Վարչապետին պիտի սպանե՞ս…

Վարչապետին  պիտի սպանե՞ս…

Նման բան կարող է ասել միայն Գալուստի տղա Արմանը: Նախ սկզբից: Արման Սահակյանը զարմանում է, որ Կառավարության օրակարգ հասած իր նախագիծը մերժվել է: Եվ զարմանալու տեղ էլ ունի:
«Նա կարող էր Օթելլո խաղալ» վերտառությամբ հոդվածի մեջ նույն հարցը բարձրացրել էի և ասել, որ վարչապետը կարող էր այդ նախագիծը մերժել՝ մինչ կառավարության նիստ հասնելը, որովհետև մինչև նիստին հասնելը հազար ու մի նախանիստային վայրեր կան: Արմանն էլ է նույնը NewsBook-ի հետ զրույցում է ասում. «Ես կարող եմ ասել, որ ինձ համար էլ իրադարձությունների զարգացումը անակնկալ էր, քանի որ Կառավարության որոշման նախագծերը մինչ օրակարգ ընդգրկվելը քննարկվում են Կառավարության աշխատակազմում և կառավարական կոմիտեներում»: Իսկ թե ինչու էր դա Արմանի համար անակնկալ, իսկ լրագրողի համար հասկանալի, նուրբ թեմայի նյութ է: Եթե Արման Սահակյանի համարձակությունը թույլ տար, վարչապետին կասեր՝ ի՞նչ եք ինձ գցելով՝ ձեզ գովազդում: Բայց դե բաներ կան, որ պետք է լռել կամ էլ Արմանի նման անակնկալ համարել այն: Այս բոլորը տեսնում եմ բնական ամբողջության մեջ և չեմ զարմանում ոչ վարչապետի «արա ասելու» և ոչ էլ Արմանի այս ամենը ժխտելու տրամաբանության մեջ: Ինձ համար այլ բան է անակնկալ: Պաշտոնյա, ով հրաժարվում է անգամ, որ վարչապետն իր վրա ձայնը բարձրացրել է, ուզու՞մ է որ իր խոսքի լրջությանը հավատա՞ն. «Պարոն վարչապետն ինձ վրա ձայնը չի բարձրացրել և այնպես էլ չի, որ ձայն բարձրացնելու դեպքում հավուր պատշաճի պատասխան չէր տրվի»: Մնում է հարցնել՝ ո՞րն է հավուր պատշաճը: Ի՞նչ պիտի անես վարչապետին, Արման, պիտի սպանե՞ս… Այն էլ՝ հավուր պատշաճի՞… Դուք հավուր պատշաճի միայն Կիևյան 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող բնակելի տարածքի բնակիչներին ծեծելով տներից կհանեիք…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ