Ժամանակակից գրականությունն արժեւորման կարիք ունի

Ժամանակակից գրականությունն արժեւորման կարիք ունի
Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ Երեւանի պետական համալսարանում եւ ապա Ծաղկաձորի Հայաստանի գրողների միության տանը ապրիլի 5-6-ն անցկացվեց գիտաժողով՝ նվիրված ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներին: Գիտաժողովին հրավիրված էին Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գիտնականներ,  բանասերներ: Գիտաժողովի կազմկոմիտեի մեջ էին նաեւ Հայաստանի գրողների միությունը, ԳԱԱ գրականության ինստիտուտը:



 



Լիլիթ Գալստյանը նշեց, որ այս` 6-րդ գիտաժողովը շատ կարեւոր էր եւ թիրախային: Ժամանակակից գրականության, մասնավորապես արձակի փուլերին, նրա կողմից առաջադրված խնդիրներին իրապես անհրաժեշտ է լուրջ, գիտական մոտեցում, եւ գիտաժողովի ընթացքում հնչած 22 զեկուցումները նվիրված էին հենց այդ գործառույթներին: Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամը, կազմակերպելով այս գիտաժողովը, նպատակ ունի խթանել ժամանակակից գրականության զարգացումը եւ դրա վրա բեւեռել ակադեմիական միտքը:



 



Լիլիթ Գալստյանն ավելացրեց նաեւ, որ հայ ժամանակակից գրականությունը վերլուծության, արժեւորման կարիք ունի, հոգեւոր լուսանցքում հայտնվելու վտանգն այսօր զգալի է, եւ դաշտն ընդլայնելու, դաշտին տարածություն ու հնարավորություն տրամադրելու խնդիրը կա: Եվ, իհարկե, մեկ գիտաժողովի ընթացքում անհնար է սպառել բոլոր հիմնախնդիրները, պիտի շարունակել, օրինակ, առանձին գիտաժողով նվիրել ժամանակակից գրականության մեջ գրական լեզվի առկայությանն ու խնդիրներին: Ի վերջո, այս ամենն ուղղված է նաեւ մեր հասարակությանը, որը նույնպես պիտի սովորի ընկալել ժամանակակից գրականությունը:  Զեկուցումներ կարդացին գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Յակոբ Պալեանը, Վահրամ Դանիելյանը, Սուրեն Դանիելյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Ժենյա Քալանթարյանը եւ ուրիշներ: Բոլոր 22 զեկուցումները կամփոփվեն մեկտեղ եւ ընթերցողին կներկայանան գրքով: