«Լավատեսությունից» անդին

«Լավատեսությունից» անդին

Մեր համեմատ հսկայական երկրում (Ղազախստանում) մտահոգ են, որ առաջիկա տարիները համաշխարհային առումով գերդժվար են լինելու, եւ դիմանալու են միայն կազմակերպված-միասնական եւ ամուր պետություններն ու ժողովուրդները, հարեւան Վրաստանը տագնապած է «ռուսաստանյան հնարավոր ներխուժմամբ», Ռուսաստանի ԿԲ-ն երկրի համար առաջիկա 3 տարիների կտրվածքով տնտեսական աճ չի կանխատեսում (լավագույն դեպքում), իսլամական արմատականությունը «թակում է Հայաստանի դարպասները» (թե՞ Թուրքիայի արեւելյան շրջանները մեր արեւմտյան սահմանը չեն), իսկ հայկական մամուլը սեւեռվել է մի «գերխնդրի» վրա` ԲՀԿ-ն կպաշտպանի՞ սահմանադրական բարեփոխումները, թե՞ ոչ: 2017-ի խորհրդարանական ընտրություններով ՀՀԿ-ն կմնա՞ մեծամասնություն, թե՞... ՀԱԿ-ը «կմտնի» հաջորդ պառլամենտ, թե՞...



Ուրիշ էլ ի՞նչ է պետք, որպեսզի ազգն իրեն երջանիկ զգա: Գրեթե ոչինչ: Քանի որ նրան վարժեցրել են, որ բոլոր խնդիրները «փաթեթով լուծած ունի», մնում է «օրինակարգ իշխանություն ձեւավորի»: Կամ` «եթե երկրում հաստատվի օրինակարգ իշխանություն, ապա բոլոր հարցերն ինքնին կլուծվեն»: Կամ` «եթե ունենանք ազգային կուռ գաղափարախոսություն, ապա Հայաստանը տարածաշրջանի առյուծը կլինի»: Մոտավորապես` ինչպես Խորենացին էր ասում:



Կա՞ աշխարհում օրինակարգ իշխանություն: Միանշանակորեն` ոչ: Առարկողները թող հիշեն, թե «ձայների վերահաշվարկի» արդյունքում ինչպես ԱՄՆ նախագահ «ընտրվեց» Ջորջ Բուշ-կրտսերը: Եվ բացատրեն, թե ինչու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկյան «փղերը հաղթեցին»: Կամ ո՞վ է ասել, որ Բելառուսի նախագահը բռնապետ է, իսկ Գերմանիայի կանցլերը` դեմոկրատ: Երկուսն էլ իշխանության ղեկին են պաշտոնավարման չորրորդ ժամկետով:



Օրերս հայ փորձագետներից մեկը Վրաստանը հռչակել էր «ժողովրդավարական»: Ոչինչ չես ասի, «լավ» օրինակ է: Բայց այդ ինչպե՞ս է պատահում, որ «ժողովրդավարական» երկրի նախագահի վրա մատ է թափ տալիս իշխանության հետ ֆորմալ առումով որեւէ կապ չունեցող բատոնո Իվանիշվիլին: Սա՞ է «ժողովրդավարությունը», երբ կարելի է օրինական պատասխանատվություն չկրել, բայց փաստացի կառավարել երկիրը:



Մեզանում սովորաբար նաեւ մերձբալթյան երկրներն են օրինակ բերում: Պարդոն, Լատվիայում կես միլիոն ռուսախոս բնակչություն կա, որ քաղաքացիություն չունի: Բայց մի՞թե Ռիգայում այսօր ապրող ռուսը մեղավոր է, որ իր պապն օկուպանտ է եղել: Եվ դա` Եվրամիության անդամ երկրում, որ նաեւ «ժողովրդավարության մշտարթուն պահապան» ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ է մտել:



Այսպես կարելի է երկար շարունակել: Եզրակացությունը մեկն է` չկա կատարյալ օրինակարգ իշխանություն, չկա ունիվերսալ ժողովրդավարություն: Եվ երջանիկ են այն ազգերը, որ այդ ճշմարտության կատարյալ գիտակցությամբ են ձեւավորում իշխանություն, ոչ թե իրենց մատնում հավերժական տառապանքի: Ամենուր եւ բոլոր երկրներում իշխանությունը «մահակ» է:



Ցանկացած իշխանություն որոշակիորեն կոռումպացված է այնքանով, որ ձեւավորվում է «թիմի» սկզբունքով. ընտրություններում «հաղթում» է պահպանողականների կուսակցությունը` Մեծ Բրիտանիայում վերեւից վար բոլոր կարեւոր պաշտոններում նշանակում է իր մարդկանց, նրանց, ովքեր «կռել են հաղթանակը»: Նույնը` եվրոպական մյուս երկրներում: ԱՄՆ-ն 300 մլն-ից ավելի բնակչություն ունի, բայց նախագահ ընտրում են նահանգներից լիազորված «վիբորշչիկները»: Եվ ոչ մի ԵԱՀԿ չի հետեւում, թե «ընտրությունները» համապատասխանո՞ւմ են «միջազգային ստանդարտներին», թե՞ անցկացվում են «զանգվածային կեղծիքներով»:



Կարող են առարկել` «ի՜նչն ինչի՜ հետ ես համեմատում»: Դարձյալ` պարդոն, բայց չէ՞ որ ԱՄՆ-ում միշտ է այդպես եղել: Եվ ոչ ոքի մտքով չի անցել` առաջարկի, որ ընդօրինակեն նախկին մետրոպոլիային, անցնեն խորհրդարանական կառավարման: Կամ` «հաղթելով» Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, «փղերն» ինչո՞ւ չեն պահանջում «էշ» Օբամայի հրաժարականը: Մի այդպիսի իրավիճակ Հայաստանում պատկերացնելի՞ է, երբ խորհրդարանում ունենալով մեծամասնություն, որեւէ կուսակցություն հանդուրժի, որ նախագահն ավարտի իր սահմանադրական լիազորությունների ժամկետը:
Ես չեմ պատկերացնում: Որովհետեւ անձամբ ականատես եմ եղել, թե խորհրդարանն ինչ խաչով էր խաչում պատերազմ մղող երկրի նախագահին, երբ վարչապետը հրաժարական էր տվել, եւ ԱԺՄ-ՀՅԴ ու հարակից ուժերը Գերագույն խորհրդում ձեւավորել էին շատ ազդեցիկ ընդդիմություն: ԱԺ նոյեմբերի 11-ի նիստում Ռուբիկ Հակոբյանը երանությամբ հիշեց, որ բազմահազարանոց հանրահավաքների ճնշման տակ ԳԽ օրակարգ էր բերվել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը:



Ես էլ հիշեցի եւ վերստին ամոթ զգացի: Որովհետեւ Արցախի գրեթե կեսը գրավված էր, 20-30 հազ. տեղահանվածներ լցվել էին Երեւանի փողոցներն ու, ինչպես 1915-16թթ.-ին, հաց եւ օթեւան էին աղերսում, երբ կես միլիոն մարդ էլ Շիրակում եւ Լոռիում էր մնացել տնանկ, իսկ ընդդիմությունը նույն այդ սովյալներին տանում էր կառավարության կամ նախագահի նստավայրի մոտ, կազմակերպում բողոքի ցույցեր: Իսկ Արցախում «փայտի վրա շոր էին հագցնում» (կա այսպիսի զուտ ղարաբաղյան արտահայտություն)` ուղարկում ռազմաճակատ: Եվ թշնամին Ստեփանակերտից 10-15 կմ հեռավորության վրա էր: Անգամ 22 տարի անց ամոթ է հիշեցնել:



Ամոթ է «մոռանալ»: Եվ սրբապղծություն է, երբ ժողովրդին մոռացնել են տալիս: Որովհետեւ, ինչպես 22 տարի առաջ, այսօր էլ Հայաստանը, Արցախը, հայությունը մեկ գերխնդիր ունեն` ինչպե՞ս ավարտել 1988-ին խորհրդաադրբեջանական անխախտ համաձայնությամբ մեզ պարտադրված պատերազմը: Խաղաղության արժանապատիվ համաձայնությա՞մբ, թե՞ նոր, ավելի արյունալի եւ անհամեմատ մեծ ռեսուրսներ պահանջող պատերազմով: Քանի որ պատերազմներն ավարտվում են կամ խաղաղությամբ, կամ ավելի կատաղի պատերազմով:



Ով էլ իշխանություն լինի` կանգնելու է այս գերխնդրի առաջ: Կառավարման ինչ համակարգ էլ ունենանք` հարցն ինքնին չի լուծվելու, պատերազմի ուրվականը Հայոց աշխարհից չի հալածվելու, սահմանները չեն բացվելու, եւ մեր էպոսի վերջին «ծուռ» Մհերի երազանքով գարին քանց ալոճ, ցորենը քանց մասուր չի դառնալու:



...Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,- Ռուբեն Հախվերդյանի խոսքը հիշեցի:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ