Երկու նախագահներին ամեն պահի կարող են «մատաղ անել» Գագիկ Ծառուկյանին

Երկու նախագահներին ամեն պահի կարող են «մատաղ անել» Գագիկ Ծառուկյանին
Օսկանյանի՝  ««Բարգավաճը» նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով» հայտարարությունն առաջին պահին թվում է, թե դիվանագիտական ծուղակ է Ծառուկյանի համար: Այն առումով, որ Ծառուկյանը խուսանավելու տեղ չունենա ու վերջնականապես ճշգրտի իր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Խորքային մոտեցմամբ, լրիվ հակառակ պատկերն է գծագրվում. նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմամբ նախկին արտգործնախարարը համարձակորեն դուրս է գալիս գործող նախագահի դեմ:



 



Գործող նախագահի դեմ դուրս գալու պատճառներն ավելի քան լուրջ ու հիմնավոր են՝ սեփական անձի ապահովագրությունը, որն իրագործելու ճանապարհին պարտավոր է հաշվի առնել նաեւ երկրորդ նախագահի աշխարհաքաղաքական շահերը: Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի միջոցով փորձում է ճնշել գործող նախագահին՝  քաղաքական առեւտուրն ավելի շահեկան դարձնելու նպատակով: Գագիկ Ծառուկյանի խորհրդավոր, տեւական լռությունը վկայություն է, որ գործող նախագահը դեռեւս կոնկրետ երաշխիքներ չի տվել: Իսկ կոնկրետ երաշխիքներ տալն այնքան էլ անվտանգ չէ Սերժ Սարգսյանի համար: Մի կողմից Ծառուկյանի՝ ձնագնդի պես ահագնացող գործոնը, մյուս կողմից երկրորդ նախագահի «ամբիցիաները» նրան դնում են փորձության առաջ: Գործող նախագահը Ծառուկյանին կարող է «գայթակղել» կարճաժամկետ երաշխիքներով, որը, հավանաբար, փորձում է անել, բայց  քանի որ խաղն ուղղորդվում է «մեծ խաղացողի» քայլերով, վստահություն չի ներշնչում:



 



Երկրորդ նախագահն Օսկանյանի միջոցով շախ է հայտարարել գործող նախագահին: Պաշտպանվիր: Օսկանյանը, իրադարձությունների առումով, հայտնվել է խաղաքարի դերում. այլ բան անել չի կարող: Այլ բան կարող էր անել Ծառուկյանը: Երկրորդ նախագահը փորձում է իր զգուշավոր քայլերով զսպաշապիկ հագցնել նաեւ նրան: Քոչարյանը, որպես խաղաքար օգտագործելով Օսկանյանին, հնարավոր հարվածներից պաշտպանում է Ծառուկյանին: Օսկանյանն այն «պադուշկան» է, որի վրա գործող նախագահն իր ուժերը չափում է: Հանրության մեջ լայնածավալ շրջանառվող այն թեման, թե ինչու գործող նախագահն ու Ծառուկյանը շարունակում են բարիդրացիական հիմքերի վրա պահել իրենց հարաբերությունները  ու, չնայած ենթակաների գզվռտոցին, ջերմ լինել միմյանց հետ, պատասխանը նույն շրջանակներում է: Գործող նախագահը Ծառուկյանին պահում է վերահսկելիության սահմաններում: Ուղիղ նրա վրա դուրս գալը կհանգեցնի իրադարձությունների անկանխատեսելի ընթացքի:



 



Երկու նախագահներն ամեն պահ կարող են Ծառուկյանին մատաղ անել, ու իրենք ճշտել իրենց հարաբերությունները, բայց, կարծում եմ, այս կետում խոչընդոտում է ՀԱԿ-ը: ՀՀԿ-ականներին մոտիկ մի շրջանակից լսել եմ, որ ՀՀԿ-ում ՀԱԿ-ին համարում են «մարաղ կտրած կատու»: ՀԱԿ-ի կազմաքանդումն իշխանության կողմից վկայում է, որ իշխանությունը վտանգի հոտ է առնում: Երբ երկու նախագահները փորձեն «մատաղ անել» «Բարգավաճին», «Բարգավաճը» ձեռք կմեկնի ՀԱԿ-ին, ու այս դեպքում ժողովուրդն անպայման կկանգնի նրանց կողքին: Անգամ եթե ՀԱԿ-ում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա, նա Գագիկ Ծառուկյանի հետ կկարողանա մոբիլիզացնել հանրության ուժերը: Այդ առումով ՀԱԿ-ն անփոխարինելի է «Բարգավաճի» համար եւ խոցելի է դարձել իշխանության կողմից: ՀԱԿ-ից փայլուն ու ժողովրդի կողմից ընդունված անհատներին գայթակղելն ու մրոտելը դրա ամենալավ վկայությունն է:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ