Ամեն բեղավոր բան դեռ Անդրանիկ չէ

Ամեն բեղավոր բան դեռ Անդրանիկ չէ

Նշվում է հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավար ռազմական գործիչ Անդրանիկի (Անդրանիկ Թորոսի Օզանյան) ծննդյան 150 ամյակը: Քիչ է ասել` նշվում է: Երևանի քաղաքապետը, եթե հավատանք փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքերին, մի ամվբողջ տարի հռչակել է Անդրանիկի տարի ու նշելու են էլի:



Այսօր էլ համերգ են տվել նախագահի ներկայությամբ, հանդիսավոր նիստ ու այսպիսի բաներ:



Արժանի՞ է Անդրանիկը: Իհարկե արժանի է:



Բայց, ավաղ, նշողները արժանի չեն Անդրանիկին: Ինչո՞ւ են այդպես աղավաղում նրա կերպարը, նրա անցած փայլուն ճանապարհը: Չգիտե՞ք, գոնե գիրք կարդացեք ու նոր դղրդացրեք այս ամենը: Հասկացանք` ժողովուրդը սիրում, երգեր է ձոնում Անդրանիկին, իսկ թուրքն էլ` նրան տեսնելիս, նրա անունը լսելիս փախչում էր: Բայց անցել են չէ՞ Սասունցի Դավթի ժամանակները, իսկ Անդրանիկն էլ ամենևին դիցաբանություն չէ, այլ իրական մարդ:



Մեծադղորդ միջոցառումներ կազմակերպելուց առաջ գոնե այդ մարդու համառոտ կենսագրությունը կարդացեք, որ իմանաք` ինչպես Անդրանիկը դարձավ Անդրանիկ: Այլապես սկսում եք այնտեղից, որ Անդրանիկը կայացավ Սասունում: Իսկ մինչ ա՞յդ: Ո՞վ պետք է ասի, որ Անդրանիկը Պոլիս տեղափոխվելուց հետո զինվորագրվել է ՀՅԴ-ին, անցել է Կովկաս, ապա` Վազգենի խմբով, Պարսկաստանի վրայով՝ Վան, հետո` Սասուն:



Սկզբում ֆիդայիները Անդրանիկին ճանաչում են որպես լավ հրացանի կոթ պատրաստող և նորոգող արհեստավոր (Անդրանիկի հայրը ատաղձագործ էր): Անդրանիկը ղեկավար է դարձել Աղբյուր Սերոբի մահից հետո: Գևորգ Չաուշի հետ վարել է Առաքելոց վանքի կռիվը, ղեկավարել է Սասնո կռիվը: Ահա այսպես է կայաացել Անդրանիկը:



ՀՀԿ-ական մեր գործիչները ե՞րբ պետք է հասկանան, որ Հայաստանում այն ժամանակ պապաներով, կուսակցության ղեկավարի հովանավորությամբ, փողով կամ մի այլ բանով մարդիկ չէին կայանում: Նրանք ճանապարհ էին անցնում, հաճախ` դժվարին ճանապարհ:



Ինչո՞ւ եք ժողովրդից ձեր աղմկարարությամբ թաքցնում նրա սիրելի զավակի անցած ճանապարհը և հատկապես չեք խոստովանում, որ Անդրանիկը հենց Դաշնակցության դպրոցում է հրացանի կոթ սարքող վարպետից դարձել զորավար: Ամոթ բան կա՞ դրանում: ՀՀԿ-ի դպրոց լիներ, գուցե ՀՀԿ-ի դպրոց անցներ, ի՞նչ իմանաս:



Վերջերս նման մի բան տեղի ունեցավ նաև դաշնակցական մեկ այլ երևելի դեմքի` զորավար Սեպուհի աճյունասափորը Եռաբլուրում հուղարկավորելու արարողության ժամանակ: Դարձյալ պետական մակարդակ, դրոշներ, պաշտոնյաներ և ոչ մի հիշատակում, որ Զորավար Սեպուհը դաշնակցական էր նախևառաջ: Այո, զորավար լինելուց էլ առաջ, ինչպես Անդրանիկը:



Էդիկ Անդրեասյան