Մենք սխալ ենք աշխատում, դուք ճի՞շտ

Մենք սխալ ենք աշխատում, դուք ճի՞շտ

Պարզվում է՝ Վայոց Ձորի դեռեւս մարզպետ Էդգար Ղազարյանը ոչ այնքան իր հարազատ կուսակցությունից ու ղեկավարությունից է վրդովված, որքան «Հրապարակ»-ից, որը երեկ գրել էր նրա հավանական պաշտոնանկության մասին: Հովիկ Աբրահամյանը որոշել է խնամու ասած «խակ ցոգոլ» մարզպետին հանել եւ առաջարկել է ազատման դիմում գրել, եւ նրան, որպես փոխհատուցում, Սերժ Սարգսյանն առաջարկել է դեսպանի պաշտոն: Լուրը գրելիս Էդգար Ղազարյանին ընդհատակից հանել մեզ չհաջողվեց, նա ոչ իր անձնական բջջային հեռախոսին պատասխանեց, ոչ էլ մարզպետարան էր գնացել:



Բայց հրապարակումից անմիջապես հետո նա հայտնվեց, ընդ որում՝ ինքը հետ զանգեց մեզ եւ սկսեց դասախոսություն կարդալ՝ «ինչպիսին պետք է լինի իսկական լրագրողը» թեմայով: Ղազարյանը թույլ չէր տալիս խոսել՝ ասելով, որ մենք ճիշտ չենք աշխատել եւ չենք լսել իր մեկնաբանությունը: «Մամուլի եւ բարձրաստիճան պաշտոնյաների շփման միակ ձեւը դա բջջային հեռախոսը չէ, գոյություն ունի պաշտոնական էլեկտրոնային փոստ, կա մարզպետարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժին, ու, կարծում եմ՝ ձեր պրակտիկայում պետք ա մտցնեք պաշտոնական հարցումների ձեւաչափը եւ հավաստի տեղեկություններ ունենալու դեպքում միայն դա տրամադրեք հանրությանը: Էսօր գիտե՞ք ձեր պատճառով ինձ քանի մարդ է զանգահարել եւ իմ աշխատանքի գրաֆիկից ինձ գցել, հանրության մեջ վերաբերմունք եք ձեւավորում ձեր անպատասխանատու աշխատանքի հետեւանքով»։ Ապա ճչում էր. «Դուք տեսե՞լ եք իմ հրաժարականի դիմումը»:



 



Փորձեցինք խոսակցությունը բերել կոնստրուկտիվ հուն. «Չի՞ եղել, առաջիկա օրերին է՞լ չի լինելու, ասեք, եւ մենք կուղղենք մեր սխալը»: Ապարդյուն. Ղազարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում կոնկրետ հարցին պատասխանել. «Եթե դուք էդ դիմումը չեք տեսել, ինչո՞ւ եք գրում»։ Որովհետեւ հավաստի ու հստակ տեղեկություններ ենք ստացել։ «Դե, եթե հստակ տեղեկություն եք ստացել, էլ ի՞նչ եք հարցնում»։




Ընդամենը նկատենք, որ երեկ նույն տեղեկատվությունը հրապարակվել էր մեկ այլ թերթում եւս՝ «Ժամանակ» թերթում, որտեղ անգամ «դեսպանության» երկիրն էր նշված՝ Լեհաստան: Ի դեպ, այդ երկրում դեսպան նշանակված չէ. Աշոտ Գալոյանի՝ Բրազիլիայում դեսպան նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր է:




 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ
[email protected]