Անհանգիստ անդորր

Անհանգիստ անդորր
ԷՆ ԲԱՆՆ ԵՆ ԸՆԿԵԼ



ՍԻՄ-ի «Իրավունք» թերթը, նախընտրական շրջանում հերթական անգամ գուժելով ՀԱԿ-ի վախճանը, գրել էր. «ՀԱԿ-ը հակմեջ եղավ»: Այս թերթի զվարճախոսությունն իրոք սահմաներ չի ճանաչում: Հիմա, երբ ՀԱԿ-ն իր ուժերով անցավ խորհրդարան, իսկ Հայկ Բաբուխանյանը` Սերժ Սարգսյանի, կարելի է սպասել, որ կգրեն. «ՍԻՄ-ը հայկմեջ եղավ»:



ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԵՎՔԵՐ



Հայտնի է, որ Արեւմուտքում շատ հոգեբաններ իրենց հաճախորդուհիներին այսպիսի խրատներ են տալիս. «Եթե տեսնում եք, որ ձեր դիմադրությունն անհույս է, եթե ձեր ճանկերն ու խածոցները բռնություն գործադրողին հետ չեն պահում իր մտադրություններից, ապա փորձեք թուլանալ եւ հաճույք ստանալ»: Ինչպես տեսանք` դա նաեւ քաղաքական շատ ուսանելի եւ արագ յուրացվող մեթոդ է:



ԶԳՈՒՅՇ ԿԼԻՆԵՔ



Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը կարող է դառնալ սփյուռքի նախարար: Ապագա նախարարին տեղեկացնենք, որ օրերս «Բայկոնուր» տիեզերական կայանում վայրէջք է կատարել մի չճանաչված թռչող օբյեկտ, որի անձնակազմի անդամներից մեկը համառորեն պնդում է, թե ինքը սփյուռքահայ է: «Բայկոնուրում» այս օրերին սպասում են հայաստանյան պատվիրակությանը` սփյուռքի նախարարի գլխավորությամբ:



ՍԱՏԱՐԻՉ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ



Ասում են` խայտառակությո՜ւն, Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին չի՜ ընդունել: Սակայն Մոսկվայի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, արարողակարգի համաձայն, Պուտինն այդ օրը պետք է ընդուներ բացառապես հաճախորդներին: Բա՞…



ՍԵՐՆ ԱՌ ԺՈՂԳՈՐԾԻՔԸ



Դհոլչիների համույթի ակցիան «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի պատուհանների տակ, անկախ այն բանից՝ դա Հմայակ Հովհաննիսյանն էր կազմակերպել, թե մեկ ուրիշը, պետք է անպայման տեղ գտնի քարոզարշավի ուսումնական ձեռնարկներում: Ակտն այնքան վարակիչ էր, որ այս օրերին զանազան ժողգործիքների համույթներ են պտտվում ԱԺ շրջակայքում` որոշ պատգամավորների պատուհանների ներքո ելույթ ունենալու ցանկությամբ:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ