«Նաիրիտը» կործանեցին, հանձնաժողովի առաջարկը մերժեցին

«Նաիրիտը» կործանեցին, հանձնաժողովի առաջարկը մերժեցին

Երեկ Տիգրան Սարգսյանը խորհրդարան էր եկել ոչ այնքան պատգամավորների հարցերին պատասխանելու, որքան կոնկրետ նպատակով՝ նիստի ավարտին լրատվամիջոցների առջեւ ելույթ ունենալու եւ իր ու իր եղբոր դերը քիմիական հսկան՝ «Նաիրիտը» տապալելու գործում ժխտելու համար: Հենց այս հարցն էլ սկզբում հնչեց: Հաջորդը, բնականաբար, ուկրաինական սցենարը Հայաստանում կրկնվելու հեռանկարին էր վերաբերում:



 



Պարզվում է՝ Տիգրան  Սարգսյանին ու իր թիմակիցներին գոնե արտաքուստ դա չի հուզում, քանի որ կարծում են, որ օբյեկտիվ հիմքեր չկան, եւ այդ սցենարի մասին ընդամենը երազում են որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ: «Բայց իրատեսական չէ, որ այն ՀՀ-ում եւս իրականանա՝ մի քանի պատճառով: Առաջին. մեր քաղաքական թիմի եւ մեր ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետեւյալը. մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա պառլամենտում, թե պառլամենտից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ, եւ այդ առումով մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է։



 



Երկրորդը. գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ։ Մենք ինքներս ենք բարձրաձայնում այդ պրոբլեմների մասին, ինչն ունի էական նշանակություն համագործակցության միջավայր եւ մթնոլորտ ձեւավորելու առումով, եւ այդ իմաստով մեր դռները միշտ բաց են»,- ասաց նա: Նկատենք, որ այս դռները բաց են ընդդիմախոսների առաջարկները Տիգրան Սարգսյանի սեղանին դնելու համար, որից հետո այդ առաջարկներն ու նախագծերը նույն տեսքով նույն բաց դռներից վերադարձվում են ընդդիմախոսներին: Ահա այսպիսի զուտ հայկական երկխոսության կողմնակից է Տիգրան Սարգսյանը: «Երրորդը եւ ամենակարեւորը մեր ժողովրդի դիրքորոշումն է։ Մեր ժողովուրդն անցել է արդեն այդ ճանապարհը, եւ դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար անխտիր։ Համոզված եմ, որ եւ կուսակցությունները, եւ մեր ժողովուրդը իր խոր իմաստությունը, շրջահայացությունը կդրսեւորի նաեւ այս պարագայում»,-խոստովանեց Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ դասեր նկատի ունի՝ ժողովրդի վրա իշխանությունների կրակ բացե՞լը, թե՞ ընդվզումի փորձերը դեռեւս օրորոցում խեղդելու գործիքի կիրառումը:



 



 



Վարչապետը հատկապես Մարտի 1-ից հետո իրենց քաղած դասերի մասին մի տող անգամ չուզեց նշել, շնորհակալություն հայտնեց, ցտեսություն ասաց ու շարունակեց ճանապարհը: Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիրները սպառնում են իր գլխավորած կառավարության դեմ համախմբվել ու մինչեւ վերջ գնալ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում, վարչապետը խուսանավեց, թե «կուտակայինից այնքան պարզաբանում է տվե՜լ», իսկ իր դեմ ուղղված պայքարի մասին լսեց մշտական անվրդով ժպիտը դեմքին եւ հեռացավ խորհրդարանից:  



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ