Արմեն Սմբատյանը դեռ խորհուրդներ չի տալիս

Արմեն Սմբատյանը դեռ խորհուրդներ չի տալիս

Երեկ «Մարիոթ-Արմենիայի» սրճարանը եւս մեկ հաճախորդով էր ավելացել: Ավանդականների, այդ թվում եւ սրտի վիրահատությունից վերադարձած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սեղանի կողքին նստել էր Սերժ Սարգսյանի նորաթուխ խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, որն իր տանն անակոնդա օձ է պահում: Վերջինիս հարցրինք` արդեն գնո՞ւմ եք աշխատանքի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին: «Ոչ, առայժմ չեմ գնում, վաղը կմեկնեմ Մոսկվա, կվերադառնամ ու կանցնեմ աշխատանքի»: Ի՞նչ ոլորտներ եք համակարգելու: «Արտաքին քաղաքական»:



 



Իսկ հնարավո՞ր է Դուք եք կարգվելու Եվրասիական միությունում Հայաստանի ներկայացուցիչ: «Տեսնենք-տեսնենք»,- պատասխանեց կոմպոզիտորը: Հիշեցնենք` ժամանակներ առաջ խոսակցություններ կային, որ այդ կառույցի հայաստանյան համակարգողն է լինելու Կարեն Կարապետյանը: Ի դեպ, կոմպոզիտորի՝ ՀՀ նախագահի խորհրդական դառնալու «քավորը» ծնունդով ղափանցի ռուսաստանաբնակ հայ միլիոնատեր Սերգեյ Համբարձումյանն է, որը վերջերս Հայաստանում սառցադաշտ կառուցելու հիմնարկեք կատարեց, եւ որի միջոցներով է Մատենադարանի նոր շենքը կառուցվել. այդ նա է «խորհուրդ» տվել Սերժ Սարգսյանին խորհուրդներ վերցնել Սմբատյանից: