Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը

Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը

Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի օրն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործոց առաջին նախարար Արամ մանուկյանի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է:



 



Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք:



 



Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին...»: