Երնջակյանի ցեղասպանությանը նվիրված ֆիլմում չկա և ոչ մի կաթիլ արյուն

Երնջակյանի ցեղասպանությանը նվիրված ֆիլմում չկա և ոչ մի կաթիլ արյուն

«Մի շտամպ կա, որ Ցեղասպանության մասին ֆիլմ նկարելուց անպայման կարմիր գլխարկով թուրք ասկյար պիտի լինի ֆիլմում, եւ որքան շատ արյուն, դաժան տեսարաններ, այնքան ավելի լավ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանը, ապա, ներկայացնելով իր կարճամետրաժ ֆիլմը, նշեց, որ «Խավարում» ֆիլմում չկա եւ ոչ մի կաթիլ արյուն, բայց կան երեխաների աչքեր, ինչն ավելի հուզիչ է:



Հանդիպմանը ցուցադրվեց նաեւ «Խավարում» ֆիլմը, որը պատմում էր, թե ինչպես Ցեղասպանությունից փրկված եւ ամերիկյան ճամբարներից մեկը տեղափոխված տղան կորցնում է իր մոտ պահվող երկու փամփուշտները, որոնցով սպանել էին իր հորն ու մորը: Ֆիլմի վերջում տեսնում ես, որ ճակատագիրը նույնն է ճամբարում հավաքված բոլոր երեխաների համար:



Ֆիլմը նկարահանվել է դեռ 2 տարի առաջ, այն բանից հետո, երբ Ցեղասպանությանը նվիրված Երնջակյանի «Ջրհեղեղ» լիամետրաժ ֆիլմի համար միջոցներ չգտնվեցին: Ինչ վերաբերում է «Խավարում» ֆիլմի ֆինանսավորմանը, ապա օգնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ 10 հազար դոլարով, սփյուռքի նախարարությունը՝ 1 մլն-ով, եւ մշակույթի նախարարությունը՝ 3-4 մլն-ով:



Թեպետ ֆիլմի սցենարը հորինված է, բայց, Երնջակյանի դիտարկմամբ, ցանկացած ռազմական գործողությունում առաջին տուժողները երեխաներն են, մեծերն ինչ-որ չափով հետո վերապրում են, բայց երեխաները չեն հասկանում, թե ինչպես ստացվեց, որ հիմա մամա-պապա էլ չունեն: Ֆիլմում նկարահանվել են Մելիսա Բրաունը, Վիգեն Ստեփանյանը, Ժաննա Թամիզյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արամ Կարախանյանը, Սենիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Աշտարակի դպրոցի աշակերտները: Արա Երնջակյանը նշեց, որ ֆիլմի կենսագրությունը դեռ նոր է սկսվում, «Խավարումը» պատրաստվում են ցուցադրել դրսի մի քանի կինոթատրոններում, իսկ Հայաստանում այն, հավանաբար, կցուցադրվի ապրիլին՝ Հ1-ով: Ֆիլմը ներկայացվել է նաեւ ՀՀ նախագահի մրցանակին:



Անդրադառնալով այն հարցին, թե Ցեղասպանության պետական հանձնաժողովում ինչու մտավորականներ ընդգրկված չեն, Երնջակյանը նախ տարակուսեց, ապա հույս հայտնեց, որ գոնե նրանք անուղղակիորեն ընդգրկված լինեն միջոցառումների մեջ: Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին, ապա նկատեց, որ այս դեպքում կարեւոր է ոչ թե քանակը, այլ որակը՝ հիշելով եւ օրինակ բերելով քրիստոնեության 1700-ամյակը, որն այնքան էլ ճիշտ չկազմակերպեցինք, եւ ասել, որ դրանից հետո աշխարհը երդվում է մեր 1700-ամյա քրիստոնեությամբ՝ այդպես չէ: Իսկ սրանից արդեն պետք է հետեւություն արվեր եւ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր Ցեղասպանության 100-ամյակին: