Գնացեք արձակուրդ՝ մի քիչ ձեզնից հանգստանանք

Գնացեք արձակուրդ՝ մի քիչ ձեզնից հանգստանանք
Երեւում է՝ Վարդան Ղուկասյանի խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Կուսակցություններն ու քաղաքական գործիչները հաստատ ԶԼՄ-ների հոգին կհանեն: Ամառն անցավ, հասանք օգոստոս, իսկ սրանք նստել են Երեւանում, տեղ չեն գնում: Գնացեք, էլի, մի որոշ ժամանակով բացակայեք, որ մենք էլ հանգստանանք:



Էս երկու օրը ոմանք լրիվ իրենց ձեռք էին առել: Երեւի արեւն էր գլխներին խփել: Նախ ասացին, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Բա այսպիսի չաղլիկ լուրն այսպես միանգամից կասե՞ն: Ինֆարկտի բուն: Թերթ ու կայք մի հանգի սկսեցին այդ մասին խոսել: Երեւի իրենք էլ վախեցան իրենց տարածած լուրի մասշտաբայնությունից: 41 թվին ո՞նց էր՝ «ԿՑ րՏՉպՑրՍՏչՏ ՌվՒՏՐՎ ոþՐՏ», եւ ողջ ժողովուրդը համակ ուշադրություն էր դառնում: Ճիշտ այդպես էլ Վարդանիկի «սեւ թուղթը» եկավ: Վա՞յ, լեզուս չորանա…



Արշալույսը՜ը, նոր էր բացվե՜լ,



Երբ ձին քրտնա՜ծ ներս մտա՜վ…



Ու մեկ էլ նրանք, որ տարածել ու հաստատել էին լուրը, թե Վարդան Ղուկասյանը զոհվել… ներողություն, ՀՀԿ-ից հրաժարվել է, միաբերան սկսեցին պնդել, թե այդպիսի բան չկա, թե դա անպարկեշտ լրատվամիջոցների տարածածն է: Բայց մինչ այդ լուր տարածվեց նաեւ, որ ՀՀ իրավապահ մարմինները, իսկ ավելի ստույգ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն Գյումրիի օդանավակայանում Վարդան Ղուկասյանի որդուն՝ անուն Սպարտակ, արգելել են Մոսկվա թռչել: Արդ ուրեմն, Վարդան Ղուկասյանի դիմումի լուրը հերքելուն հաջորդեց նաեւ իրավապահների չքմեղացումը, թե իրենք նման բան չեն արել, եւ պարոն Սպարտակ Ղուկասյանը կարող է իրեն հարմար պահի իրականացնել պլանավորած ուղեւորությունը:



Բա սա երկիր է՞, լավ: Փաստորեն, ով ուզում՝ լուր է տարածում: Ի դեպ, սկսած ՀՀԿ կազմբաժնի վարիչից, ում, պարզվում է՝ «Հրապարակի» թղթակիցն այդ օրը ուղիղ երեք անգամ զանգել էր ու հարցրել՝ կարո՞ղ եմ Վարդանիկի մասին լուրը ձեր անունից տարածել: Սա էլ թե՝ հա, իհարկե, կարող ես:  Չէ, հաստատ կամ շոգն է խփել գլխներին, կամ մեզ ձեռք են առել: Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դար, ՀՀԿ եւ կոմունիստների ժամանակվա կազմբաժին: Ոչինչ, որ դրանից էլ մեզ է շոկը խփում: ՀՀԿ-ի ներքին գործն է, ի վերջո, ինչ բաժին ունենալ եւ ինչ չունենալ: Բուն դժբախտությունը միանգամայն այլ տեղում է թաքնված: Այս կազմբաժինը, փաստորեն, կարող է նաեւ հայտարարել, որ ոչ մի պատերազմ էլ չկա, բայց մինչեւ հասցնենք այդ ուրախ հայտարարությունը տպել, պարզվի, որ թուրքն արդեն Վարդենիս է հասել:



Քանի որ կոմունիստներից խոսեցինք, մի հետաքրքիր բան հիշեցի: Այն ժամանակ (գուցե հիմա էլ) ԿԳԲ-ում կար կեղծ ինֆորմացիա տարածող՝ ոչ այն է վարչություն, ոչ այն է ծառայություն: Մի խոսքով, սրանց գործը միտումնավոր սուտ, կեղծ ինֆորմացիա տարածելն էր որեւէ իրադարձության հետ կապված: Ապա սկսում էին լսել, թե ինչեր են շշնջում ներքեւներում, փորձում էին հասկանալ, թե ինչ է մտածում այդ մասին բուն ժողովուրդը: Այսինքն՝ նույնիսկ սովետական ԿԳԲ-ին հետաքրքրում էր ժողովրդական մտածողությունը: Եթե մի փոքր ավելի լուրջ վերաբերվենք Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու հետ կապված լրատվության հիշատակված դրվագներին, ապա շատ ընդհանրություն կարելի է գտնել սովետական ԿԳԲ-ի եւ մեր ԱԱԾ-ի գործողությունների միջեւ: Բացառվո՞ւմ է, որ նպատակ են ունեցել ստուգել, թե ինչ արձագանք կստանա Հայաստանում Վարդան Ղուկասյանի՝ ՀՀԿ-ին ընդդիմանալու քայլը, կամ ինչպես կընկալեն հայերը Գյումրիի քաղաքապետի ընտանիքի դեմ հնարավոր հետապնդումները:



Հայաստանում հիմա ոչինչ բացառել չի կարելի: Մայիսի 6-ի ընտրություններից հետո բոլորն են շոկի մեջ, եւ ձեռնարկվող քայլերը մեկը մեկից զարմանալի են, մեկը մեկից զավեշտալի: Ականջդ կանչի, Հովիկ Աբրահամյան: Հայաստանում ընդամենը մի քանի ամսով քաղաքական գործիչ լինելու համար երեւի «վաբշե» խելք պետք չի: Ի՞նչ կասեք՝ այդպես չէ՞: Օրինակ այդ ինչի՞ց է, որ երբ ընդդիմությունն ու իշխանությունը կռվում են, գնդակը միշտ հայտնվում է ԲՀԿ-ի դաշտում: Ապացույցը ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների հարցաշարն է՝ «Հարսնաքարի» դեպքի հետ կապված: ԲՀԿ-ն ինչո՞ւ չստորագրեց ու իր այլընտրանք կարգավիճակով հայտնվեց անհարմար դրության մեջ: Այո, դու ճիշտ ես, սիրելի ընթերցող: Մենք իրենց պատճառով շոգից մեռնում ենք, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կուլիսներում Սամվել Բալասանյանի միասնական թեկնածությունն են քննարկում, որ տանեն-դնեն Գյումրիի քաղաքապետ: Լավ, իրենք չեն հոգնո՞ւմ այս ամենից:



Գալուստ Գրիգորիչն ընդհանրապես սպառնացել է՝ արձակուրդ չգնալ: Թե որ այս լուրը համապատասխանում է իրականությանը, ուրեմն «քաշվեցինք»: Բա որ մի գոհար միտք արտահայտի՞… ո՞վ է գրելու, եթե թերթերն ու կայքերը ծովափներում լինեն: Այնպես որ, հարգելի կազմբաժիններ եւ մամուլի քարտուղար-քարտուղարուհիներ, մենք ձեզնից քիչ չենք մտածում ձեր շեֆերի վարքուբարքի ու նիստուկացի մասին: Իսկ դուք էլ բարի եղեք գոնե անպարկեշտ չլինել:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ