Զարուհին մոռացկո՞տ է դարձել

Զարուհին մոռացկո՞տ է դարձել

Այսօր, «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մի օր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը կտեսնի երկրի նախագահի դերում:



Ճիշտը որ ասեմ՝ երբեք անվերապահորեն չեմ վստահել ամերիկյան կրթօջախներին: Դրանք լավ բաների հետ միշտ մի տեսակ նյութ են լցնում իրենց ուսանողների ուղեղները, որ սրանք դառնան անհետևողական, կորցնեն հիշողությունը և ամեն քայլափոխի հակասեն իրենք իրենց: Րաֆֆի հովհաննիսյանը բացառություն չէր: Բացառություն չէ նաև Զարուհի Փոստանջյանը, որ նոր է վերադարձել ամերիկյան ուսումնառությունից:



Հարգելի ժառանգականներ, որ դեռ Ամերիկայում ուսում չեք առել, դուք նո՞ւյնպես համաձայն եք Զարուհի Փոստանջյանի այսօր արած հայտարարության հետ, թե մի օր հայ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին կտեսնի ՀՀ նախագահի պաշտոնում: Հուսամ՝ դուք ևս չեք մոռացել վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ սա իր առաջին ու վերջին փորձն է նախագահական ընտրություններին մասնակցելու:



Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է, խնդիր չկա, հնարավոր է, որ հաջորդ փորձի ժամանակ հաջողի, բայց մենք տակավին չենք լսել, որ նա փոշմանած լինի, ինքն, առնվազնմ, նման բան չի ասել:



Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի՝  ՀՀ նախագահ դառնալու միակ տարբերակը նրան զոռով նախագահ նշանակելն է, այն էլ այն դեպքում, եթե Հայաստանը դառնա խորհրդարանական կառավարմամբ երկիր: Իսկ դրա համար «Ժառանգությանը» հարկ կլինի հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչը, կարծում ենք, վեր է այդ կուսակցության ուժերից:



Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությունից կարելի է նաև այլ եզրակացություններ անել; Օրինակ, որ «Ժառանգությունում» նախ հայտարարություններ են անում և հետո կուսակցությունով քննարկում այդ հայտարարություններն անելու պատճառներն ու հետևանքները: Խոստովանեմ՝ հետաքրքիր մարտավարություն է:



Էդիկ Անդրեասյան