Հնարավոր է հասարակ քսերոքսի ապարատով

Հնարավոր է հասարակ քսերոքսի ապարատով
Հետընտրական շրջանի քաղաքացիական արդարացի ընդվզումները մեզ բոլորիս, համենայնդեպս հասարակության օբյեկտիվորեն դատող հատվածին ապացուցեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է մեր իրարամերժ քաղաքական առօրյայում: Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ համախմբել ընդդիմադիր զանգվածին իր շուրջ, կարողացավ համախմբել հրապարակներում, հալալ ա՝ խոսք չկա:



 



Րաֆֆին իրեն դրսեւորում է որպես հմուտ դիվանագետ եւ իսկական ջենթլմեն, մի խոսքով՝ ապրի ինքը: Բայց նրա համակիրների համար դա քիչ է, նրան հարողներին եւ նրա շուրջ համախմբված զանգվածին դա շատ քիչ է հետաքրքրում: Յուրաքանչյուր հանրահավաքից հետո նրանցից ոչ ոք չի կարող պատասխանել մի հասարակ հարցի՝ բա հետո՞, վերջն ի՞նչ է լինելու:



 



Համոզված եմ՝ ճնշող մեծամասնությունը նմանատիպ հարցերի պատասխանը չգիտի, ասենք, նրանց իսկի չեն էլ հետաքրքրում պատասխանները, բոլորը հույսները դրել են առաջնորդի վրա, դա ամենից հեշտ բանն է, լավ եւ փորձված տարբերակ է, դեպքերի ցանկացած զարգացման համար նա է պատասխանատու: Իսկ տեսնես Րաֆֆին հույսը, բացի Տեր Աստծո վրա դնելուց, էլ ո՞ւմ կամ ինչի վրա է դրել: Նրանք, ովքեր մեղադրում էին նրան արեւմտամետ լինելու մեջ, հիմա տարակուսում են, քանի որ հակաօբամայական արտահայտություններ է անում, ի սկզբանե ռուսամետ չէր, խուսափում է կտրուկ եւ կոնկրետ արտահայտություններից Սերժ Սարգսյանի հասցեին, ոչ մի կոնկրետ քայլ դեռ չի ձեռնարկել: Պատրաստ է համագործակցել ցանկացած ոչ իշխանամետ ուժի հետ, բայց այս ամենը շատ քիչ է ներկա ներքաղաքական ստեղծված իրավիճակի համար: Ի վերջո, տեսնես վերջը գոնե նրան տեսանելի՞ է, թե՞ չէ: Հացադուլից էլ «խամ» չենք, հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա ժողովրդի կողմից ընկալվում է ոչ զավեշտական ձեւով, ինչպես անցյալ անգամ էր, բայց բոլորը չեն շտապում նրան միանալ:



 



Ես հավատում եմ, որ Րաֆֆին հայրենասեր եւ ազնիվ մարդ է, բայց քաղաքական գործիչ լինելը հեշտ բան չէ, էլ չեմ խոսում նման դաշտում ազնվություն պահպանելու համար: Կարծես Րաֆֆին փակուղու առջեւ է, եթե կարծում է, որ ելքը փակուղուց կհայտնվի ինքնաբերաբար, ինչ-որ մեկի առաջարկով կամ համատեղ ջանքերի կոնտրոնացմամբ՝ հաշվի առնելով, թե նրա շուրջն ինչպիսի անհատներ են համախմբվում, ապա պարզ են դառնում նրա հապաղելու պատճառները: Մի տասն օր՝ «բարեւ», մի քանի օր՝ «դատապարտում ենք», մի քանի օր էլ՝ «Հայաստան-Հայաստան», մինչեւ ինաուգուրացիա հացադուլ, բա հետո՞: Հետո-ն պարզ չէ:



 



Իսկ ամեն ինչ կարող է հնարավոր դարձնել միմիայն հստակ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում, նախեւառաջ անձամբ իր համար հստակեցնելով առկա խնդիրները եւ հետագա ռազմավարությունը, լինել անկեղծ գործընկերների եւ շահագրգիռ կոնսոլիդացված ուժերի հետ եւ, ամենակարեւորը՝ հուսախաբ չանել եւ չհիասթափեցնել ժողովրդին: Ժողովուրդը Րաֆֆու երաշխիքն է ցանկացած պարագայում: Բայց ժողովուրդը երկար սպասել չի սիրում, եւ նրան հետաքրքիր չեն քաղաքականության նրբությունները: Իսկ նրա ներուժը Րաֆֆին, կարծես թե, ըստ արժանվույն կիրառել չի շտապում, նույնիսկ տեղ-տեղ զսպում է պոռթկումները: Ստեղծված իրավիճակն անհեթեթ է նաեւ նրանով, որ բոլոր նրանք, ովքեր շատ թե քիչ պատկերացում ունեն հնարավոր ուղիների վերաբերյալ եւ բավականաչափ քաղաքական կամք՝ ճգնաժամից ելք գտնելու, չեն փորձում Րաֆֆուց առաջ ընկնել՝ վախենալով, որ կընկալվեն որպես հաջողության ուզուրպացիա, եւ նրանց մասնակցությունը սահմանափակված է ելույթներով եւ կոնսուլտացիաներով:



 



Այնինչ ներկայիս նախադրյալները լիուլի բավական են ռադիկալ եւ էական կերպով փոխելու պայքարի ուղղությունը՝ մտցնելով իսկական բեկում: Ասածս ծիծաղելի կթվա, բայց այս ամենի համար բավական է քսերոքսի ապարատ եւ Ա4 ֆորմատի թուղթ: Ընդամենը անհրաժեշտ է հանրահավաքների ժամանակ կազմակերպել իմպիչմենտի գործընթաց՝ ստորագրահավաքի միջոցով: Քաղաքացին իր անձնագիրը պատճենահանում է եւ վրան իր ձեռագրով գրում՝ ընտրել եմ Րաֆֆուն, չեմ վստահում Սերժին: Սրանից էլ հեշտ բա՞ն, գոնե այս անգամ այդ նույն  միջազգային դիտորդներին կարելի կլինի ապացուցել, թե կոնկրետ քանի մարդ է իր ձայնը վստահում Րաֆֆուն, մնում է միայն, որ Րաֆֆին կոնկրետ քայլի ցանկություն եւ կամք ցուցաբերի: Այլապես նա կդասվի գեղամյանների, բաղդասարյանների, դալլաքյանների շարքը:



 



Հասմիկ ՕԹԱՐՅԱՆ