ԷԼԻ 3 ԱՄՍՎԱ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԷԼԻ 3 ԱՄՍՎԱ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Վանաձորի քիմիական գործարանի՝ «քիմպրոմի» աշխատակիցներն արդեն 2 օր է, ինչ նորից դժգոհում են: Հերթական անգամ աշխատակիցների մի մասը դուրս էր եկել ցույցի ու գործադուլ հայտարարել: Իրենք՝ աշխատակիցներն էլ արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են բարձրաձայնել խնդրի մասին ու քանի անգամ են գործադուլ հայտարարել: Աշխատակիցների պահանջը դարձյալ նույնն էր՝ վճարել աշխատած ամիսների համար իրենց հասանելիք գումարները՝ մոտ 3 եւ ավելի աշխատանքային ամիսների համար:



«Վանաձոր-քիմպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարանն այժմ բանակցություններ է վարում բանկի հետ, քանի որ սառեցվել են գործարանի հաշիվները՝ մոտ մեկուկես միլիարդ դրամի հասնող պարտքեր ունենալու պատճառով: Իսկ այդ պարտքերը կուտակվել են գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները չտալու պատճառով: Գործարանը մոտ 6 ամիս աշխատել է, հումք արտադրել, սակայն վճարումներ չի կատարել, ինչի հետեւանքով էլ կուտակվել են ահռելի պարտքեր: Քիմիական գործարանի աշխատակիցներին, սակայն, այս ամենը չի հետաքրքրում: «Մենք նորմալ աշխատել ենք, պարտաճանաչ գործի ենք եկել, էդքան տրանսպորտին փող ենք տվել, հաց ուտելուն փող ենք տվել, բայց կոպեկ չենք ստանում: Էն էլ հիմի, որ երեխեքին դպրոց ճամփելու համար էդքան փող ենք ծախսել»,- նշում էր աշխատակիցներից մեկը: Ի դեպ, գործարանի աշխատողները, առաջիկա մի քանի օրում գումար չստանալու դեպքում, պատրաստվում են փակել հարակից ճանապարհը:



Հավելենք, որ գործարանային պարտքերը 1,5 միլիարդ դրամի են հասնում, իսկ աշխատավարձերինը՝ մոտ 100 միլիոնի: Աշխատավարձեր չստանալու պատճառով միայն անցած մի քանի ամսում գործարանը լքել են 60-ից ավելի աշխատակիցներ: Գործարանում աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 80-150 հազար դրամի սահմաններում: 150 հազար դրամն առավելագույն աշխատավարձն է, գործարանում 930 աշխատակից կա 3 ենթաբաժիններում` քիմգործարանում, ջերմաէլեկտրակայանում եւ քիմիական մանրաթելերի գործարանում:



Այս ենթաբաժինների աշխատակիցները պնդում են, որ բացի անցած 3-4 ամսվա համար վճարվելիք գումարներից, գործարանը պարտքեր ունի նաեւ 2011, 2012 թվականների մի քանի ամիսների համար:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



 Լոռու մարզ