Ետ տվե՜ք մեր կապուտակ Սևանը, օլիգարխներ…

Ետ տվե՜ք մեր կապուտակ Սևանը, օլիգարխներ…

Առաջ Սևանը մերն էր ու կապուտակ Սևան էինք ասում: Մեր Սևանն էինք ասում: Ո՜նց էի սիրում այս տողերը՝ Սևանի կապույտ ջրեր կարծես թե նազում եք դուք… Ու երբ լիճ էի գնում, ինձ թվում էր, թե նրա մեջ ամփոփված է ողջ Հայաստանը, Հայաստանի երկինքը՝ կապու՜յտ- կապու՜յտ…
Հիմա Սևանը մերը չէ, ժողովրդինը չէ: Կապուտակ երկինքը բաժան- բաժան են արել մեր երկրի տերերն իրենց մեջ ու լճում լողանալը վճարովի է դարձել: Ախր ու՞մն է եղել այդ լիճը, որ սեփականաշնորհել, բաժան- բաժան են արել: Ու հիմա այնտեղ գնացողները հառաչում են՝ ջրում լողալու համար փող են ուզում, փո՜ղ… Իմ հայրենիքը, իմ լիճը, հողը ու՞մն է արդյոք: Ազգային տագնապ էինք բարձրացնում, երբ Սևանի մակերևույթն իջնում էր՝ փրկե՜ք Սևանը… Փրկենք, որ տանք օլիգարխների՞ն, որ ջուրը սեփականաշնորհվի՞… Եթե տարածքները տալիս եք օլիգարխներին , որ դրանից փող շինեն, Սևանի ջուրը գոնե մի ծախե՜ք… դա յուրաքանչյուրիս սեփականությունն է… Ափը սեփականաշնորհե՜լ եք, կանգ առեք, ջուրը միք սեփականաշնորհի… Բնության, Աստծո պարգևը, որ ի վերուստ շնորհված է բոլորիս, մի վաճառեք մեզ վրա, որովհետև ի վերուստի պատիժը դաժան է լինում ու անողոք… Ու ինչ էլ ասեք, ժողովուրդը բարձրաձայնելու է՝ ետ տվե՜ք մեր կապուտակ Սևանը, օլիգարխներ…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ