Գուցե տիկին նախարարը պատասխանի՝ ինչպես է հոգեկան հիվանդը 42 տարի աշխատում պետական թատրոնում

Գուցե տիկին նախարարը պատասխանի՝ ինչպես է հոգեկան հիվանդը 42 տարի աշխատում պետական թատրոնում

Փետրվարի 2-ին հraparak.am կայքում հրապարակված՝ «Չախմախչյանը իրավունք չունի շնչելու քաղաքում, նա մարդ չի» վերտառությամբ՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի հերթական բողոք ներկայացնող, 42 տարվա աշխատակցի տված հարցազրույցի հիման վրա պատրաստված տեսանյութին և հոդվածին ի պատասխան՝ թատրոնի տնօրենի հաստիքում արդեն մի քանի տարվա պաշտոնակատար Հովիկ Չախմախչյանը «նամակ» հասցեագրեց թերթի գլխավոր խմբագրին, որտեղ դրսևորելով պետական ղեկավար պաշտոն զբաղեցնողին՝ այն էլ մշակույթի ոլորտում, ոչ հարիր վարքագիծ, մի շարք անհիմն մեղադրանքներ «առաջադրեց» տեսանյութի հեղինակին, բայց հատկապես անթույլատրելի կոպիտ կերպով վիրավորեց իր աշխատակցի՝ Վարդգես Քալաշյանի անձը՝ նրան հրապարակավ ներկայացնելով որպես հոգեկան հիվանդ, որին թատրոնի տնօրինությունը «մարդասիրությունից դրդված է, որ չի ազատել աշխատանքից»:



Ըստ Չախմախչյանի՝ հարցազրույց տված քաղաքացու խոսքերը «հիվանդ ուղեղի արգասիք են», լրագրողն էլ՝ «թրաֆիկինգով» զբաղվող, որ «շահագործման է ենթարկել հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն»: Մինչ Չախմախչյանի այս և մյուս որակումներին իրավական հարթությունում անդրադառնալը՝ փետրվարի 5-ի «Չախմախչյանը պետք է ապացույց ներկայացնի կամ ներողություն խնդրի Վարդգես Քալաշյանից» հրապարակմամբ տարիներով տնօրենի պաշտոնակատար Չախմախչյանից պահանջեցինք փաստական հիմքեր ներկայացնել անձի հոգեկան խնդիրներ ունենալու՝ իր հայտարարության վերաբերյալ: Հրապարակավ հարց առաջադրվեց տնօրենի պաշտոնակատար Չախմախչյանին՝ ինչպե՞ս է իր որակած՝ «հոգեկան խնդիրներ ունեցող», հետևաբար, ենթադրվում է անգործունակ մարդուն աշխատանքային պայմանագրի հիման վրա, սահմանված դրույքաչափերով, որպես հաստիքային աշխատող տարիներով պահել պետական հիմնարկում:



Մինչ օրս Չախմախչյանից որևէ պատասխան չի ստացվել խմբագրություն: Ուստի՝ հարցի պատասխանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից ենք ակնկալում, որի ենթակայությամբ գործող պետական հիմնարկում փաստորեն, Չախմախչյանի հայտարարությամբ, 42 տարի շարունակ հոգեկան հիվանդ է աշխատում:
Տիկին նախարարի համար նույնպես չենք զլանում մեջբերել օրենքի հետևյալ դրույթները.
«Հոգեկան խանգարում» և «հոգեկան խանգարումով տառապող անձ» հասկացությունները սահմանված են ՀՀ օրենքով: Ընդ որում՝ հոգեկան հիվանդության ախտորոշումը կատարվում է ՀՀ-ում գործող հիվանդությունների միջազգային դասակարգման չափանիշներին եւ ցուցումներին համապատասխան եւ չի կարող հիմնվել միայն անձի վարքի, հասարակության կողմից ընդունված բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության, կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:



Օրենքը սահմանում է նաև հոգեկան խանգարումներով տառապող անձանց գործունեության հետ կապված սահմանափակումները: Բայց հոգեկան խանգարումով տառապող անձն անգործունակ կարող է ճանաչվել միայն դատարանի որոշմամբ: Դատարանի որոշման հիման վրա խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ նշանակում է խնամակալ՝ անգործունակ ճանաչված անձի շահերը պաշտպանելու նպատակով: Դատարանի կողմից անգործունակ ճանաչված քաղաքացիները զրկվում են մի շարք, այդ թվում՝ անձամբ իրենց անունից տարբեր տեսակի քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու, աշխատանքի ընդունվելու, աշխատելու հնարավորությունից: Այսինքն՝ անգործունակության հիմքով սահմանափակվում է նրանց քաղաքացիական և աշխատանքային իրավունքը:



Այսպես, անգործունակ Ճանաչված քաղաքացու անունից գործարքներ կնքում է նրա խնամակալը (ՀՀ քաղ. օր.-ի 31-րդ հոդվածի 2-րդ մաս): Խնամակալները կամ խնամակալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով եւ նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները (ՀՀ քաղ. օր.-ի 34-րդ հոդվածի 2-րդ մաս): Անգործունակ ճանաչված քաղաքացին զրկվում է աշխատելու իրավունքից, քանի որ, ըստ Աշխատանքային օրենսգրքի, աշխատողն օրենսգրքով Սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդված, 1-ին մաս):



Ադրինե Թորոսյան