Նախագահական ֆեյսբուք

Նախագահական ֆեյսբուք

Այն օրվանից, երբ սոցիալական ցանցերը մտան հանրային կյանք, այդ հարթակներում ներկայացված լինելը դարձավ մի տեսակ պարտադիր բան, հատկապես քաղաքական գործիչների ու նրանց կուսակցությունների համար։ Հետաքրքիր է հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախագահների ներկայացվածությունը։



 



Այսպես, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի 3 անձնական եւ մեկ հեղինակային էջ, որի հետեւորդների թիվը հասնում է 1.424-ի, առաջին նախագահի էջն ամեն օր չի թարմացվում, եւ էջում հիմնականում տեղադրված են նրա տարբեր տարիների ելույթներից հատվածներ, վիդեոպատառիկներ։ 



ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային էջն ունի 1.522 հավանող, որի շապիկին իր եւ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարն է, էջը հիմնականում պասիվ վիճակում է գտնվում։ Բացի այդ, «Ռոբերտ Քոչարյանի խումբ» վերնագրով փակ խումբ է գործում, որը 1000-ից ավելի անդամ ունի։ ՀՀ 2-րդ նախագահն ունի նաեւ ֆան-խումբ՝ 312 հետեւորդով, եւ 2 անձնական էջ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի դեմս 2rd.am-ի, որը Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք-էջն է Ֆեյսբուքում, ներկայացված են նաեւ հասարակ մարդկանց կարծիքներ 2-րդ նախագահի մասին, նրա լուսանկարները ձիավարության, լողի ժամանակ։



 



ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական էջում 3 լուսանկար կա, որոնցից մեկում Վլադիմիր Պուտինն է՝ Հրաչյա Հարությունյանի ծաղկավոր խալաթով։ Հետաքրքիր է նաեւ, որ այդպիսի էջերից մեկում Սերժ Սարգսյանի կարգավիճակը նշված է՝ ամուսնացած է, մի տեղ էլ՝ նշանված։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ  Ֆեյսբուքում ամենաքիչ ու ամենավատ ներկայացվածը գործող նախագահն է, վերջինս չունի անգամ պաշտոնական էջ։



 



Ինչ խոսք, բոլոր նախագահների անձնական էջերի դեպքում էլ ակնհայտ էր, որ դրանք ոչ միայն նրանց հետ որեւէ առնչություն չունեն, այլ նաեւ կեղծ են։  



 



Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական էջն ունի 32.419 հետեւորդ, վերջին թարմացումն այս էջում Րաֆֆի Հովհաննիսյանի ամանորյա ուղերձն է։ Դրանից բացի, նա ունի նաեւ մեկ անձնական էջ՝ «Բադասխան եք տալու» պաստառով, ու եւս մի հանրային էջ՝ 1000-ից ավելի հետեւորդներով։ 



 



Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ապա նա ունի մեկ անձնական եւ 2 հանրային էջ՝ «Մենք համակրում ենք Գագիկ Ծառուկյանին», «Ես հավատում եմ Գագիկ Ծառուկյանին» վերնագրերով եւ, համապատասխանաբար, 553 եւ 290 հետեւորդով։ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունի պաշտոնական մեկ էջ՝ 4.577 հետեւորդով, եւ չնայած այն ստեղծվել է ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ, բայց պարբերաբար թարմացվում է։ 



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ