Արգամիչի «կտերը» չանցան

Արգամիչի «կտերը» չանցան
Օգոստոսի 5-ին կայանալիք Թալինի քաղաքապետի արտահերթ ընտրությունները ոչ միայն համայնքում են թեժ մթնոլորտ ստեղծել, այլեւ Հանրապետական կուսակցությունում կրքեր բորբոքել: Բանը հասել է նրան, որ գործին խառնվել է նաեւ Հովիկ Աբրահամյանը, որն ըստ էության ՏԻՄ ընտրությունների բեռն իր վրա է վերցրել եւ «վերեւներին» վստահեցրել, որ ամեն ինչ «օքեյ» է լինելու, եւ անակնկալներ չեն լինելու: Նախօրեին՝ թեկնածուների գրանցման վերջին օրը, Արգամիչը հասել էր Թալին, որպեսզի տեղում ստուգի «դվիժենին» եւ ինքնառաջադրված  թեկնածուներին հորդորի ինքնաբացարկի դիմումներ գրել, որպեսզի «մաքուր» ընտրություններ ընթանան ՀՀԿ-ԲՀԿ ճամբարների միջեւ: Սակայն, ինչպես պարզվեց, Աբրահամյանի այցը ցանկալի արդյունք չտվեց, եւ  օրվա վերջում արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Թալինի քաղաքապետի 6 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել միայն մեկ հոգի` անկուսակցական, ինքնառաջադրված Տիգրան Հարությունյանը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բաջանաղը: Մնացած 3-ի դեպքում Արգամիչի «կտերը», երեւում է՝ չեն անցել: Հիմա խաղի մեջ են շարունակում մնալ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ԲՀԿ-ական Վազգեն Խաչատրյանը եւ ինքնաառաջադրվածներ Վորոշ Խաչատրյանը՝ Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու համատեղության կարգով փոխքաղաքապետը, տեղի անձնագրայինի նախկին պետ Գագիկ Կարապետյանն ու Էդվարդ Գրիգորյանը՝ Ժորա Գրիգորյանի ազգականը:



Ավելորդ չէ հիշեցնել, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց, քանի որ Մնացականյանն Ազգային ժողովի թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվեց: Հատկանշական է, որ քաղաքապետի պաշտոնի համար  ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը ոչ թե կուսակցության, այլ  ինքնառաջադրման միջոցով է հայտ ներկայացրել, քանի որ ՀՀԿ-ի կողմից նախապես առաջադրվել էր Թալինի ՀՀԿ կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանը, ով դեռ նախորդ շաբաթ  ինքնաբացարկ հայտնեց: Մեր աղբյուրներն ասում են, որ նրա ինքնաբացարկն ինչ-որ «մուտիլովկաների» արդյունքում է եղել՝ նրան խաբել-համոզել են, որ հրաժարվի պայքարից: Իսկ երբ հասկացել է, որ դրա հետեւում Մնացի մատն է խառը, բանը բանից անցած է եղել: Ասում են՝ Գրիգորյանը հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին՝ նկարագրելով իրավիճակը, եւ նախագահն էլ հանձնարարել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել Թալինում: Այժմ, Գրիգորյանի՝ խաղից դուրս գալուց հետո,  ՀՀԿ թեկնածուն մնացել է Սարգիս Արամյանը, որը վայելում է մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը:



Մինչդեռ այստեղ լուրջ խնդիրներ է առաջացնում նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը: Առաջադրված թեկնածուներից մի քանիսը եւս մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկություններն այն մասին, որ Մնացականյանն աջակցում է ոչ թե հարազատ կուսակցության ներկայացուցչին, այլ իր նախկին ենթակա Վորոշ Խաչատրյանին: Ավելին՝ համայնքում իր հեղինակությամբ եւ գործելաոճով հայտնի Մնացականյանը բացահայտ կերպով թալինցիներին հայտնում է իր դիրքորոշման մասին եւ դա նաեւ փաթաթում բնակիչների վզին: Ամբողջ բանն այն է, որ Մնացականյանը որոշել է Թալինում պահպանել իր լծակները, իսկ մարզպետ Սարգիս Սահակյանն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա: Այս վիճակը դժգոհություն է առաջացրել ՀՀԿ-ում, եւ թերեւս հենց նախագահի հանձնարարությամբ էլ Արգամիչը երեկ այցելել է Թալին: Ասում են՝ վերջինս հորդորել է. «Ոնց ուզում եք՝ արեք, բայց այնպես կազմակերպեք, որպեսզի ՀՀԿ-ականները երկու թեւի չբաժանվեն»:



Սակայն, ինչպես տեսնում եք, թե ՀՀԿ-ական Արամյանն է անդրդվելի մնացել, թե կարկառուն ՀՀԿ-ականի հովանավորյալ Վորոշ Խաչատրյանը: Եվ այս պարագայում մեծանում է ԲՀԿ ներկայացուցչի անցնելու հավանականությունը. այն երկուսն իրարից ձայներ կխլեն, մեջտեղում կշահի ԲՀԿ-ն: Բայց պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ՏԻՄ ընտրություններին, եւ այն էլ Թալինի պես փոքրիկ քաղաքում, կուսակցական պատկանելությունը երկրորդական եւ երրորդական նշանակություն է ունենում, եւ մարդիկ իրենց ընտրությունը կատարում են բարեկամական, ընկերական, խնամիական եւ այլ թելադրանքով: Թալինցիների շրջանում մեր հարցախույզից, ի դեպ, պարզ դարձավ, որ հենց այդ երեքն են, այսպես կոչված, ֆավորիտ թեկնածուները՝ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական քաղաքապետացուներն ու Վորոշ Խաչատրյանը: Ի դեպ, երեկ առաջին երկուսը  խուսափեցին զրուցել մեզ հետ՝ խիստ զբաղվածության պատճառով, իսկ վերջինի հետ կապվել չհաջողվեց:



ՀԳ 1 - Նախօրեին ինքնաբացարկ հայտնած Տիգրան Հարությունյանն ասաց, որ իր որոշումը ոչ թե Արգամիչի այցով է պայմանավորված եղել, այլ  իրավիճակի ռեալ գնահատմամբ: «Ես չէի հաշվարկել, որ այսքան շատ թեկնածուներ կառաջադրվեն: Ստեղծված իրավիճակում ես պարզապես ճիշտ գնահատեցի իմ շանսերը: Առաջադրվել էի հաղթելու համար, բայց այսքան թեկնածուների պարագայում, անկեղծ պետք է լինեմ եւ ասեմ, որ դա քիչ հնարավոր է դառնում»,- ասաց նա:



ՀԳ 2 - Փոխարենը Էդվարդ Գրիգորյանն իր շանսերը բարձր գնահատեց, բայց նա էլ սրտնեղեց, թե «սա-նա խառնվում են մեր համայնքի ընտրություններին, թողեն՝ ժողովուրդն իր ընտրությունը կատարի»:  Գրիգորյանն ասաց նաեւ, որ ինքը ներկա չի եղել Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը եւ չի էլ ուզում քաղաքական «խաղերին» մասնակցել: