«Անդինի» մրցանակները

«Անդինի» մրցանակները

«Անդին» գրական հանդեսը թողարկել է իր 12-րդ բացառիկ համարը: Արդեն 3-րդ տարին գործող ամսագիրը հասցրել է 3.500 ընթերցող ձեռք բերել: «Ամսագիրը մտնում է բոլոր դպրոցները, հասնում բոլոր զորամասերը, նպաստում երիտասարդության գեղարվեստական եւ հայրենասիրական դաստիարակության սուրբ գործին: Այս տարի մտադիր ենք ամսագրի տպաքանակը հասցնել 5000-ի, հարստացնել բովանդակությունը, բարձրացնել հրապարակումների մակարդակը»,- կարելի է կարդալ հանդեսի առաջին էջերում: Հիշեցնենք, որ ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը Մերուժան Տեր-Գուլանյանն է: 12-րդ բացառիկ համարում կարելի է տեսնել նաեւ այն հեղինակների անուններն ու գործերը, որոնք արդեն 2 տարի սպասում են «Անդին» ամսագրի հայտարարած մրցանակաբաշխությանը:



Ներկայացնում ենք 2013-2014 թվականների մրցանակակիրներին, որոնց ստեղծագործությունների էջերը մատնանշվել են կարմիրով. Վահան Սաղաթելյան՝ «Արժանապատվության երեսն ու աստառը», «Հրապարակի» հեղինակներից Լեւոն Ջավախյան՝ «Անանուն», Հրաչյա Սարուխան՝ բանաստեղծություններ, Թադեւոս Խաչատրյան՝ «Հիշողությունը ջնջում է հետքերը, «Հրապարակի» թղթակից Արամ Պաչյան՝ «Երեք պատմություն ընկերության մասին», Վահագն Աթաբեկյան՝ «Արմեն Դավթյանի հետ Տիգրան Պասկեւիչյանի մասին ջահելավարի զրուցելիս»: «Անդինի» խմբագրությունում տեղեկացանք, որ հեղինակների համար այդքան սպասված մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի վերջին, բայց դեռ հստակ օր որոշված չէ: