Ասուլիսի մասնակիցները բավարարված են

Ասուլիսի մասնակիցները բավարարված են
Այնքան զարմանալի էր Սերժ Սարգսյանի ասուլիս հրավիրելու փաստը, որ այս իրադարձությունը դարձավ շաբաթվա բումը: Նույնիսկ մարզային հանդիպումների ժամանակ է Սերժ Սարգսյանը քչախոս, եւ հանկարծ՝ ասուլիս:



 



Մամուլը հեղեղված է մեկնաբանություններով, իսկ հեռուստատեսություններն այնքան են «մազոլ» անում մարդկանց աչքն ու ականջը, որ ավելի շուտ փչացնում են ԶԼՄ-ներ-Սերժ առաջին երկխոսության տպավորությունը: Մինչեւ վերջ պարզ չէր, թե որ լրատվամիջոցներն են հրավիրվելու: Նախապես հայտնի էր, որ ասուլիսը միայն հեռուստաընկերությունների համար է լինելու: Հետո նաեւ «առաջատար թերթերի» մասին խոսեցին, սակայն մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե ինչով են «Հայոց աշխարհը» կամ «Իրավունքն» ավելի առաջատար, քան, ասենք, «Հայկական ժամանակը» կամ «Հրապարակը»: Նախագահի մամուլի խոսնակից ամբողջ օրվա ընթացքում մեկնաբանություն սպասեցինք եւ չստացանք: Ասուլիսի մոնտաժված տարբերակը նախագահականն էլեկտրոնային ԶԼՄ-ներին էր ուղարկել ուշացումով, եւ եթերում այս «մոնտաժը» հայտնվեց մեկ օր անց, ինչն ինտերակտիվ ասուլիսների եւ էլեկտրոնային կառավարման դարում ուղղակի նոնսենս է:



 



Հեռուստաընկերությունները, որոնց աշխատանքի առաջին չափանիշն օպերատիվությունն է, չընդվզեցին: Անգամ եվրոպական չափանիշների դավանող «Ազատություն» ռադիոկայանն է հլու-հնազանդ ընդունում նախագահականի թելադրած խաղի կանոնները եւ ժամը 17.00-19.00 տեւած ասուլիսի վերաբերյալ իր կայքում ընդամենը տպագիր, «համր» տեքստ է տեղադրում, այն էլ՝ ուշ երեկոյան: Նույնիսկ ժողովրդավարության հետին էշելոն համարվող երկրներում, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանը, նախագահը բոլոր ԶԼՄ-ներին է կանչում հանդիպման եւ ծագած սկանդալային իրավիճակներն ավելի աշխույժ եւ  հետաքրքիր են դարձնում նրա մամուլի ասուլիսները: Հեռավոր մարզից Մոսկվա եկած լրագրող Մարիա Սոլովենկոն, որին Պուտինն անունով դիմեց, ասելով՝ «Спасибо, Маша», հակադարձեց՝ « Спасибо, Вова» արժանապատվության դաս տալով իր հարյուրավոր գործընկերներին:



 



Մեր նախագահը, որը նախընտրական շրջանում հորդորում էր «Դուք»-ով դիմել Հայաստանի քաղաքացուն, ներկա լրագրողներին «դու»-ով էր դիմում, հարցնելով «Ազատության» երեւանյան գրասենյակի  ղեկավար Հրայր Թամրազյանին, թե արդյոք նա կգնա՞ր հացադուլավոր Րաֆֆու մոտ, եթե նախագահ լիներ: Այս մանր անտակտության պատասխանը ներողամիտ ժպիտը եղավ: Սարգսյանի առաջին ասուլիսը ցույց տվեց  նաեւ, որ նա ուզում է «բաց» նախագահ լինել, բայց այնքան էլ պատրաստ չի «բացվելու»:  «Երկիր Մեդիա»-ի քաղաքական եւ լրատվական բլոկի պատասխանատու Գեղամ Մանուկյանի՝ կոռուպցիայի դեմ կիսատ-պռատ պայքարի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նա երկրում կատարվող դրական փոփոխությունների վերաբերյալ հետեւյալ օրինակը բերեց: «Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, եւ այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում եւ հարց է ուղղում հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին»,- ասաց նախագահը, եւ նրա սեփական մեծահոգության խորը գիտակցումով: Գեղամ Մանուկյանից իմացանք, որ այս «խայտառակ» բառը նախագահի հասցեին «Երկիր Մեդիայի» եթերում հնչեցրել է Զարուհի Փոստանջյանը: «Եվ սա անթույլատրելի էր»,- ասաց Գեղամ Մանուկյանը:



 



Ըստ նրա, ասուլիսի մոնտաժված կտորները շատ չեն: Ինքը մի մեկնաբանություն է արել, «սեւ» գույներով իրականությունը տեսնելու նախատինքի հետ կապված: Ասել է, որ ոչ թե սեւ, այլ վարդագույն ակնոցներով ենք նայում, բայց հետագայում այս կտորը չի գտել տեսանյութում: «Բավարարվա՞ծ եք արդյոք ասուլիսով» հարցին ի պատասխան էլ ասաց. «Ինձ բավարարում է միայն արդյունքը», եւ այս ձեւակերպումը եվրադիտորդների ձեւակերպումները հիշեցրեց: Առհասարակ, բոլոր լրագրողներն աշխատում էին եվրադիտորդների նման պատեհ-անպատեհ քաղաքակիրթ ժպտալ: Ոմանք էլ, ինչպես Հ2-ի Շավարշ Գեւորգյանը, ամեն կերպ՝ իրենց շարժումներով, միմիկայով, տեղ-տեղ դեմքի դատապարտող արտահայտությամբ, ցույց էին տալիս, որ համամիտ են նախագահի հետ: Ոմանք նույնիսկ «ոստիկանական» հարցեր էին տալիս:



 



Օրինակ, ընդդեմ «միտինգային ժողովրդավարության» հարց տվեց «Իրավունքի» խմբագիրը, ճշտելով նախագահից, թե արդյոք պետք չէ՞ միտինգների ժամանակ հակապետական եւ հակաբարոյական ելույթների սահմանափակումներ մտցնել: Հիշում եմ այդ նույն լրագրողի վառ ընդդիմադիր անցյալը եւ որպես կոլեգա՝ ցավում եմ: ԹիՎի-ներում աշխատող մեր գործընկերները, որոնց խնդրեցինք ասուլիսում տիրող մթնոլորտը նկարագրել, երկչոտ էին եւ խնդրում էին իրենց անունները չհրապարակել: «Չնկատեցի՞ր, դահլիճում կայի՞ն արդյոք ձայնագրիչներ» հարցին նրանցից մեկը պատասխանեց, որ ինքը հեռուստատեսային լրագրող է, եւ քանի որ իրեն պետք չէր ձայնագրիչ, չի էլ նկատել՝ դահլիճում եղել են ձայնագրիչներ, թե ոչ: Գեղամ Մանուկյանը՝ «Երկիր  Մեդիայից», վստահեցնում էր, որ ձայնագրիչներ եղել են, բայց, որպեսզի չփակեն տեսադաշտը, տեղադրված են եղել ոչ թե նախագահի սեղանին, այլ «դինամիկների» վրա: Հեռուստալրագրողներին էլ նախապես ասվել է, որ օպերատորների հետ չգան, եւ որ բոլոր անհրաժեշտ կադրերը նախագահականը կտրամադրի: «Մենք բավարարվել ենք դրանով եւ հետագայում տեսանք, որ ասուլիսը մոնտաժված չէր»,- ասաց Քրիստինե Սուքիասյանը՝ «Կենտրոն» հեռուստատեսությունից:



 



Հարցին, թե որպես ընդդիմադիր հեռուստատեսության աշխատակից, գո՞հ է արդյոք ասուլիսից, նա պատասխանեց. «Այո, նորմալ ասուլիս էր»: Մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այսօր խիստ զգուշավոր էին արտահայտվում թեմայի շուրջ: «Լավ պատրաստված էր նախագահը: Երկու ժամ տեւած ասուլիսի ժամանակ հարթ ու անսխալ խոսում էր»,- ասաց լրագրողներից մեկը «ինկոգնիտո»: