Հայկական կինոարտադրությունն իր ողջ ասպեկտով

Հայկական կինոարտադրությունն իր ողջ ասպեկտով
Մաս 1-ին



Շատերն են «հայկական կինո» ասելիս հիշում «Եռանկյունին» կամ «Մենք ենք, մեր սարերը» եւ իրենց գնահատականներում փորձում որպես հաշվանքի սկիզբ՝ վերցնել հենց դրանք: Ինչ վերաբերում է այսօրվա ֆիլմերին, ապա չպետք է մոռանանք, որ ամեն ժամանակ իր արժեհամակարգն ունի, եւ արտադրանքն էլ ենթարկվում է դրա հրամայականներին: Հետխորհրդային տարիներին, մի որոշ ժամանակահատված, մեր կինոն մի իսկական «ստագնացիա» ապրեց:



Երբ 2006-ին մեր կինոարտադրության դարբնոց «Հայֆիլմը» վաճառվեց թե հանձնվեց ամերիկահայ բարերար Գաֆեսճյանին, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Ազգային կինոկենտրոն, որը, փաստորեն, դարձավ «Հայֆիլմի» իրավահաջորդը, եւ այս հինգ տարիների ընթացքում նա է մեր կինոարտադրության ապահովողն ու պատասխանատուն:



Ի՞նչ է տիրում այսօր այս ոլորտում:  Մենք որոշել ենք ներկայացնել ներկայիս հայկական կինոյի շուրջ տարբեր մարդկանց տեսակետները, որոնք խիստ հակասական ու անգամ իրարամերժ են, սակայն հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մեր կինոարտադրության իրական «խոհանոցի» մասին:



Մեր առաջին զրուցակիցը Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն է. «Ազգային կինոկենտրոնը ստեղծվել է 2006-ին, փաստացի դառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը: Նրա առաքելությունն ազգային կինոմշակույթի քաղաքականության մշակումն է: Բացի կինոարտադրությանն աջակցելուց, մենք կազմակերպում ու իրականացնում ենք տարբեր միջոցառումներ՝ կապված կինոպրոպագանդման հետ:



Մեր կինոկենտրոնը տարեկան 293 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում մանկական, դեբյուտային, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի արտադրությանը: Ներկա պահին ընթացքի մեջ է 3-5 րոպեանոց 12 մանկական սյուժե, 4 ուսանողական դեբյուտ, 4 դեբյուտ, 2 կարճամետրաժ եւ 4 լիամետրաժ ֆիլմերի արտադրություն: Ֆիլմերը փաթեթի տեսքով կարող են կինոկենտրոնին ներկայացվել իրենց տարբեր վիճակներում` պատրաստի սցենարից մինչեւ նկարահանման մեջ գտնված վիճակ: Ընդ որում, Կինոկենտրոնին կարող է դիմել ինչպես սցենարիստը, այնպես էլ բեմադրիչն ու պրոդյուսերը:



Փաթեթը ներկայացվում է փորձագիտական խմբին, որի անդամներն են Դավիթ Մուրադյանը, Կարինե Խոդիկյանը, Յուրի Հարությունյանը, Հովիկ Հախվերդյանը, Ռազմիկ Դավոյանը: Սելեկցիան կատարվում է փուլային. եթե նախնական փուլում պիտանի չէ՝ մերժվում է, հակառակ դեպքում այն անցնում է հաջորդ փուլ: Օրինակ, անցած տարի ներկայացված 12 փաթեթներից 2-ին են տվել ֆինանսական աջակցություն: Որպես օրենք՝ մեր կողմից 30-70 տոկոսով է ֆինանսավորվում, երբեմն կարող է ֆինանսավորվել հովանավորների կողմից, օրինակ, «Միկա Լիմիթիդ»-ը նման բան արել է (խոսքը գնում է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի մասին, որի գլխավոր հովանավորն այդ ընկերությունն է՝ Լ. Գ.):



Երբեմն մեզ դիմում են այնպիսի կինոարտադրողներ, ովքեր Արեւմուտքի հետ համատեղ ֆիլմ են ստեղծում, եւ մենք պետք է այդ ֆիլմին հավանություն տանք, համապատասխանաբար` մեր չափով համաֆինանսավորենք: Այնինչ ներկայացված սցենարն իր ուղղվածությամբ եւ բովանդակությամբ ամենեւին չի արտահայտում մեր ազգային խնդիրները, չի համապատասխանում մեր ազգային մենթալիտետին:



Բնականաբար, մենք մերժում ենք նման առաջարկները, ինչն էլ կարող է մեզ կողմնակալության եւ սուբյեկտիվիզմի մեջ մեղադրելու, դժգոհության առիթ տալ: Դե ինքներդ ասեք՝ ինչպե՞ս կարելի է հավանություն տալ այնպիսի հայկական ֆիլմի ստեղծմանը, որտեղ հայ երեխան ներկայացվում է իր սադիստական դրսեւորումներով: Ես երբեմն այն կարծիքին եմ գալիս, թե Արեւմուտքը, որոշ արեւմտյան դոնոր դրամաշնորհներ հատուկ քաղաքականություն են վարում, որի նպատակը մեր պես ազգերին դիմազուրկ անելն է, կազմալուծելն ու ապաբարոյականացնելը:



Մեր Կինոկենտրոնի ջանքերով նաեւ հայկական կինոն ներկայացվում է արտերկրում, մասնավորապես միջազգային կինոֆորումներում: Արդեն երրորդ տարին է՝ մասնակցում ենք Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային, ունենք առանձին տաղավար: Սա մեզ հնարավորություններ է տվել ամենատարբեր շփումների արդյունքում ձեռք բերել համագործակցության եզրեր, ճանաչելի դառնալ կինոարտադրության մեջ ներգրավված տարբեր կազմակերպությունների համար: Բացի ֆիլմերից, ներկայացնում ենք նաեւ փաթեթներ:



2010-ին Կաննի կինոշուկայում ներկայացրել էինք կարճամետրաժ ու լիամետրաժ 14 ֆիլմ: Մեր ֆիլմերը մասնակցել են նաեւ Հյուսթոնի, Ռոտերդամի, Կառլովի Վարիի կինոփառատոններին, մասնավորապես Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»-ը 2009-ին ներկայացվեց Մոսկվայի կինոփառատոնի «Նոր հեռանկարներ» մրցութային ծրագրին:



Լեւոն Գեւորգյան