Որ ասում են՝ սերիալ ես նկարում, ուզում ես ասես՝ դուռակը դու ես

Որ ասում են՝ սերիալ ես նկարում, ուզում ես ասես՝ դուռակը դու ես
Սերիալների մասին խոսելիս կինոբեմադրիչ Ռուբեն Քոչարը նախ կեսկատակ նշում է այդ բառի թողած ազդեցության մասին. «Որ ասում են «սերիալ», ինձ թվում ա, ոնց որ ասեն՝ ապուշ գյադա: Անեկդոտ կա, չէ՞, որ ասում են՝ սերիալ ես նկարում, ուզում ես ասես՝ դուռակը դու ես»: Հետո, արդեն խոսելով մի քանի տարի առաջ իր նկարած «Շղթա», «Բանալի» հեռուստանովելների մասին, հավելում է. «Ես ճակատս բաց ասում եմ, որ իմ արած այդ երկու ֆիլմերը ոչ մի կապ չունեն այն սերիալների հետ, որ անում են,-ասում է Քոչարն ու ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու մտավ այդ դաշտ, հավելում:- Ես էլի չեմ մտել, մտնելս էլ ուրիշ նպատակ ուներ՝ ես ուզեցի փորձել անել իսկապես սերիալ. սերիալը վատ բան չի, ուղղակի մեր ժողովուրդը մի բան որ հնարում է, դա դարձնում է էտալոն: Բայց սերիալը դա չի, մեր սերիալները կապ չունեն բրազիլական կամ ամերիկյան սերիալների հետ: Հիմա, որ ասում են սերիալ, ես վիրավորվում եմ: Ո՞նց կարող է ես նման բան անեմ կյանքում, ամեն դեպքում ես փորձեցի ուրիշ բան անել, բայց պարզվեց՝ նման ֆիլմ անելը բավական ծախսատար է: Իսկ երբ տեսնում եմ նկարվող սերիալների խոհանոցը, ասում եմ՝ իհարկե կարելի է նման բան նկարել»:



Կինոբեմադրիչի կարծիքով, վատն այն է, որ ոչ ոք չի մտածում շուկայի համար ապրանք ստեղծելու մասին, ու ստեղծվում է ապրանք ոչ թե ներքին, այլ նույնիսկ թաղային սպառման համար. «Ես զարմանում եմ ուղղակի այն մարդկանց վրա, որ նստում-նայում են. ի՞նչն են նայում դրանց: Ասում են՝ ժողովուրդը սա է ուզում. դրանից դաժան եւ ավելի անմարդկային միտք չեմ տեսել: Ինչ տալիս ես՝ ժողովուրդը դա էլ վերցնում է»:



Ըստ Քոչարի, ճիշտն այն է, որ ոչ թե հեռուստաընկերությունները նկարեն ու ստիպված ցույց տան այն, ինչ ունեն, այլ ընտրությունը կատարեն դրսից արված առաջարկությունների ու տարբեր ընկերությունների նկարահանած արտադրանքների միջեւ, ինչը մեծապես կնպաստի մրցակցությանը եւ սերիալների որակի բարձրացմանը: