ՀՀԿ-ում սխոդկան շարունակվում է

ՀՀԿ-ում սխոդկան շարունակվում է

ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստը «կրքոտ» է եղել: Խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող ինֆորմացիոն արտահոսքի մասին: Նիստը տեւել է բավականին երկար, Սերժ Սարգսյանը ներկայացել է  ուշացումով, կազմակերպչական հարցերից, մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարից խոսելուց հետո անցել են բուն թեմային՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին առաջարկություններին:



Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել: Ակտիվ է եղել նաեւ Տիգրան Սարգսյանը, որը նախորդ անգամ ծպտուն չէր հանել: Վերջինս ծերերի հետ «կիսվել» է թիմային պայքարի  իր «տեսլականով»` հղում անելով գերմանական մոդելին: Ապա դժգոհել է, որ պառլամենտում թիմի ներկայությունը շատ դեպքերում «տեսանելի» չի լինում. ՀՀԿ ֆրակցիայի անդամը, փոխանակ թիմում ասի իր ասելիքը, ելնում՝ դահլիճում «ընդդիմադիր» հարց է տալիս, ֆրակցիայի ղեկավարը շատ դեպքերում «տեղում» չէ:



 



Նախարարներին եւս բաժին է հասել. նրանց հիշեցրել են, որ նախարարը քաղաքական պաշտոն է, եւ իրենք պարտավոր են ոչ թե «փախչել» լրագրողների հետապնդումներից, այլ բացճակատ կանգնել ու պարզաբանումներ տալ բոլոր հարցերի առնչությամբ: Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ գերադասել է լռել: Սերժ Սարգսյանն ամփոփել է խոսակցությունը, ասել է, որ լավ տեղեկացված է, թե ով ինչ է խոսում ու ինչի մասին է լռում (նա անձամբ է հետեւում համացանցին՝ այփադով): Ասել է, որ շատ լավ գիտի, թե ում մամլո խոսնակն ում ինչ պատվերներ է իջեցնում, պետք չէ ՀՀԿ-ում բոլորը միասնական` նույն միտքը հայտնեն. հո սովետում չե՞նք, բայց պետք է պաշտպանեն ՀՀԿ-ի եւ կառավարության ձեռնարկները, իր համար կարեւոր չէ խոսողի քաղաքական պաշտոնը, կարեւոր է նրա ասածի կշիռը: Ես էլ երբեք որեւէ մեկին չեմ ասելու` խոսի կամ մի խոսի: