի պատմությունները պատմում են առաջին գծում, որտեղից իրենց նոր կյանքն են սկսել՝  պատերազմից հետո: Այսօր նրանք մեծ աշխատանք են տանում՝  իրենց ապրածն ու այդ տարիների փորձը սերունդներին հասցնելու, նրանց այդ ոգով դաստիարակելու համար»,- այսպես է ներկայացնում իր ֆիլմը ռեժիսոր Վրույր Թադեւոսյանը:



Ռեժիսորի «Պատերազմից հետո» ֆիլմի պրեմիերան շուտով տեղի կունենա: Ֆիլմը նկարահանվել է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հաղթազենները» գրքի հիման վրա: Նկարահանումները տեւել են մոտ մեկ տարի: Պատերազմի հերոսները պատերազմից 20 տարի անց ներկայացնում են իրենց պատմությունները: Տասը հերոսներից վեցը մահացել են: «Այս գիրքը բազմաթիվ քննարկումների է ենթարկվել, հանրապետության բազմաթիվ դպրոցներում բեմականացվել ու ներկայացվել է: Ցանկություն կա գիրքը որպես դասագիրք օգտագործել, քանի որ այնտեղ գեղարվեստականորեն ներկայացված են իրական փաստերը»,- պատմում է ռեժիսորը:



Նա ֆիլմի հերոսներին ճանաչում է մոտ 2 տարի, նրանց հետ եղել է բազմաթիվ միջոցառումների, առանձին հաղորդումների ժամանակ նրանք իրեն են հյուրընկալվել տաղավարում: «Նրանց մասին ֆիլմ նկարելու գաղափարը շատ վաղուց կար, բայց իմ ցանկությունն էր գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որն ավելի ազդեցիկ կլիներ լսարանի համար»:



Սակայն քանի որ այսօր ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ պատերազմի մասին, այն էլ՝ այդքան դերասաններով, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կարող էր կանգնեցնել, Վրույրը, ինչպես ինքն է ասում, կամաց-կամաց սկսել է հրաժարվել այդ մտքից: Մի օր, սակայն, Սպարտակ Մաթեւոսյանը՝ Արցախյան ազատամարտի ամենատարեց մահապարտը (նա կռիվ է մեկնել 53 տարեկանում), ռեժիսորի հետ մասնավոր զրույցի ժամանակ, իմանալով ֆիլմ նկարահանելու նրա մտադրության մասին, ասել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի ֆիլմի ստեղծմանը. «Եվ քանի դեռ իրենք ողջ են, գոնե իրենց ասելիքն ու ձայնը կմնա սերունդներին: Այդպես՝ բացառապես ընկերական կապերիս շնորհիվ, նախաձեռնեցի ֆիլմի նկարահանումները»:



«Ես հիշում եմ պատերազմի տարիները, երբ նկուղներում էինք, խոնավ անկողնում էինք քնում, ես տեսել եմ այն, ինչը հիմա ուզում եմ ցույց տալ: Շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում լինել գետնափոր նկուղում, արկերի որոտ լսել, առաստաղից թափվող հողը բերանից մաքրել ու հավատալ, որ պաշտպանված ես: Այդ օրերին ամեն անգամ սպասում էինք, թե երբ են «կրակոցները» դադարելու, որ դուրս գանք ապաստարանից ու տեսնենք, թե այս անգամ ում տունն է քանդվել գրադից»,- հիշում է ռեժիսորը:



Շատ-շատերն այդ ժամանակ եւ հիմա էլ չեն պատկերացնում, որ ֆիլմի հերոսների նման սովորական մարդկանց սխրանքներին են պարտական իրենց հավատի ու այսօրվա խաղաղության համար:



Սա Վ. Թադեւոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, բայց կարճամետրաժ ֆիլմեր շատ ունի՝ կրկին պատերազմի ու ազատամարտիկների մասին:



«Այս ֆիլմի նպատակը հենց այդ տարիների արհավիրքի մասին եւս մեկ անգամ խոսելն է, մեկ առ մեկ անուններ մատնանշելը, որպեսզի երիտասարդները ճանաչեն այն մարդկանց, ում պարտական են իրենց կյանքով: Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուրը, ինչ-որ բան երազելուց առաջ, երբեմն մտածեր, թե ում է պարտական երազելու հնարավորության համար: Այդ տարիներին մեր ժողովուրդն անձնազոհ է եղել: Անգամ երբ վստահ են եղել մեր հաղթանակին, միեւնույն է, կռվի են գնացել՝ պատրաստ նահատակվելու: Դա չափազանց ծանր հոգեբանություն է, որը տեսել, ապրել ու զգացել են շատերը»:



Մեծ թվով նկարահանումներ են իրականացվել, ինչպես ռեժիսորն է ասում՝ «շատերի նման չենք ալարել, գնացել-հասել ենք այնտեղ, որտեղ մեր հերոսների հետ կապված անգամ մի չնչին դետալ կար, որը կամբողջացներ նրանց կերպարը, նրանց հոգեբանությունը կբացահայտեր»: Նկարահանումներն արվել են Հայաստանում եւ Արցախում: Ֆիլմում օգտագործվել են նաեւ բացառիկ արխիվային կադրեր, որոնք ոչ մի տեղ չեն օգտագործվել:



«Ամենաբարդը, որքան էլ զարմանալի է, դերասաններով բեմականացված հատվածների նկարահանումներն էին. դրանք նախ դրսի տեսարաններ էին, ու եղանակը թույլ չէր տալիս աշխատել, եւ այդպես՝ մոտ 9 ժամ անձրեւի տակ աշխատեցինք»,- պատմում է Վրույրը:



Բեմադրված հատվածները նկարահանվել են Ծաղկաձորում, որտեղ ավերակ շինությունների մոտ Բաքվի տեսարաններ են նկարել: Ոշագրավն այն է, որ իրական հերոսների կողքին կան նաեւ նրանց կերպարները՝ դերասաններ, որ մարմնավորում են հերոսներին որոշակի իրավիճակներում:



«Արցախյան ազատամարտի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի կերպարը մարմնավորել է հենց նրա դուստրը՝ Մարիամը: Դերասանների մի մասը փորձառու է, մյուսներին ընտրել եմ՝ իրական հերոսներին նմանեցնելով: Երբ արդեն ավարտել էինք նկարահանումները, մեզ անակնկալ մատուցեց նաեւ հեղինակային երգերի կատարող Արմինե Հայրապետյանը՝ իր «Ժամանակ» երգը նվիրելով ֆիլմին: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ երգի ողջ փիլիսոփայությունը համընկավ ֆիլմի գաղափարի հետ»:



Երգի վրա նաեւ տեսահոլովակ է նկարահանվել, որը շուտով եթեր կհեռարձակվի:



Նատաշա Հարությունյան