Գրոսմանի «Հայկական նոթատետրը» թարգմանվել է անգլերեն

Գրոսմանի «Հայկական նոթատետրը» թարգմանվել է անգլերեն
Forward.com լրատվակայքը հաղորդում է, որ լույս է տեսել ռուս հայտնի գրող Վասիլի Գրոսմանի «Հայկական նոթատետր» վիպակի անգլերեն թարգամնությունը: Կայքը գրում է. «Հազար ինը հարյուր վաթսունմեկ թվականին Վասիլի Գրոսմանը եկավ Հայաստան՝ խմբագրելու Հրաչյա Քոչարի՝ պատերազմի մասին պատմող երկարաշունչ վեպը: Գրոսմանը առաջին հայտնի ռուս գրողը չէր, որ նման ուղևորություն կատարեց՝ Օսիպ Մանդելստամը Հայաստան էր եկել նրանից առաջ՝ գրելով իր «Ուղևորություն դեպի Հայաստան»-ը, իսկ նրանից հարյուր տարի առաջ Պուշկինը, իր Կովկասյան ուղևորության ժամանակ միանալով թուրքերի դեմ ռուսական պատերազմական արշավախմբին, կատարել էր իր անդրադարձը Հայաստանին՝ անվանելով այն «Ուղևորություն դեպի Էրզրում»: Հայաստանում ապրելու երկու ամսվա ընթացքում Գրոսմանը ոչ միայն խմբագրեց Քոչարի վեպը, այլև, հետևելով Մանդելստամի և Պուշկինի օրինակին, գրեց իր սեփական հիշողությունները՝ «Հայկական նոթատետր» վերնագրով: Նրա ուղևորության արդյունքը, որն այժմ առաջին անգամ և վարպետորեն անգլերեն է թարգմանել Ռոբերտ Չանդլերը, անկասկած Գրոսմանի ամենաինտիմ գործերից է:... Այն պատմում է Գրոսմանի այցելության մասին Հայաստան՝ ժամանումից սկսած մինչև մեկնումը: Տասներկու գլուխներից մի քանիսը լի են ծիծաղաշարժ պատմություններով, մինչդեռ մյուսներն ավելի խորն են և լի Գրոսմանին հատուկ յուրօրինակ մտքերով ու խորհրդածություններով: Նա վարպետորեն պատկերում է անծանոթ քաղաքում հայտնված ճանապարհորդի զգացողությունները՝ «շփոթված, բայց լի միջուկային էներգիայի տեսողական տարբերակով՛՛ : Նա ուսումնասիրում է քաղաքը, երկար քննում  Ստալինի հսկայական արձանը, մինչև հայտնաբերում է, որ իսկական Երևանը քաղաքի ներքին բակերում է:Գրոսմանը գրում է. «Այստեղ մենք տեսնում ենք քաղաքը իբրև ապրող մարմին՝ մաշկը հանած»: Թաքնված մանրամասները բացահայտելու գրողի տաղանդը   «Նոթատետրի» ընթերցելիս ուղղակի հիացնում է:Ճանապարհորդող Գրոսմանը երկրի հոգեբանությունը հասկանալու համար խոսեցնում է բնիկներին /ի հեճուկս այն տարածված  կարծիքի, թե գրողը հազիվ երկու բառ է կարողացել արտասանել հայերենով/: Շատ հայեր նրա հետ գինի և պատմություններ են կիսում:Ոմանք նման են Գրոսմանի «Ամեն ինչ հոսում է»-ի հերոսին, ով երեսուն տարի համակենտրոնացման ճամբարում է անցկացրել ու փորձում է հարմարվել բնականոն կյանքին: Այլոց հետ զրույցները բերում են զրույցների ինքն իր հետ, հարցերի ու պատասխանների լուսավորող շարքերը ինքն իր հետ ցույց են տալիս, որ Գրոսմանը սիրում է ինքն իրեն ուսումնասիրել նույնքան, որքան սիրում է ուսումնասիրել ուրիշներին»: