Հայաստանը՝ վարկանիշային աղյուսակներում

Հայաստանը՝ վարկանիշային աղյուսակներում

Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու Հայաստանից  դուրս իրականացված սոցիոլոգիական հարցումները  հաճախ բացասական գնահատականներ են պարունակում:



Այդպիսի պարագաներում սովորաբար ասվում է, թե այդ ուսումնասիրություններն ու զեկույցները օբյեկտիվ չեն եւ որոշակի նպատակներ են հետապնդում: Երբ եզրակացությունները դրական են, դրանք համարվում են անաչառ եւ մասնագիտորեն բարձր կարգի  ուսումնասիրություններ, կառավարությունը նիստեր է նվիրում այդ գնահատականներին: 2013թ. տասնյակ զեկույցներ հրապարակվեցին. դրանցում կան մտահոգիչ գնահատականներ, կան նաեւ ոգեւորիչները, սակայն մտահոգիչն ու անհանգստացնողն ավելի են եւ փաստում են, որ շատ հարցերում ենք հետ մնում աշխարհից: Եվ քանի որ մեր կառավարությունը սովորաբար թաքցնում է վատ գնահատականները, փորձենք անդրադառնալ այն զեկույցներին, որոնցում ունեցել ենք հետընթաց:



Նախորդ տարեսկզբին՝ հունվարի 23-ին, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները զեկույց հրապարակեցին, ըստ որի՝ երիտասարդների գործազրկության առումով ԱՊՀ երկրներից ամենաբարդ իրավիճակը Հայաստանում է։ Մասնավորապես, Հայաստանում երիտասարդների գործազրկությունը կազմում է 39,1%:



Հունվարի 31-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրեց աշխարհի կտրվածքով մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց. Հայաստանի մասին նշում են, որ Հայաստանի իշխող կոալիցիան պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը 2012-ի ընտրություններից հետո՝ վարչական ռեսուրսների եւ ընտրողներին, դիտորդներին ու լրագրողներին վախեցնելու վերաբերյալ մեղադրանքների ֆոնին: Իսկ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ որոշ լրագրողներ դաժան հարձակումների են ենթարկվել «կողքից նայողների» կողմից, որոնցից ոմանք Հայաստանի իշխող կուսակցության անդամներ են:



Փետրվարի 22-ին Slon պարբերականը հրապարակեց 2012-ին «դժբախտության ինդեքսը» աշխարհի երկրների մեծամասնության համար: Այդ ցուցանիշն ստացվում է գործազրկության եւ գնաճի հաշվարկմամբ: Այդ ցանկում Հայաստանը հայտնվեց 12-րդ հորիզոնականում` Եգիպտոսի եւ Թունիսի միջեւ: Հայաստանն իր հարեւան երկրներից ամենադժբախտն է:



Փետրվարի 14-ին «Գելափի» հետազոտողները ներկայացրին աշխարհի 136 երկրում իրականացված հետազոտության արդյունքները: «Քո նախորդ օրը լի՞ է եղել սիրով» հարցը տալով՝ նրանք փորձել են փոխադարձ կապ գտնել սիրո եւ ազգության, տարիքի, դրամի, տնտեսական զարգացման միջեւ: Հայաստանը ցուցակի ամենավերջին տեղում է:



Մարտի 15-ին ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը հրապարակեց «Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյա զեկույցը, որտեղ մեր երկիրն զբաղեցնում է 87-րդ տեղը 187 երկրների շարքում, ինչը հարեւան երկրների շարքում ամենացածր տեղն է, բացի Թուրքիայից, որից Հայաստանն առաջ է 3 կետով: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ Հայաստանը մեկ կետով ներքեւ է իջել աղյուսակում: Զեկույցն աշխարհի երկրների բնակչության կյանքի սպասվող տեւողության, կրթության մակարդակի եւ եկամուտների (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով) ցուցանիշների հիման վրա մշակված համապարփակ վիճակագրություն է:



Ապրիլի 4-ին «Գելափ» կազմակերպությունը հրապարակեց ԽՍՀՄ նախկին տարածքի 12 երկրի 15 տարեկանից բարձր 41.072 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց նպատակն էր պարզել բնակիչների՝ հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկության աստիճանն ու պատճառները։ Հարցումն անցկացվել է 2010-2012թթ. ընթացքում: Մեր երկրում հարցվածների 40 տոկոսը ցանկացել են երկիրն ընդմիշտ լքել: Սա ուսումնասիրված երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Նրանց մեծ մասը պատճառ են նշել տնտեսական գործոնները։



Ապրիլի 19-ին հրապարակվեց ԱՄՆ Պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հերթական՝  2012 թ. զեկույցը:



Ըստ զեկույցի, 2012-ին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալի խախտումներ են եղել  իշխանափոխություն կատարելու քաղաքացիների իրավունքների սահմանափակումը, կոռուպցիան եւ թափանցիկության բացակայությունը կառավարությունում, դատական համակարգի ոչ լիարժեք անկախ լինելը: Դատարանները նախկինի պես շարունակել են գործադիր իշխանության կողմից քաղաքական ճնշման ենթարկվել, ինչն իր հերթին հանգեցրել է որոշ անձանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումների եւ դատավճիռների կայացման: Պետքարտուղարության զեկույցները Հայաստանում սովորաբար սվիններով են ընդունվում:



Հուլիսի 9-ին հրապարակվեցին կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013-ի տվյալները, ըստ որի՝ Հայաստանում հարցվածների միայն 19 տոկոսն է համարում, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում նվազել է, իսկ ըստ 43 տոկոսի՝ այն աճել է։ Հայաստանցի հարցվածների 82 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր, դա այդպիսին չի համարում միայն 3 տոկոսը։ Առավել կոռումպացված են ընկալվում պետական պաշտոնյաները կամ հանրային ծառայողները, դատական եւ առողջապահական համակարգերը, դրանից հետո գալիս է ոստիկանական համակարգը։



Հոկտեմբերի 22-ին «Գելափը» ներկայացրեց աշխարհի 129 երկրներում անցկացրած ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրա, Հայաստանի բնակիչների 74 տոկոսը մտածում է, որ երկրի պետական համակարգը կոռումպացված է:



Նոյեմբերի 27-ին Համաշխարհային բանկը հրապարակեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում: Նշվում է, որ մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը, իսկ օլիգոպոլիաների հետ միասին՝ մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության գրեթե 2/3-ը:



Դեկտեմբերի 3-ին «Գելափը» ներկայացրեց աշխարհի 147 երկրներում անցկացված հարցումների արդյունքները. ըստ դրանց, Հայաստանի եւ Բուլղարիայի բնակիչները 2012-ին ամենաշատն են տանջվել աշխարհում: Հայերի 37%-ն իրենց կյանքը 2012-ին իսկական «տանջանք» է համարել: Փաստորեն, մենք կարող ենք այնքանով հպարտանալ, որ Բուլղարիայի բնակիչներն ավելի են տառապում:



Դեկտեմբերի 19-ին «Գելափը» ԽՍՀՄ փլուզման 22-ամյակի կապակցությամբ հրապարակեց ԽՍՀՄ-ի նկատմամբ հետխորհրդային 11 երկրների հասարակությունների տրամադրությունները: Հայաստանցիների 66 տոկոսը ԽՍՀՄ փլուզումը համարել է իր համար վնասակար. օգտակար է համարել ընդամենը 12 տոկոսը: Հայաստանն զբաղեցնում է առաջին հորիզոնականը:



Սա ցավալի իրողություն է. 1991 թվականին անկախության հանրաքվեին 95 տոկոս կողմ քվեարկած հանրությունը, փաստորեն, 22 տարի անց սխալ է համարում իր որոշումը: Սա Հայաստանի կառավարության գործունեության ամենաճշգրիտ գնահատականն է:



Տարվա վերջին զեկույցը հրապարակվեց դեկտեմբերի 28-ին՝ Global FinancialIntegrity կազմակերպության կողմից: Ըստ դրա՝ 2002-2011 թվականների ընթացքում կառավարության կոռուպցիայի, հարկերից խուսափելու եւ այլ ապօրինի ֆինանսական օպերացիաների հետեւանքով Հայաստանից անօրինական դուրս է հանվել 6,2 մլրդ դոլար:



Մենք ներկայացրինք բազմաթիվ զեկույցներից ընդամենը մի քանիսը. առավել տագնապեցնողները եւս կան, որոնց կանդրադառնանք հետագայում՝ առանձին-առանձին:



Սեպտեմբերի 4-ին, երբ հրապարակվեց «2013-2014թթ. մրցունակության համաշխարհային զեկույցը», որով Հայաստանը երեք կետով առաջ էր անցել նախորդ տարվա համեմատ՝  զբաղեցնելով 79-րդ տեղն աշխարհի 148 երկրների շարքում, թվեր սիրող մեր կառավարությունը միանգամից հայտնվեց ցնծության մեջ: Կառավարության ղեկավարը նիստը բացեց այդ «ավետիսով»: Նման ոգեւորություն մեկ էլ մեր կառավարության անդամներն ապրել էին 2012-ին, երբ հրապարակվեց Doing Business-ի զեկույցը: Այն ժամանակ էլ բազում կոչեր հնչեցին, կառավարության նիստեր հրավիրվեցին` յուրաքանչյուր նախարար իր ոլորտում կենացներ ասաց: Սակայն կառավարությունն այդպես էլ չխորացավ բուն խնդիրների մեջ` տեսնելու, որ եթե ներդրումային դաշտը բարելավվել է, ապա ինչո՞ւ 12 տոկոսով պակասեցին օտարերկրյա ներդրումները, 35 տոկոսով` ուղղակի ներդրումները, ինչո՞ւ են հայ գործարարները մեծացրել հետաքրքրությունները Վրաստանի տնտեսական դաշտի նկատմամբ, իսկ ծայրահեղ դեպքում այստեղ իրենց սնանկ են հայտարարում` այլ երկրում այն վերաթողարկելով:



Միջազգային վարկանիշային աղյուսակներով ոգեւորվող մեր կառավարությանն առաջարկում ենք ծանոթանալ վարկանիշային մյուս տվյալներին եւս, որոնք պարզապես թվեր չեն, այլ յուրաքանչյուրը մեր պետության արժանապատվությունը վիրավորող իրողություն:



Զեկույցները, ինչպես տեսնում ենք, բազմաթիվ են, անկումները՝ խորացող ու ահագնացող: Եվ բնավ կարեւոր չէ՝ հեղինակը միջազգային հեղինակավոր կազմակերպություն է, թե ոչ եւ ինչ շահ է հետապնդում աշխարհում կամ մեր տարածաշրջանում: Մենք՝ քաղաքացիներս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք, որ հիմնական բացասական գնահատականներն իրական են: 



 



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ