Գորիսում թթի արաղի փառատոն են կազմակերպել

Գորիսում թթի արաղի փառատոն են կազմակերպել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորից իր «ափսեում» է, իր ռեժիմը Սյունիքում վերականգնելու փորձերն իզուր չանցան, եւ նախկին մարզպետն այնքան է ակտիվացել, որ իրեն ոչ թե «այլընտրանքային», այլ «ուղիղ» ղեկավար է համարում: Նա ամեն ինչ ուզում է անել, որպեսզի ցույց տա, որ մարզում «ասողն» ինքն է, եւ գործող մարզպետ Վահե Հակոբյանն ընդամենը «անգլիական թագուհի» է: Լիսկայի ակտիվության դոզան այնքան մեծ է, որ նրա մտահղացումները դուրս են գալիս տրամաբանության շրջանակներից: Օրինակ, մոտ մեկ-երկու ամիս առաջ է Գորիսում թութը վերջացել, սակայն այսօր քաղաքում կազմակերպվելու է թթի փառատոն: Մտահղացումը նախկին մարզպետինն է, որոշել է մեծ կերուխում, գինարբուք սարքել՝ ուրախացնել գորիսեցիներին: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք Սուրիկ Խաչատրյանի հետ: «Ես չեմ կազմակերպել, քաղաքապետն է կազմակերպել»,- եղավ թթի փառատոնի մասին պատասխանը, բայց զրույցից պարզվեց, որ ամեն բան գիտի այդ փառատոնի մասին:



 



- Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ «Թթի փառատոն», երբ արդեն թութ չկա:



 



- Թութ չկա, թթի արաղ կա: Փառատոնը պետք է լիներ մայիսի կողմերը կամ հունիսի սկզբին, բայց դե՝ չեղավ, հիմա կլինի: Կմասնակցեն գորիսեցիները, հյուրեր մշակույթի նախարարությունից, տարբեր համայնքապետեր:



 



- Ո՞րն է այդ փառատոնի նպատակը:



 



- Դե դա մշակույթի նախարարության հետ է որոշվել, դեռեւս նախկին քաղաքապետի ժամանակ որոշեցինք, որ այդպիսի փառատոն պիտի անեն, դա հետաձգվեց, հիմա նոր քաղաքապետը կյանքի է կոչում:



 



- Ասում են՝ ակտիվ երեւալու Ձեր մոլուցքն է ստիպել ամառվա այս եղանակին այդպիսի անհեթեթ միջոցառում կազմակերպել:



 



- Ես չգիտեմ էդ ով է նման բան ասում, բայց ես արդեն ասեցի, որ էդ փառատոնը նախկին քաղաքապետի եւ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ պետք ա լիներ: Ու ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, ես դաժե կարող ա չմասնակցեմ, Արցախում եմ, ու եթե թութ էլ չկա, չգիտեմ դաժե ինչ պետք ա անել, քաղաքապետը թող մտածի:



 



- Իսկ գո՞հ եք նոր քաղաքապետի աշխատանքից, Դուք հասաք նրան, որ էլի Ձեր «մարդը» բազմեց Գորիսի քաղաքապետի աթոռին:



 



- Դե կաշխատի, էլի, ընդամենը մեկ ամիս ա, որ կա, չեմ կարծում, որ մեկ ամսվա համար կարելի ա գնահատական տալ, սպասենք՝ հարյուր օրվա տրադիցիան լրանա, ինքն էլ կիսվի իր կատարած աշխատանքներով, էդ ժամանակ միասին կգնահատենք:



 



- Բայց խոսում են, որ ոչ թե նա, այլ Դուք եք կառավարում Գորիսը, ընդունելություններ կազմակերպում բնակիչների հետ Ձեր շտաբում, նրան ուղղորդում:



 



- Որ ընդունում եմ գորիսեցիներին, նրանց խնդիրները լուծում, դա միանշանակ ա, բայց քաղաքի կառավարումը քաղաքապետն ա զբաղվում, ես ընդամենը իմ գործն եմ անում, եթե իսկապես մարդիկ կարիքի մեջ են, օգնում եմ, քաղաքում ինչ-որ տարածքներ բարեկարգելու խնդիր կա՝ անում: Ես ունեմ իմ կաբինետը, եւ դա շատ վաղուց ունեի եւ էդ կաբինետում էլ նստում եմ, դա ոչ շտաբ ա, ոչ էլ, այլ «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի որպես նախագահ էդ կաբինետն ա:



 



- Դե տեսնո՞ւմ եք, որ ձեռք չեք քաշում եւ Ձեզ այլընտրանքային ղեկավար եք կարգել:



 



- Չէ այլընտրանքային չեմ, ուղղակի եմ, այո:



 



- Այսինքն՝ հավակնություններ ունեք նորից հետ գալու, ղեկավար աթոռներ զբաղեցնելու:



 



- Բայց հիմա պասիվ եմ, խի՞:



 



- Օրինակ՝ ի՞նչ եք անում:



 



- Հիմա, էս պահին Գորիսում շատ գեղեցիկ հրապարակ եմ բարեկարգում, դրա կողքին էլ մի հատ շատ լուրջ, մեծ զոհվածների հուշարձան, հիմա պետք ա սկսեմ փողոցների բարեկարգման աշխատանքները:



 



- Իսկ ի՞նչ կարգավիճակում եք անում, մարզպետ կա, քաղաքապետ կա…



 



- Դե, հիմա քաղաքապետն էդ հնարավորությունները չունի, դրանք մեծ գումարների հետ են կապված, հիմա առանց միջոցների ո՞վ ինչ կարող է անել:



 



- Փաստորեն, ստարտի կանգնած եք եւ ղեկավար աթոռի եք պատրաստվում վերադառնալ: Հավակնո՞ւմ եք որեւէ պաշտոնի:



 



- Դե, դա ղեկավարությունը պետք է որոշի: Եթե իրենք գտնեն, որ կարող եմ ինչ-որ տեղ դերակատարում ունենալ, ուրեմն կունենամ, եթե պետք ա էս կարգավիճակով մնամ, ուրեմն կմնամ, ոչ մի խնդիր էլ չկա:



 



- Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ եք, ի՞նչ է ասում նա, Ձեզ նոր պաշտոն տալո՞ւ է, գնահատականը Ձեր մասին ինչպիսի՞ն է:



 



- Դե, իրանից պետք ա հարցնեք, դե, մտերիմ ենք դեռ 90-ական թվականից, ինքն էլ էր քաղսովետի նախագահ, ես էլ, մենք համագործակցում էինք, հետո 95-ից ԱԺ-ում՝ պատգամավորներ, եւ դեռ մինչեւ էսօր մեր մտերմությունը մնում է, մենք եղել ենք կոլեգաներ:



Նա հիմա էլ վճռական քայլերով է սկսել, հանրությունն էլ է դա տեսնում, մանավանդ որ ինքն ամեն ինչից տեղեկացված ա՝ գյուղից, քաղաքից, մարզից, երկրից, պրակտիկ մարդ ա, եւ դա իրան հնարավորություն է տալու շատ բաներ անի:



 



- Դուք վերջերս հաճախ եք երեւում Մանվել Գրիգորյանի կողքին, վերջին համագումարում էլ վարչության անդամ դարձաք, կարծում եք՝ անելի՞ք ունեք ԵԿՄ-ում:



- Ո՞նց, ես 1988թ.-ից զենք եմ վերցրել, պատերազմում եղել, առաջին մարդկանցից մեկը ես էի, որ զենք վերցրեցի, ԵԿՄ վարչության ստեղծման առաջին օրից եմ անդամ եղել ու հաստատ անելիքներ ունեմ:



 



- Փաստորեն, հունիսի 1-ը՝ Բուդաղյանների հետ տեղի ունեցած միջադեպը, Ձեր կյանքում ոչինչ չի փոխել…



 



- Ես չեմ ուզում այդ մասին լսեմ, այդ մասին որեւիցե բան պատասխանեմ, դա իմ կյանքում վատ էջ է:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]