«Ազգային պատկերասրահ» երաժշտական 9-րդ փառատոնը

«Ազգային պատկերասրահ» երաժշտական 9-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության  առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը:



 



Միջազգային համբավ ձեռք բերած փառատոնն արդեն իններորդ անգամ ներկայացնում է հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ` հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ  եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ: Փառատոնի առաքելությունը չի սահմանափակվում  դասական երաժշտության պրոպագանդմամբ, հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելով: Այն հասարակության լայն շերտերին հնարավորություն է տալիս յուրահատուկ մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ դիտել պատկերասրահում գտնվող որմնանկարները:



 



Ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված փառատոնի ծրագիրը բավականաչափ հագեցած է: Ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը եւ Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը (Ռուսաստան), Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան (Իսպանիա), Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը (սոպրանո), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո),  Պերճ Քարազյանը (տենոր),  Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի եւ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա (2006թ.-ից) հովանավորության եւ  հոգատարության շնորհիվ:



 



«Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում կարեւոր տեղ է հատկացվում շնորհալի երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, դրա զարգացմանն ու կատարելագործմանը: Դա բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից եւ կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը լինեն հետեւողական ու անկեղծ: Տարիների ընթացքում հաջողություններ արձանագրած եւ միջազգային համբավ ձեռք բերած այս փառատոնը դարձել է Հայաստանի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը: Այն հրաշալի է նաեւ իր մատուցման ձեւի մեջ: Արվեստի եւ երաժշտության համադրությունը նույնքան գեղեցիկ է, որքան բնությունն ինքը:  «Ազգային պատկերասրահը» աշխարհն իրական գույներով տեսնելու եւ այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2008թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում: