Ես զզվում եմ, դեմ եմ, բողոքում եմ

Ես զզվում եմ, դեմ եմ, բողոքում եմ

«Դեմ եմ» Մաքսային միությանը, Եվրամիությանը, կուտակայինին, կարմիր գծերին, արագաչափերին ու նկարող սարքերին, հանքերը շահագործելուն, ՋԷԿ-եր, ՀԷԿ-եր կառուցելուն, ծառահատմանը, օդի աղտոտմանը, ամեն տարի նույն տեղը ասֆալտապատելուն, Նունեի համերգին, գրքերի թանկացմանը, «Հարսնաքար»-ի դեպքերին, Մարտի մեկի վայրագություններին, փող մուրացողներին ու սովածներին, թալանչիներին ու գռփողներին, ծախվողներին, այդ թվում՝ Սերժին ու Լեւոնին... Սրանք այն խմբերն են, որոնք ամենաշատ անդամներն ունեն Ֆեյսբուքում, եւ որոնցից գոնե մեկի անդամն ես նաեւ դու, եթե գրանցված ես այդ սոցցանցում։



 



Մուննաթ դեմքով դժգոհ, բողոքող ազգ ենք դարձել: Աշխատողները բողոքում են ցածր աշխատավարձից: Չաշխատողները՝ աշխատատեղերի բացակայությունից։ «Ամեն ինչ թանկացել, կրակի գին է դարձել»,- բողոքում են խանութներում, շուկաներում։ Բժիշկ ընկերս բողոքում է՝ մարդիկ հիվանդ մեռնում են տան մեջ, իրենց չեն դիմում: Հարեւանս, ով տանը հիվանդ հարս ունի, գանգատվում է. «Հիվանդանոցներում կաշիներս քերթեցին, գրպանումս աստառն ա մենակ մնացել։ Էլ փող չունենք, որ տանք դրանց…»։ 78 տարեկան թոշակառուն բողոքում է. «Խնայդրամարկի փողերը յուրացրին, հիմա էլ արժանավայել թոշակ ու նպաստ չեն տալիս»:



 



Այս տողերը գրելու պահին խմբագրության դուռն են թակում՝ բողոքավորներ են եկել, բողոքում են դատարաններից, սխալ վճռից ու դատավորից. «Գիտենք, որ ճիշտ ենք, բայց մեր հողը մեր ձեռից առան, տվեցին հարեւանիս։ Պուզատի են, հղփացած»։



 



Այս բողոքողների բանակը տեղափոխվել է համացանց: Այստեղ բողոքողների կրակին յուղ լցնող կա։ Դու բողոքում ես՝ կողքինն էլ իրենն է ավելացնում ... ու միասին եք սկսում բողոքել: Մի ողջ բանակ էլ Ֆեյսբուքում «զզվում» է…



 



Մենք որոշեցինք հաշվարկել, թե հայաստանցիներն ինչից են ամենաշատը դժգոհում, եւ առանձնացրինք այն խմբերը, որոնք սկսվում են «զզվում եմ», «դեմ եմ» եւ նմանօրինակ հակա-արտահայտություններով։



 



«Ես դեմ եմ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի փոխարինմանը Գյումրու արվեստների պետական ակադեմիայի», «Դեմ եմ Մարց գետի ՀԷԿ-ի կառուցմանը», «Դեմ եմ արագաչափերի մասին օրենքի փոփոխմանը»։



 



Մարդիկ «դեմ են» եւ յոլա չեն գնում անգամ եղանակի հետ. «Ե՞րբ են կտրվելու էս անձրեւները», «Դեմ եմ 0-ից ցածր ջերմաստիճանին»։



 



 Օրերս խումբ բացվեց, որտեղ մարդիկ «դեմ են առանց Ղարաբաղի Եվրասիական միություն մտնելուն»: Խմբին 4 օրում ավելացել է մոտ 800 հոգի։ «Պայքար ընդդեմ հանրապետությունում ուսման վարձի անհիմն ու անօրինական թանկացման» խմբում կա 4 հազար հոգի՝ մեծամասամբ ուսանողներ են։ Նույն ուսանողները հատակապես այս քննական շրջանում ամենաշատը բողոքում եւ զզվում են ԿԳ նախարարից՝ «Զզվում ենք Աշոտյանից»: «Յախք, որ Աշոտյանը լինի մեր ԿԳ նախարարը, ուսանողների կեսն էլ քննությունները Ֆեյսբուքում պետք ա պարապի»,- գրել էր խմբի անդամներից մեկը, որտեղ 3,028 հոգի կա։ «Զզվողների» մեծ բանակ ունի նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրանից, երեկվա տվյալներով, մոտ 800 հոգի է «զզվում»։ Մեր քաղաքական գործիչների գոնե 80%-ն իրենից «զզվողների» համեստ բանակ ունի Ֆեյսբուքում՝ խմբեր չեն ձեւավորվել, բայց «զզվանքն» առկա է։



 



Իսկ ահա նախագահից բողոքող ու նրան պարսավող էջում ամեն ինչ այնքան էլ համեստ չէ: Այստեղ բողոքողներն ավելի ագրեսիվ են. «Վերջ ռեժիմին», «Վերջ Սերժի կրիմինալ ռեժիմին» խմբերում օգտատերերն ակտիվ են՝ անարգել հայհոյում են, փնովում, ծաղրում ու նվաստացնում։



 



Կարդալով մեր քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները՝ տպավորություն ես ստանում, որ ոմանք դեմ են բոլորին, ամենքին ու ամեն ինչին։



 



Ելիզավետա ԱՍԱՏՐՅԱՆ