Հանձնվել առանց պայքարի

Հանձնվել առանց պայքարի
Ինքնաբացարկներ, հրաժարականներ, քաղաքական ասպարեզն ու քաղաքական գործընկերներին լքելու հայտարարություններ: Ահա մեր առօրյան: Ինչքան մեզանում բարդ է կայանալն ու առաջ գնալը, նույնքան հեշտ է տարիների ձեռք բերածից անսպասելի զրկվելը: Երբ չորս տարի իրար հետ ճանապարհ անցած քաղաքական ուժերը բաժանվում են եւ հայտարարում, որ անհաղթահարելի տարաձայնություններ ունեն, սակայն դա անում են այն բանից հետո, երբ պարզվում է, որ չեն արդարացել խորհրդարանական ընտրություններից ունեցած ակնկալիքները, հասկանում ես, որ մեզանում ոչ թե քաղաքական շարժառիթներն են դեր խաղում, այլ պարզ, մարդկային էմոցիաները: Այդ ինչպե՞ս պատահեց, որ ՀԱԿ-ի՝ ԱԺ անցած յոթ անձը դեմ չէ մանդատները վերցնելուն, իսկ այ, այդ գծից այն կողմում հայտնված անձինք դեմ են: Այս անձանց մեջ, անշուշտ, չի մտնում Արամ Սարգսյանը, ով հանգիստ կարող էր վերցնել մանդատն ու 5 տարի բազմել խորհրդարանի բազկաթոռներին: Սակայն կարծում եմ՝ այստեղ նույնպես դեր է խաղացել էմոցիան: Քանի որ «Հանրապետությունը» ոչ թե մեկ անձի կուսակցություն է, այլ խումբ մարդկանց, կուսակցության ղեկավարը պատասխանատվություն է զգում իր թիմի համար՝ եթե նրանք հայտնվել են քաղաքական լուսանցքից այն կողմում, ինքը չի ուզում միայն իր խնդրի լուծմամբ բավարարվել: Բայց այս հրաժարական-բացարկների մեջ առավել տխուրը Սուրեն Զոլյանի երեկվա դիմումն էր: Հետեւումդ ունենաս բրյուսովցիների այդպիսի պայծառ ու պայքարող բանակ եւ հրաժարվե՞ս պայքարից: Այս կոմֆորմիզմը, որը նստած է մեր ողնաշարի մեջ եւ որը թույլ չի տալիս, որ որեւէ դիմադրող օջախ գոյանա: Այս ծառայի, ստրուկի խեղճությունը, որը ստիպում է հաշտվել ամեն ինչի հետ՝ լինի ընտրությունների արդյունքներ, թե այլ անարդարություն, մեզ զրկում է ապագայի հեռանկարից: