Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ

Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ
Թեեւ ընտրություններից արդեն 12 օր անցել է, սակայն քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել գովազդային վահանակներ, պաստառներ եւ անցած խորհրդարանական ընտրությունների մասին հիշեցնող այլ գովազդային նյութեր: Ճիշտ է, որոշ թեկնածուների պաստառներ քաղաքի տարբեր հատվածներից արդեն հանվել են, բայց մի մասը դեռ շարունակում է մնալ իրենց տեղերում: Իսկ քանի որ Ընտրական օրենսգիրքը գովազդային վահանակները, պաստառները հեռացնելու համար որեւէ ժամկետ, սահմանափակում կամ դրանք չհեռացնելու դեպքում պատասխանատվություն չի սահմանում գովազդատուի համար,  թեկնածուները եւ քաղաքական ուժերը չեն էլ շտապում մաքրել իրենց հետքերը քաղաքից:



Ընտրվեցին՝ կարեւորը դա է, մնացածն այլեւս իրենց չի վերաբերում: Փաստորեն, քաղաքը եւ քաղաքի պատերը մաքրելու պարտավորությունը մնացել է քաղաքապետարանի եւ թաղապետարանների վրա: Հիշեցնենք, որ այս ընտրություններին քաղաքապետարանը քաղաքի տարբեր հատվածներում առանձնացված հատվածներ էր տրամադրել գովազդի համար՝ սպիտակ գրատախտակներ, որոնց վրա կարելի էր փակցնել A3 չափի պաստառներ, սակայն, ինչպես տեսանք, որոշ գրատախտակներ այդպես էլ դատարկ մնացին, կամ ընդամենը մի քանի գովազդային պաստառ փակցվեց:



Փոխարենը կիրառվեցին նույն վայրի մեթոդները. պաստառները փակցվեցին շենքերի պատերին, մուտքերում, վերելակներում, էլեկտրասյուների վրա: Մինչդեռ շենքերի պատերին գովազդ փակցնելու համար անհրաժեշտ էր ամբողջ շենքի բնակիչների համաձայնությունը: Բայց պարզ է, որ ոչ մի թեկնածու հերթով չէր ծեծի բոլոր բնակիչների դռները եւ ստանար նրանց համաձայնությունը:



Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թաղապետարաններն աստիճանաբար սկսել են իրականացնել պաստառների հեռացման եւ պատերի մաքրման աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է գովազդային մեծ պաստառներին, ապա, Գեւորգյանի խոսքով, իրենց վերջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հանձնարարականը հստակ է եղել, որ կազմակերպվեն պաստառները հեռացնելու աշխատանքները: «Քաղաքապետարանը պետք է վերահսկի, հետեւի, որ տվյալ գովազդային գործակալությունները, ովքեր որ գովազդի տեղերը հատկացրել են, հեռացնեն դրանք»:



Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից հատկացված տեղերին՝ սպիտակ գրատախտակներին, Գեւորգյանի խոսքով՝ դրանք հանվել են մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը: «Լռության օրը քաղաքում այլեւս ոչ մի գրատախտակ չի եղել»,-վստահեցրեց Գեւորգյանը: Մեր հարցին, թե այն գովազդային վահանակները, որոնք վճարովի էին եւ քաղաքական ուժերին ու թեկնածուներին բաշխվել էին ԿԸՀ-ի կողմից, այս պահին, երբ դեռ չեն հանվել, շարունակո՞ւմ են վճարել դրանց համար, Գեւորգյանը պատասխանեց, որ դրանց համար լրացուցիչ չի վճարվում, քանի որ գովազդային գործակալությունները տարեկան որոշակի գումար են վճարում քաղաքապետարան՝ իրենց զբաղեցրած տարածքի համար:



Այսինքն՝ քաղաքական գովազդի համար լրացուցիչ չի վճարվում, եւ այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ, թե գովազդային վահանակի վրա ինչ գովազդ է փակցված՝ քաղաքական, թե, ասենք, զովացուցիչ ըմպելիքի: Այնուամենայնիվ, իրենց հետքերը չմաքրող քաղաքական գործիչների արարքը Գեւորգյանը «խոզություն» որակեց: Նրա կարծիքով, այդ թեկնածուները դրանով իրենց վերաբերմունքն են արտահայտում իրենց համայնքի բնակիչների, ընտրողների նկատմամբ, եւ շատ հավանական է, որ նույն համայնքի բնակիչը դրա հետեւանքով հաջորդ ընտրություններին այլեւս ձայն չտա այդ թեկնածուին: Ինչպիսի լավատեսություն: