Մայր Աթոռը մտահոգություն է հայտնում

Մայր Աթոռը մտահոգություն է հայտնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսիին եւ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին, որտեղ արձանագրել է, որ նման հանդիպումները նպաստում են փոխհամագործակցության զորացմանը եւ կապերի ամրապնդմանը:



Գարեգին Բ-ն բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: 



Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին` նա իր խորը մտահոգությունն է արտահայտել այս կապակցությամբ` տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ եւ ամեն ջանք գործադրում է` ի զորակցություն Սիրիայի ժողովրդի եւ սիրիահայ համայնքի:



Կաթողիկոսը նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով եւ կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում եւ մասնավորապես` Սիրիայում:



Հանդիպմանը դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ընծայվել է «Հիսուս Քրիստոսը Պետրոս Առաքյալի հետ» փորագրություն-նկարը, որը երկու տարվա ընթացքում պատրաստել է իրանցի մահմեդական արվեստագետ Մեհդի Աղղազադեն: Գարեգին Բ-ն արվեստագետի գործը համարել է կրոնների երկխոսության, փոխհանդուրժողականության եւ եղբայրական ոգու լավագույն դրսեւորում` նշելով, որ փայտյա պատկերն իր արժանի տեղը կգտնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուում: