«Անուշ» օպերայի նոր նախագիծը

«Անուշ» օպերայի նոր նախագիծը
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է նորովի մեկնաբանված օպերայի պրեմիերան:



 



Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի խորեոգրաֆ Նիկոլա Մյուզենը նոր շունչ են հաղորդել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային: Մեկդարյա ստեղծագործական պատմություն արձանագրած օպերայի նոր մեկնաբանությունը համայն մարդկությանն ուղղված յուրօրինակ համարձակ կոչ է. վերանայել իրողությունների հանդեպ հասարակական կոշտ կարծրատիպերը` դրսեւորելով քաղաքակիրթ վարքագիծ եւ մարդասիրություն:



 



Հայ եւ ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքը կոնցեպտուալ եւ տեխնոլոգիական նոր լուծումների համադրություն է, որը կյանքի կոչելու ընթացքում ռեժիսորն ու պարուսույցը ձգտել են չդավաճանել Տիգրանյանի մեկնաբանությանը` ժամանակի շունչ եւ խորություն հաղորդելով դրան: Մտահղացման, ֆինանսական եւ արտադրության տեսանկյունից հավակնոտ այս նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվել է շուրջ երկու տարի:



 



«Կան ստեղծագործություններ, որոնք ծնվում են ժամանակի հետ եւ արժանանում հավանության: Գոյություն ունեն, սակայն, այնպիսիք, որոնք երբեք չեն կորցնում իրենց փայլն ու արդիականությունը` անվերապահորեն ընդունվելով որպես իրական արժեք: Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը հենց այդպիսիներից է: Նրա «Անուշ»-ը վաղուց դադարել է հայկական բնաշխարհի մի գողտրիկ անկյունի` Լոռվա անցուդարձ ներկայացնող պոեմ լինելուց: Հանճարեղ պարզ եւ նույնքան խորը բովանդակություն ունեցող պոեմն այսօր արդեն ընկալվում է որպես համամարդկային արժեք: Հպարտություն է հովանավորել մի նախաձեռնություն, որի նպատակը Թումանյանի արժանի հիշատակը նորովի վերագնահատելու ձգտում ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Օպերայի նոր մեկնաբանությունը կյանքի կոչելու համար գլխավոր դերակատարներն ընտրվել են Կոնսերվատորիայից` մրցութային կարգով: Բեմական գործողությունների պատկերն առավել ամբողջական է դարձրել էկրանին ցուցադրվող Լոռվա բնապատկերը:



 



Նոր «Անուշ»-ը խոստանում է լինել գարնան ամենանշանակալի եւ քննարկվող մշակութային իրադարձությունը Հայաստանում: Այն ցուցադրվելու է նաեւ Փարիզում: