Ինտրիգներ ու պաշտոնակռիվ

Ինտրիգներ ու պաշտոնակռիվ
Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ հետընտրական զարգացումներն էին: Թերեւս ոչ մի ընտրությունից հետո այսքան տարաձայնություններ, այսքան անորոշություն ու այսքան հետընտրական փոփոխություններ չեն եղել, ինչպես այս անգամ: Նախ, ամենամեծ անորոշությունը կապված էր համամասնական ընտրացուցակների վերաձեւման հետ: Ըստ էության, մենք՝ ընտրողներս, մեր ձայնը տվեցինք մարդկանց մի խմբի, սակայն խորհրդարան են գնալու բոլորովին ուրիշները: Ինքնաբացարկներ կոչվող երեւույթն անշուշտ մեզանում նոր չէ՝ դեռ անցած ընտրություններից էր հայտնի, բայց այսքան շատ ու այսքան չպատճառաբանված դրանք երբեւէ չեն եղել: Կուսառաջնորդները, փաստորեն, հանրությանը ներկայացրած ցուցակներում ընտրություններից հետո կամայական փոփոխություններ արեցին, եւ դրա արդյունքում էլ կձեւավորվի նոր խորհրդարանը: Բայց չէ՞ որ ընտրողն առաջնորդվել է նախկին ցուցակի՝ գոնե առաջին 50 տեղերում գրված անուններից ելնելով: Եվ ընտրողի համար լրիվ մեկ է, թե ով ինչքան ձայն է բերել իր կուսակցությանը, ինչպես է կատարել «վոժդի» հանձնարարությունները, ինչպես է ծառայել նրան: Չար լեզուներն ասում են, որ մեր «առաջատար» կուսակցությունների ներսում այնպիսի «հակահիգիենիկ» միջավայր է ձեւավորվել, այնպիսի ինտրիգներ են լարվում, այնքան են «նստում» առաջնորդների ականջին, որ ոչ ոք չգիտի մի քանի ժամ անց իրեն ինչ է սպասվում: Անգամ պատմում են, թե ովքեր են հատկապես հմտացել կուսղեկավարների ականջին «նստելու» եւ ինտրիգներ հյուսելու գործում: Նման մթնոլորտում երկիրն ու իր հոգսերը, օրենսդիր մարմինն ու կառավարությունը մղվում են հազարերորդ պլան: Սեղանին մնում է որքան հնարավոր է շատ պաշտոններ ձեռք գցելու, որքան հնարավոր է յուղոտ տեղում հանգրվանելու գերխնդիրը: