Երեք մոռացված անուն

Երեք մոռացված անուն
«Ժամանակն է, ասի, ոչ ոք թող չխոսի,



ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չհոսի



եւ ինձանից ոչ ոք չբամբասի, ժամանակն է, ասի, դողէրոցքի…



Ախր շա՛տ ձանձրացա ես ինձանից



եւ ձեզանից, անշուշտ, շատ ձանձրացա.



ես իմ միջով հազար մազե կամուրջ անցա,



իմ մեջ ես գործեցի հազար ու մի հանցանք`



իբրեւ անլույս անձավ եւ անկատար բաղձանք,



եւ էլ տեղ չմնաց ապաշխարման»:



«…ոչ ոք թող չխոսի, ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չխոսի...»: Տաղանդավոր բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի այս տողերը լոկ մռայլ իրողության փաստեր են գուժում: Ժամանակը շատ ու քիչ չի լինում: Լինում է ժամանակ, երբ մեր կողքին ապրում է տաղանդավոր մի գրող, ով որսում է ժամանակի զարկերակը, եւ լինում է ժամանակ, որ գրողի ֆիզիկական գոյը դադարում է, որովհետեւ աշխարհը դեռ ղեկավարում է մահ անունով գեղեցիկ արքայազնը: Մահը գրողի ստեղծագործության հաջորդ փուլն է: Ինքնահոս ժամանակի մեջ դժվար է գուշակությամբ զբաղվել, այն էլ՝ գրականության պարագայում: Կարծիք կա, իբր թե (չեմ ասում՝ մեծ), իսկական գրողներին ժամանակը վերակենդանացնելու սովորություն ունի: Բայց վերակենդանացնում է վերակենդանացնողների համար, որոնք հանկարծ տեսնում են մոռացված ստեղծագործության հեղինակի գեղեցիկ-աստծո հետ համագործակցության հիմնավոր փաստը:



Բեթհովենը, երբ եկեղեցում առաջին անգամ նվագում է Բախ անունով մոռացված մի հանճարի ստեղծագործություն, իհարկե համոզված է, որ ակնթարթում գործ ունի երաժշտության պատմության մեջ նոր, հսկա քայլ արած` կարծր ու ապահով ուս ունեցող մի հրեշի հետ, որին հենվելով է միայն տեսանելի դառնում էսթետիկական ու փիլիսոփայական նոր հորիզոնը: Առանց Բեթհովենի Բախը լոկ երաժիշտ է, իսկ Բեթհովենի առկայությամբ` Աստված: Բայց արդյոք կգա՞ն անուններ, ովքեր ի զորու կլինեն բացահայտելու կամ փոշիներից մաքրելու «արվեստ» բառին արժանի իսկական ստեղծագործություններ, որոնք, փաստորեն, կատարողներ են ունեցել…



Բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանը, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը, էսսեիստ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը: Մի քանի տարի է, ինչ նրանք մեզ հետ չեն. գրականության նվիրյալներ, ովքեր մոռացվել էին դեռ իրենց կյանքի օրոք, չնայած մեծ իմաստով թքած ունեին նմանատիպ «գործառույթների» վրա (կամ այս ամենը թվացյալ է, ով իմանա ինչպիսի հոգեկան ապրումների ու տառապանքների միջով էր անցնում նրանց բարդ առօրյան): Մոռացությունը շարունակաբար շարունակվում է ու շարունակվելու է. մոռացությունը ամենաչնչին հնարավորության դեպքում առիթը բաց չի թողնում՝ սողոսկելու գրականության անկողին:



Մեծն Ստենդալն ասում էր, որ իր մահից հետո, իհարկե, իր գրականությունը միանգամից կմոռացվի, բայց ի վերջո համոզված էր, որ նրա վերադարձը փառահեղ է լինելու ու վերջնական: Ստենդալն իր գրականության ճակատագիրը ճիշտ էր գուշակել. այն վերադարձավ` արժեւորվելով Նիցշեի կողմից, որից հետո ընթերցանության ու հետաքրքրության հսկա ալիք բարձրացավ. թերեւս եթե չլինեին ընթերցողները, ովքեր հավատացին գերմանացու ճաշակին, չէր լինի բանականության հակազդեցությունը՝  գազաններն ու թռչունները դեռեւս չեն տիրապետում ընթերցանության արվեստին…



«ԺԱՄԱՆԱԿԸ` միակ որոշողն ու դատավորը, ամեն ինչ տեղը կդնի` ԳՐՈՂԸ կգրի, ԸՆԹԵՐՑՈՂԸ կընթերցի: Ի՞նչ վերաբերում է «Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ» կետին, այսքանը կասեմ` այն ինձ պատկերանում է խոստովանահայր-ճշմարիտ հավատացյալ փոխկապակցությամբ: Միտքս պարզելու համար ահռելի ժամանակ ու ջանքեր են պետք, ուստի այսքանով կբավարարվեմ` հավատացած լինելով, որ ով ականջ ունի` կլսի»:



Իր վերջին հարցազրույցներից մեկում ասում է Ռաֆայել Նահապետյանը... ««Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ» կետին այսքանը կասեմ` այն ինձ պատկերանում է խոստովանահայր-ճշմարիտ հավատացյալ փոխկապակցությամբ: Միտքս պարզելու համար ահռելի ժամանակ ու ջանքեր են պետք...»: Այս պարբերությունը հիմնավորապես ուղղված է ապագա-ներկային: Նահապետյանը ժամանակի  անտարբերությունը կրողն ու մինչեւ վերջ (այսինքն՝ մինչեւ մահ) այն ապրող հրաշալի մի արձակագիր է, ում մասին խոսում է լռությունը:



Մեր թատրոնի Խաղացանկում վաղուցվանից հանվել է «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացումը: Փոխարենը սկսվել է մի նոր՝ «գնա մեռի ու էլ չգաս, որովհետեւ չեմ սիրելու»  անհետաքրքիր սյուժեով ներկայացում: Իսկ ինչ անել. գրողին ճանաչելու համար պետք է ընթերցել նրա գրքերը, գրողին բացահայտելու համար պետք է ընթերցել նրա գրքերը, իսկ գրողին հասկանալու համար ընթերցելը քիչ է. պետք է զգալ նրան` բնակվել արարված բնագրի ոգու մեջ: Արմեն Մարտիրոսյանին, Ռաֆայել Նահապետյանին, Վարուժան Նալբանդյանին ճանաչում են մարդիկ, ովքեր ընթերցել են նրանց ստեղծագործություները, իսկ այդ մարդկանց թիվը մի ձեռքի մատների վրա կարելի է հանգիստ հաշվել:



Դուրս եկեք փողոց ու հարցրեք նրանց, տեսեք ճանաչո՞ւմ են արդյոք այս անունները` տասից մեկը հազիվ թե լսած լինի, եւ հետո` տվեք ազգի վիժվածքների ու տականքների անուններն ու միանգամից կտեսնեք կայծկլտացող աչքեր ու կլսեք հնչեղ անուններ, որոնք կայուն դրոշմված են մի երկու գալար ունեցող գիտակցությունների շրջանակում: Հնարավոր է մի քանի քնկոտ ծերունիների համար փտած Գրողների միության դահլիճում հոբելյանական երեկոներ կազմակերպվեն ու վերատպվեն նրանց գրքերը, որոնք այդպես էլ կմնան դարակների մեջ ու դեն կնետվեն տարիներ հետո: Ո՞ւմ են պետք այդ գրքերը, երբ նրանց էջերը երբեք չեն թերթվելու...



«Այնուամենայնիվ, սերնդեսերունդ չափանիշներն այլակերպվելու հարատեւ նկրտումներ ունեն` բարեփոխումների թե սրբագրումների կցվածությամբ: Այս ամենը դյուրամարս պիտի Չլիներ, եթե ձանձրալի Չդառնար իր կրկնվող միօրինակությամբ: Այծամորուս սկսնակներն արածում են Պանթեոնում աճած խոտերը: Կա մի տապանագիր` «Պիտի պատասխանս տաս, հասկանա՞ս կոր»: Երբ արդեն մեռած ես, չես վախենում մահից: Օգտվիր այդ առավելությունից, բայց ապուրն ապրեցնում է: Ծառայում ես, որովհետեւ քո պարտականությունն է. լավ է: Ծառայում ես, սակայն քո պարտականությունը Չէ. գերազանց է, բայց ուրիշների համար անհասկանալի, ուստի եւ քեզ համար վտանգավոր: Քո հոգսն ավելորդ էր, եթե պիտի հուսահատվեիր: Քո հուսահատությունն ավելորդ է, քանի որ անօգուտ է»…



Ահա ամենալավ բնորոշումն իմ այս տեքստի անօգուտության, որ տվել է Վարուժան Նալբանդյանն իր «Կա չկա` երեք խաղաթուղթ» էսսեում, որովհետեւ գրելիս թաքուն միտում ունեմ օգտակարության, իսկ դա արդեն թուլության նշան է, որովհետեւ «ուրիշների» համար անհասկանալի օգտակարության գնալը` մեռելին օրվա առօրյադ սրտաճմլիկ զեղումներով պատմելու պես մի բան  է...



Ժամանակը պարզում է իր դեմքը միայն այն ակնթարթում, երբ օրերից մի օր հանկարծ ներշնչված մտածում ես նրա մասին ու սաստիկ վախենում անցյալից ու ապագայից, եւ միայն ներկան է, որ բարեհոգի ժպտում է քեզ՝ ձեռքը դնելով ուսիդ, ու մինչեւ վերջ մնում կողքդ: Ներկան է գրականության միակ ապագան, որովհետեւ միայն ներկայում ես հանկարծ բացահայտում ստեղծագործության հրաշք-առեղծվածը, ու միայն ներկան է ի զորու բացահայտելու մոռացված գրողներին, ովքեր արդեն վերջնականապես փակել են իրենց հաշիվները պատմության հետ...