Ձգձգման պատճառները տեխնիկական են. քաղաքագետ

Ձգձգման պատճառները տեխնիկական են. քաղաքագետ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը կապված է տեխնիկական և բյուրոկրատական խնդիրների հետ, ոչ թե աշխարհաքաղաքական: «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք ՝ հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:



 



Նա նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում որոշ տեղաշարժեր նկատելի կլինեն ամռանից հետո՝ հոկտեմբեր-նոյեմբերին:



 



Սերգեյ Մինսյանի կարծիքով՝ ամեն դեպքում այն քաղաքագետների հույսերը, թե այս ձգձգումներն ի վերջո կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը վերադառնա սեպտեմբերի 3-ից առաջվա իրավիճակին, այսինքն`  կասեցվի ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը, անհիմն են:



 



Անդրադառնալով կառույցին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ՌԴ-ի շահագրգռվածությանն այդ հարցում և այդ ամենի հետ Ղարաբաղյան հակամարտության անմիջական կապին, քաղաքագետն ասել է, որ ռուսական կողմի համար տրամաբանական է օգտագործել իրավիճակը և ազդել Ադրբեջանի վրա:  «Դա տեսնում ենք առանձին մարդկանց հայտարարություններից: Ռուսաստանում հասկանում են, որ եթե Ադրբեջանը ստանա Ղարաբաղը, ապա բոլոր լծակները կխզի Ռուսաստանի հետ: Միակ լծակը, որ Ադրբեջանը կապում է Ռուսաստանին, ԼՂՀ-ն է, բայց նույնը կարելի է ասել նաև Հայաստանի համար: Հետևաբար` ստատուս քվոն օգտագործվում է Ռուսաստանի կողմից: Մյուս կողմից Ադրբեջանը ԱՊՀ տարածքում քիչ թե շատ ֆինանսական ավելի մեծ անկախություն ունեցող երկիրն է, նավթադոլարների շնորհիվ, ուստի չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի ստիպել Ադրբեջանին` անդամակցել այդ կառույցին»,- ասել է Մինասյանը: