Քննարկում կինոների ու չկինոների շուրջ

Քննարկում կինոների ու չկինոների շուրջ

Օրերս Կինոգործիչների միությունը կինոքննարկում էր կազմակերպել, բայց մինչ այդ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում հանդիսատեսին ներկայացվեցին քննարկվելիք ֆիլմերը՝ Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է», Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության», Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» ֆիլմերը (վերջին ֆիլմը ռեժիսորները չտրամադրեցին դիտման համար)։



 



Թե ինչու են հենց այս ֆիլմերն ընտրել ցուցադրության համար, Ռուբեն Գեւորգյանցը քննարկման սկզբում նշեց, որ ընտրել են վերջին շրջանի կինոպրեմիերաները եւ այսուհետ նպատակ ունեն 3-ական ֆիլմերով հանդիսատեսին ներկայացնել հայկական կինոյի վերջին պրեմիերաները։ Չնայած քննարկմանը հրավիրվել էին նաեւ ֆիլմերի ռեժիսորները, բայց նրանցից ներկա էր միայն Չալդրանյանը, ով թերեւս, կանխազգալով իր ֆիլմի առավելությունը մյուսների հանդեպ, եկել ու ականջալուր էր լինում գովեստի այն խոսքերին, որ ուղղվում էին իր հասցեին։



 



Անգամ կարծիք հնչեց, որ չէր կարելի այդ ֆիլմերը դնել մի հարթության վրա, որովհետեւ մեկը կինո է, իսկ մյուս 2-ը՝ ոչ կինո։ Ներկաների մեծ մասը, որոնց մեջ էին կինոգետներ, թատերագետներ, երիտասարդ ռեժիսորներ, ընդհանուր առմամբ հաջողված համարեցին Չալդրանյանի ֆիլմը, առանձնացնելով հատկապես գլխավոր հերոսուհու դերակատար Մարիամ Դավթյանի խաղը։ Ինչ վերաբերում է գլխավոր հերոսին, ում մարմնավորել էր հենց ինքը՝ Չալդրանյանը, ապա կարծիքները միանշանակ չէին:



 



Այն բանից հետո, երբ ներկա թատերագետներից մեկը Չալդրանյանին դիմելով ասաց, որ ամենամեծ վնասն իր ֆիլմերին հենց ինքն է հասցնում, ներգրավվելով դրանցում որպես դերասան, ներկաներից յուրաքանչյուրը Չալդրանյանին արժանիորեն խորհուրդ էր տալիս մի քիչ կրճատել իր ներկայությունն էկրանին, որովհետեւ շատ է երեւում։ Ինչ վերաբերում է մյուս երկու ֆիլմերին, ապա անխտիր բոլորի կողմից դրանք որակվեցին հակակինեմատոգրաֆիկ, եւ խնդիրը ֆիլմերից մեկի դեպքում բոլորովին էլ միասեռականների թեման չէր. եթե կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նկատեց, որ այսօրվա իրականությունն ուղղակի սխալ է ներկայացված «Անունս Վիոլա է» եւ «Ապակե կախազարդը» ֆիլմերում, ապա կինոգետ Սուրեն Հասմիկյանն էլ Քոչարի ֆիլմի պարագայում նշեց, որ այդպես չի կարելի վերաբերվել, ու եթե ընտրել ես այդ թեման, ուրեմն տակից պետք է դուրս գաս։



 



Ինչից հետո Գեւորգյանցն էլ կես կատակ հավելեց, որ չնայած Քոչարին սիրում է, բայց նրա ֆիլմից հետո «Վիոլա» պանիր այլեւս չի գնելու։ Ի վերջո, ներկաների կողմից հարց բարձրացվեց նաեւ, թե ինչու է պետությունը նման ֆիլմերը ֆինանսավորում, ինչն Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն այսպես պատճառաբանեց՝ իրենք պետական աջակցությունը տալիս են պրոյեկտներին եւ ոչ ավարտուն ֆիլմերին. «Այսինքն՝ սցենարի մեջ ինքն ընդունելի է եղել։ Պետությունն ի սկզբանե ֆիլմը չի ֆինանսավորում ամբողջությամբ, այլ միայն աջակցում է»։



 



Քննարկման վերջում ձայն տրվեց նաեւ Վիգեն Չալդրանյանին, ով, չնայած փորձեց շրջանցել կոլեգա ռեժիսորներին, բայց փաստեց, որ այդ երկու ֆիլմերն էլ, անկախ տապալումից, մի քանի ամիս է, ինչ հեռուստատեսությամբ գովազդվում են, 6 ամիս է՝ տոմս են վաճառում ու մրցանակներ շահում, ինչը, ըստ նրա, ուղղակի աբսուրդ է։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]