Վահան Տերյանի երկրպագուներին նվեր է սպասվում

Վահան Տերյանի երկրպագուներին նվեր է սպասվում
Վահան Տերյանն իր մահից հետո ոչինչ նյութական չի թողել, բացի իր ձեռագրերից ու անձնական գրքերից. ոչ տուն, որը նա երբեք չի ունեցել, ոչ ունեցվածք, ոչ փող:  Գրքերը նա ի պահ էր տվել Լազարյան ճեմարանի իր դասընկերներից մեկին, երբ հղի կնոջ՝ Անահիտի հետ մեկնել էր վերջին՝  ողբերգական ավարտ ունեցած գործուղմանը: Եվ խնդրել էր լավ պահպանել, քանի որ դրանք ձեռք են բերվել ողջ կյանքը կարիքի մեջ անցկացրած բանաստեղծի մեծագույն զոհողությունների եւ զրկանքների գնով: Պոետի մահից հետո այդ գրքերը պետականացվել էին ու հանձնվել Մյասնիկյանի անվան հանրային գրադարանին: Եվ, ինչպես պարզել էր այդ հիմնարկությունում երկար տարիներ աշխատած Ռաֆայել Իշխանյանը, դրանք այլեւս չկան՝  բոլորը փոխարինված են նույն հեղինակների գրքերի այլ օրինակներով:



 



 



Տերյանի մահից հետո Անահիտ Տերյանի մոտ մնացած  պոետի ձեռագրերն էլ մինչ օրս անտիպ են մնացել: Եվ ահա թե ինչու: Բանաստեղծի մահից հետո երբ նրա այրին՝ Անահիտը, Օրենբուրգից վերադառնում է Մոսկվա, նրա մոտ է գալիս Պողոս Մակինցյանը` մեկ ուրիշ չեկիստի հետ: Ներկայացնում է մանդատ՝   Տերյանի ձեռագրերի պետականացման մասին, եւ ատրճանակի սպառնալիքի ներքո բռնագրավում դրանք  6 ամսվա հղիություն ունեցող Տերյանի 20-ամյա այրուց: Բայց այդ ձեռագրերը Մակինցյանը պետությանը չի հանձնում, այլ սեփականացնում է: Հետագայում ոչ նրա կինը՝ Սեբարը, ոչ էլ Մոսկվայում բնակվող դուստրը՝  Անահիտ Մակինցյանը, ոչ մի կերպ չեն համաձայնում  հանձնել կամ վաճառել ձեռագրերը Հայաստանին՝ ասելով, թե դրանք իրենք կամ իրենց ժառանգները պետք է հրատարակեն:



 



Մայրս՝ Նվարդ Տերյանը, պատմում էր, որ երբ ինքը Մոսկվայում մի անգամ գնացել է Մակինցյանների տուն եւ նստել նրանց տան միջանցքում գտնվող սնդուկին, Պ. Մակինցյանի այրին՝ Սեբարը, հարցրել է. «Գիտե՞ս, թե ինչի վրա ես նստած»: Եվ բացատրել է. «Այդ սնդուկի մեջ պահվում են քո հոր ձեռագրերը»:



 



Վահան Տերյանի 100-ամյակի կապակցությամբ  ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը խնդրում է Անահիտ Մակինցյանին հանձնել կամ վաճառել Տերյանի ձեռագրերը: Ա. Մակինցյանը համաձայնում է պայմանով, որ առանձին գրքով հրատարակվեն իր հոր աշխատությունները: Այդ պայմանը կատարվում է՝ տպագրվում է Պողոս Մակինցյանի «Դիմագծեր» գիրքը: Դրանից հետո ակադեմիկոս Է. Ջրբաշյանն  ու գրականագետ Պիոն Հակոբյանը գալիս են Մոսկվա եւ, պայմանավորվածության համաձայն, հյուրանոցում սպասում են Ա. Մակինցյանին: Սակայն նա չի գալիս՝ զանգահարում է եւ հայտնում, որ փոշմանել է եւ Տերյանի ձեռագրերը չի հանձնի Հայաստանին:



 



2010 թվականին, Վահան Տերյանի 125-ամյակի օրերին, այդ առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը հայտնում է, որ Անահիտ Մակինցյանը համաձայն է հանձնել Վահան Տերյանի ձեռագրերը: Բայց երբ Մոսկվայի ՀՀ դեսպանատան աշխատակիցներն այդ հարցով դիմում են Ա. Մակինցյանին՝  ստանում են մերժում:



 



Վահան Տերյանի 128-ամյակի օրը, այս տարվա փետրվարի 9-ին, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ինձ հայտնեց, որ Անահիտ Մակինցյանն իր մոտ եղած ձեռագրերը հանձնել է իր թոռանը, որը Մելիքյանի հարսն է: Ձեռագրերի մասին Լիլիթը որոշակի որեւէ բան չասաց. Քանի՞ հատ են, կա՞ն արդյոք բանաստեղծություններ, թե՞ միայն Տերյանի նամակներն են՝ ուղղված Պողոս Մակինցյանին, արդյո՞ք Անահիտ Մակինցյանի մոտ պահվող բոլոր ձեռագրերն են բերվել Երեւան:



 



Բանն այն է, որ Անահիտ Մակինցյանը Վահան Տերյանի  հոբելյանների առիթով արդեն իսկ հրատարակել է մի քանի նամակներ կամ հատվածներ դրանցից, որոնք պոետը գրել էր Պողոս Մակինցյանին: Բայց պարզ է, որ այդ նամակները հենց Մակինցյանի արխիվից են վերցված եւ չեն պատկանում այն ձեռագրերի թվին, որոնք պահվել էին Տերյանի մոտ եւ նրա մահից հետո  խլվել Անահիտ Տերյանից: Որքան որ հիշում եմ, Վահան Տերյանի 100-ամյակի օրերին երեւանյան ռուսալեզու  «Կոմունիստ» թերթում Անահիտ Մակինցյանը  հրապարակել էր երկու նամակ, որոնք Տերյանը հասցեագրել էր Պ. Մակինցյանին, իսկ 2006 թվականին  «Տերյան» մշակութային կենտրոնը հրատարակել է Անահիտ Մակինցյանի՝  իր հոր մասին պատմող  «Դիմանկարի բնորոշ մանրամասներ (շտրիխներ)»  ռուսալեզու գրքույկը, որի մեջ նույնպես բերված են հատվածներ այդպիսի նամակներից: Հասկանալի է, որ դրանք նույնպես Տերյանի մոտ պահվող ձեռագրերի թվին չեն կարող պատկանել: Այդ գրքույկում, սակայն,  զետեղված է նաեւ Ավ. Իսահակյանի 2010 թվականին գրված նամակը՝  ուղղված Տերյանին, որտեղ Վարպետը գրում է. «Սիրելիս, դու իսկական բանաստեղծ ես եւ, որ գլխավորն է՝ մեր գրականության մեջ միանգամայն անկախ եւ ինքնուրույն տեղ գրաված. ազատ ես ամեն ազդեցություններից եւ ունես սեփական ստիլ...»: Այ սա, ըստ ամենայնի,  հենց Տերյանի արխիվից է:



 



Գրքույկում զետեղված է նաեւ Տերյանի՝ իր կյանքի օրոք հրատարակված բանաստեղծություններից մեկի առաջին՝  նախնական տարբերակը: Սա նույնպես կարող է լինել Տերյանի արխիվից, չնայած հայտնի է, որ բանաստեղծը երբ մշակում՝ խմբագրում էր իր բանաստեղծությունները՝  նախկին տարբերակը ոչնչացնում էր: Այնպես որ, այս սեւագիր տարբերակը նույնպես կարող է չլինել Անահիտ Տերյանից բռնագրավված ձեռագրերից: Այնինչ տերյանասերների համար շատ ավելի հետաքրքիր են հենց պոետի  արխիվում մնացած եւ մինչ օրս չհրատարակված նրա ձեռագրերը, մասնավորապես, բանաստեղծությունները:



 



Ի դեպ, իր այդ գրքույկում Անահիտ Մակինցյանը ցանկացել է շրջանառության մեջ դնել այն գաղափարը, որ եթե չլինեին Պողոս Մակինցյանի ջանքերը, հնարավոր է, որ Վահան Տերյանը մնար հանրության կողմից չճանաչված եւ չգնահատված: Մինչդեռ, լրիվ հակառակն է: Ո՞վ կհիշեր հիմա Պ. Մակինցյանին, եթե նա չլիներ Վահան Տերյանի մտերիմ ընկերը« չլինեին Տերյանի՝  նրան նվիրված բանաստեղծությունները, եւ Պ. Մակինցյանը չլիներ բանաստեղծի մահվանից հետո հրատարակված նրա քառահատորյակի կազմողն ու խմբագրողը: Ի դեպ, այդ հատորները կազմելիս Մակինցյանը, անտարակույս, օգտագործել է Անահիտ Տերյանից բռնագրաված անտիպ ձեռագրերը, սակայն բանաստեղծի ժառանգները ոչ մի կոպեկ հոնորար չեն ստացել: Ինչպես մայրս՝  Նվարդ Տերյանն է գրում, նրան հայտնի չէ, թե ով է ստացել իր հոր քառահատորյակի հոնորարը:



 



Մեկ նկատառում եւս: Մեր կարծիքով, իր մոտ պահվող Տերյանի ձեռագրերն Անահիտ Մակինցյանը մինչ օրս չի հրատարակել, որպեսզի դրանց միջոցով անմոռաց պահի իր հոր՝ Պողոս Մակինցյանի հիշատակը: Ժամանակ առ ժամանակ հանրությանը հիշեցնի նրա մասին: Այդ մասին է վկայում Ա. Մակինցյանի վերը նկարագրված գործելակերպը: Նաեւ այն մասին, որ մենք չենք ունեցել նորմալ տերյանագիտություն: Այնպիսի տերյանագետներ, որոնք ջանքեր չէին խնայի՝  գոնե կահազանգեին Տերյանի մեկ սնդուկ անտիպ մնացած ձեռագրերի մասին:



 



Բայց դա հիմա այդքան էլ կարեւոր չէ: Կարծես թե «սայլը»՝ մեր ահազանգումներից հետո, շարժվել է տեղից: Կարեւորն այն է, որ պոետի մահից գոնե հարյուր տարի հետո տերյանասերների համար հասու դառնան սիրելի բանաստեղծի բոլոր անտիպ ձեռագրերը, որոնք պահվում են Ա. Մակինցյանի մոտ: Լիլիթ Մելիքյանն իմ այն հարցին, թե չե՞ն ուզում արդյոք այդ ձեռագրերը հանձնել կամ վաճառել Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանին, բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ դրանք իրենց սեփականությունն են:



 



ԲԱՅՑ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ« ՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ:



 



ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՍՏԱՑԱՎ ԴԱ ԱՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ:



 



Հուսանք, որ բանաստեղծի 130-ամյակին Վահան Տերյանի երկրպագուները կստանան այդ հրաշալի նվերը:



 



Գրիգոր ԷՄԻՆ - ՏԵՐՅԱՆ