Կուտակայինի հարցը կքննարկվի

Կուտակայինի հարցը կքննարկվի

ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները երեկ ավարտեցին արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը՝ ապահովելով արտահերթ նիստ հրավիրելու համար պահանջվող նվազագույն 44 պատգամավորի ստորագրությունները: Արտահերթ նիստը նախատեսվում է անցկացնել այս ուրբաթ՝ ժամը 12-ին: Հիշեցնենք, որ նիստը հրավիրվում է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքից «Պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը» 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար: Նախաձեռնողը Դաշնակցությունն է, ստորագրահավաքին միացել են նաեւ անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:



 



Այս պատգամավորները դեռ վաղ են համարում պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը, երբ հատկապես հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: ՀՀԿ խմբակցությունը չի տապալի նախաձեռնությունը, քննարկմանը կմասնակցի, որպեսզի քվորում ապահովվի:



 



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ չի կարծում, թե որեւէ փոփոխություն կլինի, որովհետեւ այդ որոշումները կայացվել են սրանից երեք տարի առաջ, երբ ԱԺ կողմից ընդունվեց շուրջ 50 օրենքից բաղկացած օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանվեց նոր կենսաթոշակային համակարգը: Հիշեցնենք, որ կուտակային համակարգին անցնելուն ժամանակին կողմ են քվեարկել նաեւ այդ ժամանակ դեռեւս ՀՀԿ-ի հետ կոալիցիայում գտնվող ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ