ՆԱՏՕ-ն երաշխավորեց Ուկրաինայի ամբողջականությունը

ՆԱՏՕ-ն երաշխավորեց  Ուկրաինայի ամբողջականությունը

Երեկ կեսօրից հետո ՌԴ ՊՆ-ից տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ Մոսկվայի ժամանակով 14:00-ին ՌԴ նախագահ, ԶՈՒ գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով զինպատրաստության հանկարծակի եւ կոմպլեքս ստուգումներ են սկսվում Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգներում եւ տեւելու են մինչեւ մարտի 3-ը: Ինչո՞ւ, ի՞նչ կենդանի խայթեց ՌԴ գերագույն հրամանատարին, որ հանկարծ որոշեց զինուժն Ուկրաինայի սահմանին բերել ռազմական պատրաստականության:



 



Շարքային քաղաքացին կարող է մոլորության մեջ լինել, թե հնարավոր է, որպեսզի ռուսական զինուժ մտցվի Ուկրաինայի տարածք, սակայն իրականում դա անհնար է: Անհնար է, որովհետեւ գոյություն ունի 1994-ի Բուդապեշտի հուշագիր, որով Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության երաշխավորներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը: Ուկրաինայի համար որեւէ ռազմական սպառնալիք ստեղծվելու դեպքում այդ տերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ են տեղափոխում խնդիրը եւ պաշտպանում են Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Այլ կերպ ասած` Ուկրաինայի դեմ ոտնձգություն կատարելը գրեթե նույնն է, ինչ ոտնձգություն թույլ տաս ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի դեմ: Իսկ երկրագնդի վրա գոյություն ունի՞ պետություն, որ կարող է նման արկածախնդրության  դիմել:



 



     Ինչո՞ւ են Բուդապեշտի հուշագրով անկախության եւ սահմանների անձեռնմխելիության նման բարձր երաշխիքներ տրվել Ուկրաինային: Խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան ունեցել է ստրատեգիական նշանակության միջուկային զենքի երրորդ մեծագույն արսենալը երկրագնդի վրա: Ուկրաինայի միջուկային արսենալը եղել է ավելի մեծ, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի միջուկային զենքերն իրար գումարած: Ահա այս` երկրագնդի վրա երրորդ միջուկային տերության կարգավիճակից հրաժարվելու եւ իր ողջ միջուկային արսենալը ոչնչացնելու դիմաց Ուկրաինան ստացել է անկախության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության բարձրագույն երաշխիքները` ամրագրված 1994-ի Բուդապեշտի հուշագրում: Պարզ է՝ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին զինուժի ակտիվացմամբ ոչինչ չէր անելու, բացի հոգեբանական դիվերսիայից:



 



Այդուհանդերձ, որպեսզի շարքային մարդիկ էլ Ռուսաստանի հոգեբանական գրոհներից պաշտպանված լինեն, երեկ Բրյուսելից, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից եղավ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասվեց. «Ինքնիշխան, անկախ եւ կայուն Ուկրաինան, որը հաստատապես հետամուտ է ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը, հանգուցային նշանակություն ունի Եվրաատլանտյան անվտանգության համար: Համաձայն ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի միջեւ «Հատուկ գործընկերության» կանոնադրության, ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական զարգացմանը եւ սահմանների  անձեռնմխելիության սկզբունքին, որպես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ ամբողջ մայրցամաքում կայունության եւ անվտանգություն առանցքային գործոնների»:



 



Ասել է թե` Մոսկվա, ձեռքերդ հեռու Ուկրաինայից: Քիչ անց ՌԴ ՊՆ-ից  լրատվամիջոցներին բացատրեցին, թե հանկարծակի զինպատրաստության ստուգումը վաղուց էր պլանավորված (միայն ռուսների մոտ կպատահի, որ հանկարծակին վաղուց ծրագրվի), եւ դա որեւէ կապ չի ունեցել եւ չունի Ուկրաինայի հետ:



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ