Շրջիկ կրկեսն ուրախություն բերեց

Շրջիկ կրկեսն ուրախություն բերեց
Հունիսի 9-ին բացված շրջիկ կրկեսը միանգամից հետաքրքրեց հանդիսատեսին: Նախկին Դելֆինարիումի տեղում հանգրվանած կրկեսը 800 հանդիսատեսի համար է նախատեսված եւ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ լեփ-լեցուն է լինում: «Ներկայացումներ են եղել, որ բոլոր 800 տոմսերն սպառվել են: Եղել են նաեւ 400 կամ 200 հանդիսատեսով ներկայացումներ»,- ասաց «Շրջիկ կրկես» ընկերության ներկայացուցիչ, շապիտոյի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Գրիգորյանը` ծաղրածու Գոշան: Շրջիկ կրկեսում բեմադրվում են զանազան գեղարվեստական համարներ, որոնք ներկայացնում են տարբեր երկրներից ժամանած կրկեսային արտիստները: Երեխաներն անհամբեր սպասում են ծաղրածու Գոշայի բեմ դուրս գալուն, հիմնական պատճառն այն է, որ երեխաները եւս մասնակից են դառնում նրա համարներին: Ծաղրածու Գոշան 14 տարեկանից աշխատում է. «Երբ առաջին անգամ բեմ դուրս եկա այդ կերպարով, երեխաները լավ ընդունեցին, ես հասկացա, որ ճիշտ կերպար եմ ընտրել»:  Ներկայացման ժամանակ իմ կողքին էին նստած  6 տարեկան Անին եւ նրա եղբայրը՝ 4-ամյա Սուրենը։ Անին պատմեց, որ առաջին անգամ են շրջիկ կրկեսի ներկայացումը դիտում եւ անհամբեր սպասում են կենդանիների հայտնվելուն: Երեխաներին ուրախացնելու էին եկել ձեռնածուներ, ակրոբատներ: Շրջիկ կրկեսում հանդես է գալիս նաեւ ծաղրածու Գոշայի աղջիկը` 24-ամյա Ստեֆանիան: Հոր խոսքերով, աղջիկը կրկեսում է մեծացել, 4 տարեկան էր, երբ առաջին անգամ մանեժ դուրս եկավ։ «Ես ինձ ուրիշ միջավայրում չեմ պատկերացնում, սա իմ ընտանիքի եւ իմ կյանքն է: Առանց կրկեսի չեմ կարող ապրել, նույնիսկ շնչել»,- ասաց Ստեֆանիան` հավելելով, որ ամենադժվար մասնագիտություններից է, քանի որ պետք է անիրական մի բան իրական դարձնեն եւ երեխաներին զարմացնեն: Ամենասպասվածներից են նաեւ կենդանիների՝ կանադական գայլի, օձերի, մողեսների, շների, կապիկի ու նրա ձագի համարները։ Կենդանավարժներից մեկը, ով Հայաստան է ժամանել Ուկրաինայից, նշեց, որ մեծ հաճույք է ստանում, երբ նման ընդունելության են արժանանում. «Գիտակցում ես, որ քո կատարած յուրաքանչյուր քայլ գնահատվում է բարձր, եւ դրա վառ ապացույցը երեխաների ծափահարություններն են եւ նրանց ուրախությունը: Կարող ենք ասել, որ շրջիկ կրկեսը երեխաներին ուրախացնելու լավագույն միջոցն է»: Ավելի ուշ շապիտոն կհասնի Էջմիածին, Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջաններ։ Կենդանիներին պահում են հատուկ նախատեսված մեքենաների մեջ, որտեղ բոլոր հնարավորությունները կան, որպեսզի լիարժեք ապրեն, եւ քաղաքից քաղաք տեղափոխումը հեշտ իրականացվի: Խոսելով դժվարությունների մասին՝ շապիտոյի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ կրկեսի վրանային կոնստրուկցիան քանդել-հավաքելու մասնագետ Հայաստանում չկա: «Արտերկրում շատ անգամ եմ տեսել, թե ինչպես են կատարվում այդ աշխատանքները։ Հիմա մենք մեր ուժերով ենք ամեն ինչ անում՝ 6-10 հոգով։ Տեւում է 1-2 օր։ Ու լավ ենք հավաքում, որովհետեւ ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ չի եղել»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց առջեւ դրած նպատակը` երեխաներին ուրախացնելը, լիարժեք լինի:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ