Որքան դժվար է Հայաստանում լինել Նելսոն Մանդելա

Որքան դժվար է Հայաստանում լինել Նելսոն Մանդելա
Սա գաղտնալսումների Հայաստան է եւ վերջ: Սերժ Սարգսյանի ոճով եթե բնութագրելու լինենք անցած հանգստյան օրերը մունդռած ձայնագրությունը, երեւի թե հենց այդպես էլ պիտի ասենք: Սա կոմպրոմատների Հայաստան է, եւ վերջ:



 



Եթե Սերժ Սարգսյանն իր այս վերջին ելույթը մոտ տարիուկես, երկու տարի առաջ հնչեցրած լիներ, երբ Զուրաբյանը տակավին թունդ ընդդիմադիր էր եւ փողոցներից տուն չէր գնում, մենք դարձյալ նույն բանն էինք ասելու՝ սա գաղտնատեսալսագրության երկիր Հայաստան է եւ վերջ: Այն ժամանակ էլ հետաքրքիր տեսահոլովակներ էին տարածվում «YouTube»-ում առ այն, թե ինչպես են հայ սպաները կտտանքների ենթարկում հայ զինվորին: Ո՞ւմ ձեռքի գործն էր տեսնես, բայց, ամեն դեպքում, ոչ Լեւոն Զուրաբյանը, ոչ էլ առավել եւս Նիկոլ Փաշինյանը, չէին պահանջում գտնել հիշյալ տեսագրությունների հեղինակներին ու պատժել: Ընդհակառակը՝ «չենք լռելու» կարգախոսով խրախուսում էին տեղի ունեցածն ու մի բան էլ հալածում նրանց, ովքեր ասում էին՝ կանգ առեք, բանակն եք խայտառակում:



 



Զուրաբյանն այս դեպքում անբարոյականություն է համարում գաղտնալսումը եւ նույնքան անբարո արարք՝ այդ մասին որեւէ քննարկում անելը: Բացի այդ, նա գրեթե վստահ է, որ սա ԱԱԾ-ի գործն է, այլապես, ասում է, պիտի շատ արագ բացահայտվեն գաղտնալսողներն ու Օսկանյանի հետ իր զրույցը հրապարակողները: Ինքս էլ կարծում եմ, որ, այո, պետք է բացահայտվեն: Սիրուն չի երկու մարդու, առավել եւս երկու պատգամավորի զրույց հրապարակել՝ առանց վերջիններիս համաձայնության: Բայց… Այստեղ մի շատ հետաքրքիր «բայց» կա:



 



Զուրաբյանը պնդում է, որ «YouTube»-ում հայտնված ձայնագրությունը տարածվել է իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներով: Սրա հետ համաձայն չենք: Ձայնագրությունը հայտնվել է «YouTube»-ում, իսկ այդ սայթը ամենամեծ ցանկության դեպքում էլ չես համարի ՀՀ իշխանությունների սայթ: Եվ ապա՝ ձայնագրությունը, իր հանած ողջ շուխուրով հանդերձ, հայտնվել է նաեւ ԲՀԿ-ական առանձին լրատվամիջոցներում, որոնց նույնպես, ՀԱԿ-ի տեսանկյունից եթե նայելու լինենք, իշխանական ու «միշիկական» չես անվանի: Վստահաբար՝ «միշիկական» չեն նաեւ ՀՅԴ լրատվամիջոցները: Հետեւաբար, թույլ տվեք այս համընդհանուր ուշադրությունը պայմանավորել ոչ թե լրատվամիջոցների պատկանելությամբ, այլ գլխավոր գործող անձանց վայելած «ժողովրդականությամբ»: Կատակ բան չի՝ ձայնագրության մեջ շոշափվում են անուններ, որոնց տերերն արդեն հինգ տարի է՝ ափիոն ու կանեփանման զանգված են մատակարարում այս հասարակության ուղեղին: Սա ափիոնի ու կանեփի Հայաստան է եւ վերջ, սա մոնղոլ-թաթարական լծի տակ գտնվող Հայաստան է եւ վերջ, սա Վոլոդյա Ուլյանովների Հայաստան է եւ վերջ:



 



Ո՞ւմ է մեղադրում հիմա Լեւոն Զուրաբյանը: Մե՞զ, որ լսել ենք այդ ձայնագրությունը: Ասում է՝ բերաններդ փակեք, այդ մասին խոսելն անբարոյականություն կլինի եւ կդիտվի իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու փորձ: Ներողություն, իսկ չխոսելը չի՞ դիտվի Լեւոն Զուրաբյանի, ՀԱԿ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներսում ձեւավորված ընդդիմադիր մաֆիոզ կառույցների ջրաղացին ջուր լցնելու փորձ: Պարզվել է, որ ՀԱԿ-ի ներսում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մի հոսանք է ձեւավորվել, որը, հանուն ԲՀԿ-ին կառչած մնալու եւ իշխանություններից բան պոկելու, պատրաստ է մոռանալ «մարտի 1-ը, բանը», ու մենք պիտի լռե՞նք: Երեւի սա նաեւ ուրացումի Հայաստան է եւ վերջ, այո՞:



 



Սա, երեւի, Նիկոլի Հայաստանն է եւ վերջ: Իսկ Նիկոլն իր պաշտոնական կայքում խոսում է այն մասին, որ ընդդիմության միասնական եւ միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, առանց որի հնարավոր չէ ազատվել այս իշխանություններից: Ո՞նց հասկանանք, Նիկոլ, երբ Զուրաբյանը բոլորովին այլ բան է ասում: Նա ասում է, որ եթե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ չհամագործակցի, Նիկոլն ու Բագրատյանը կուժեղացնեն ԲՀԿ-ի գնդակոծումը՝ «մարտի 1-ով, բանով»: Էս ի՞նչ «կաշ ա գնում» զոհերի հիշատակի հետեւում: ՀԱԿ-ը հասել է այնտեղ, որ իր վերջին ոսկեղե՞նն է ծախում:



 



Ոսկեղեն ասացինք՝ հիշեցինք: Իբր Օսկանյա՞նն ինչու է «պոչը» խուզել, խառնվել այդ բոլշեւիկներին: Ինքը կուպեցի տղա՝ մեր ամենամեծ կուպեցի համար քաղաքական լյումպենից աջակցություն է ակնկալում: Համա դիվանագետն է, կամ սա դիվանագետերի Հայաստան է եւ վերջ: Հիմա, եթե մենք ոչինչ չխոսենք այս մասին, Լեւոն Զուրաբյանը կարո՞ղ է երաշխավորել, որ այլեւս նման բացահայտումներ ու հրապարակայնացումներ չեն լինի: Ավելի խայտառակ ու ավելի ստորացուցիչ հրապարակումներ:



 



Պայքար է, ի վերջո, իսկ պայքարի բովում շրջահայացությունը լավ բան է: Պետք է մեկ-մեկ էլ հետեւես քեզ՝ սեփական թափթփվածություններդ տեսնելու համար: Այդպիսին էր Նելսոն Մանդելան, ով երբեք չէր թաքցնում իր ռասայական պատկանելությունը: Իր այդ հատկության շնորհիվ էլ դարձավ ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահը: Ճերմակամորթներն ինչքան գաղտնալսում ու տեսանկարահանում էին, չէին կարողանում սպիտակ բիծ գտնել վրան: Մանդելան իր գործի նվիրյալն էր: Աստված իմ, որքա՞ն դժվար է Հայաստանում լինել Նելսոն Մանդելա:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ