Ես հիմա չեմ ապրում

Ես հիմա չեմ ապրում
Մովսես Թադեւոսյանին ներկայացնելու կարիք չկա, առաջին հայացքից կողմնորոշվում ես՝ արվեստագետ է, նկարիչ, եւ չես սխալվում: Քթատակին ու ծնոտին ծիլ-ծիլ մազեր, որ բերանը երիզող կարճլիկ մորուք է, եւ պոչ կապած մազափունջ, որ Թուրքիայից է սովորություն մնացել: «Տեսա, թե ինչ ճարպկությամբ է թուրք վարսավիրը կտրում ու քայլում թափված մազերի վրայով, ասեցի՝ սրանք ժամանակին մեր արյան վրայով են քայլել, հիմա էլ թույլ տամ մազերիս վրայո՞վ քայլեն: Չէ, չեմ կտրի: Ու այդպես երկարեց, պոչ կապեցի, եւ դարձավ սովորություն»,- ասում է Մովսեսը:



Իսկ Թուրքիայում մնացել է յոթ տարի. «2001թ. վերցնելով իմ նկարչական պայուսակը, էտյուդնիկ ասվածը, գլուխս կախեցի ու գնացի ամենամոտ երկիրը՝ թշնամու տարածք: Հոգնել էի այստեղից: Ինչո՞ւ Թուրքիա, որովհետեւ մեր պատմական հայրենիքն է, բացի այդ, ուզում էի ճանաչել թուրքերին, ծանոթանալ նրանց նիստուկացին, ապրելակերպին: Գնացի՝ ոչ լեզու գիտեի, ոչ ծանոթ ունեի, ոչ էլ բարեկամ»:



Երկու-երեք տարի ճակատագրով օտարականին բաժին ընկած փորձությունն է կիսել. ուլունք է կարել հագուստի վրա, մեքենա է լվացել, վարձով ու մի կերպ դեսուդեն մնալով: Աստիճանաբար, վեց ամսվա ընթացքում սովորել է փողոցի լեզուն: Իսկ գնացել էր նկարելու, այնտեղ դրսեւորվելու նպատակով եւ հանդիպելու արվեստի գործեր գնահատող մի թուրքի, ով օգնելու էր իրեն: Հանդիպել, զրուցել էին, թուրքն ասել էր՝ մեկ ամսով գնում եմ Բուլղարիա, խոստացել էր վերադառնալ եւ մինչ օրս դեռ վերադառնում է.



«Արդեն գնացել էի, հո չէի՞ կարող աննպատակ ետ գալ: Այվազովսկու նկարներից մի քանի պատճեն արեցի, ծանոթացա սալոն ունեցող մի քրդի հետ, ով նկարներ ու շրջանակներ էր վաճառում, աշխատանքներս իրեն տվեցի: Որոշ ժամանակ հետո հերթով վաճառվեցին: Այցելուները սկսեցին ինձնով հետաքրքրվել, մի օր էլ սալոնից զանգահարեցին, թե արի մեզ մոտ աշխատելու»:



Մեկ տարի աշխատում է որպես շրջանակներ պատրաստող, հետո սալոնի տիրոջից տարածք է վարձակալում, աշակերտներ է հավաքում, երկու-երեք ամսում 5 հոգին դառնում են 25: Սովորեցնում է գեղանկարչության մեջ հատկապես հայկական մոտիվը, մատուցում հայկական մտածելակերպը. «Մի օր էլ սալոնի տերը հարցրեց, թե չե՞ս ուզում ցուցահանդես բացել, ասացի՝ դրա համար շատ բան է պետք՝ ներկեր, կտավ, շրջանակ, որոնք ես չունեմ:



Ասաց՝ էդ բոլորը ես կտամ: Ցուցահանդեսը բացեցինք՝ բավականին լուրջ պատրաստվելով ու ներկայանալով: Հովանավոր էլ գտանք, էլի քրդեր էին: Երեք-չորս աշխատանք վաճառեցի՝ 7 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Սալոնի տիրոջը 3 հազար դոլար առաջարկեցի՝ որպես փոխհատուցում, հրաժարվեց, ասելով՝ դու ինձ վիրավորում ես: Հետո եւս երկու անհատական ցուցահանդես ունեցա, բացի այդ, հինգ անգամ էլ խմբակային ցուցահանդեսների մասնակցեցի»:



Հրանտ Դինքի սպանությունից հետո մասնակցում է ցույցերին, ոստիկանությունն էլ, քաղաքացիություն չունենալու առիթն օգտագործելով, հենց «Ակոսի» խմբագրատան դիմաց ձերբակալում է ու արտաքսում երկրից. «Եկա, անունս փոխեցի Հայկի ու նորից գնացի»: Նորից ցուցահանդես է բացում Ստամբուլում եւ հարցազրույցի ժամանակ ասում է, որ մյուս տարի՝ Ցեղասպանության 95-ամյակի առիթով 20 աշխատանքով զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացելու. «Դրանից հետո գցեցին մեքենայի տակ, ոտքերս կոտրեցին, հայկական հիվանդանոցում ինչ-որ չափով ապաքինվելուց հետո ստիպված էի վերադառնալ Հայաստան»:



Եվ արդեն երեք տարի է՝ Մովսեսը վերստին հայրենիքում է, բնակվում է Հրազդան քաղաքում: Այդ ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայ համաշխարհային նկարիչների միության անդամ եւ մասնակցել մի քանի խմբակային ցուցահանդեսների Երեւանում:



«Այսօր բավականին առաջադեմ արվեստ ունեն թուրքերը: Այնտեղ արվեստի մարդը շատ մեծ տեղ ունի, եւ եթե նկարիչ ես, առաջին հերթին գիտեն, որ դու միլիոնատեր ես: Երկրորդ՝ գիտեն, որ իրենց համար աստված ես, քո առաջ փակ դուռ գոյություն չունի: Առհասարակ արվեստագետին, լինի նկարիչ, երաժիշտ թե գրող, մի այլ կերպ են հարգում ու պատվում: Այնտեղ վատ ապրող արվեստի մարդ գոյություն չունի»,- շարունակում է Մովսեսը: Իսկ այստեղ երեք տարում հասցրել է նորից հոգնել եւ կարծում է, որ Երեւանի ու մարզի միջեւ տարբերություն գրեթե չկա ստեղծագործողի համար, պարզապես աշխարհագրական չափերն են տարբեր. եռուզեռը մի քիչ ավելի է մայրաքաղաքում, ուշ ես հոգնում:



Գավառում, շարժի լիակատար բացակայության պայմաններում, ձանձրույթը, սեփական անպետքությունն ընդգծվում է ու թռիչքային է աճում: Երբ որեւէ մեկն էլ մեռած մարդու համար հանկարծ դիմանկար է պատվիրում ապառիկով, ի վերջո չի վճարում, նկարը մնում է նկարչին: Այնուամենայնիվ գավառը մնում է գավառ. «Աշխատանք չկա, անելիք էլ չկա, ես հիմա, կարելի է ասել՝ չեմ ապրում: Դեռ Ստամբուլից բերած ներկերն ու կտավն եմ օգտագործում:



Թուրքիայում 6 ամսում 18 կտավ նկարեցի ու ցուցահանդես բացեցի, իսկ այստեղ 3 տարում մի կիսատ նկար եմ ավարտել ու մի երկու մանր-մունր գործեր. հոգեվիճակ չկա: Կրկին ուզում եմ գնալ՝ Թուրքիայից անցնել Եվրոպա: Այսօր իրականություն գոյություն չունի, պարզապես մարդիկ շոկի մեջ են եւ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում: Ստեղծված բոլոր պայմանները ստիպում են քեզ դուրս գալ Հայաստանից: Երիտասարդ արվեստագետները, ովքեր իսկապես արժեք են ստեղծում, ստիպված են լքել երկիրը»:



Ֆելիքս Եղիազարյան