Արշակունիներն ապահով են

Արշակունիներն ապահով են
Շուրջ 1700 տարի առաջ` Արշակ 2-րդ թագավորի գահակալության վերջում (364թ.), պարսից Շապուհ արքայի հրոսակները գրավեցին Անի ամրոցն ու քանդեցին Արշակունիների գերեզմանները` ոսկորները Պարսկաստան տանելու նպատակով: Պատմիչ Փավստոս Բյուզանդի վկայությամբ` պարսիկներն ասում էին. «Նրա համար ենք մենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունն այստեղից, թագավորների հետ, մեր աշխարհը փոխադրվեն»:



Բարեբախտաբար, հայոց այրուձին սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախեց պարսիկներին: «Իսկ արքայական ոսկորները,- դարձյալ ըստ Բյուզանդի,- տարան-թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Այրարատ գավառում, որը գտնվում է Արագած լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում»:



Եվ ահա շուրջ 1700 տարի Արշակունիների դամբարանն անշուք, անբարեկարգ է եղել, իսկ խորհրդային տարիներին՝ արհամարհված, կոլտնտեսության պահեստներ դարձած: Ավելին, որոշ շինությունների հիմքեր փորվել են հենց դամբարանի տարածքի վրա: Եվ ակամա հարց է առաջանում. ավելի ապահով ու խնամված չէի՞ն լինի Արշակունիների մասնիկները Պարսկաստանում, եթե պարսիկներին հաջողվեր դրանք իրենց երկիրը տեղափոխել: Դամբարանն այսօր բարեկարգված է, տեսքի բերված: Այդ աշխատանքները ստանձնել եւ ավարտին է հասցրել աղձքեցի (ձորափցի) ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:



«Կուզենայի,- գրում է գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը,- որ թագավորական դամբարանի մոտ գոնե մի համեստ հուշատախտակ լիներ` վրան արձանագրված Փավստոսի մի քանի նախադասություններ, եւ այդ ոչ թե Արշակունյաց արքաների, այլ մեզ համար»: Այսօր կա այդ արձանագրությունը: Ցանկապատված, ասֆալտապատված է դամբարանի տարածքը, ասֆալտապատ է նաեւ գյուղ մտնող ճանապարհը: Բարեգործը ժլատություն չի արել եւ Արշակունյաց փառքին համահունչ ճարտարապետական ոճով վերակառուցել է դամբարանի դիմացի տների պարիսպները: Իսկ դամբարանը զարդարում է Արշակունյաց գահակալներին խորհրդանշող նորակերտ ճարտարապետական հսկա հուշակոթողը:



Նորայր Գրիգորյան, Արագածոտն