Ի՞նչ ենք արել, որ խիղճներս տանջի․ Շարմազանովը՝ ԲՀԿ-ի «փլուզման» մասին

Ի՞նչ ենք արել, որ խիղճներս տանջի․ Շարմազանովը՝ ԲՀԿ-ի «փլուզման» մասին

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված որևէ հարց չի քննարկվել։ Այս մասին այսօր նիստից հետո լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։



Hraparak.am-ի հարցին՝ ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցություն պատկերացնո՞ւմ են իրենք, նման պլաններ կա՞ն արդյոք, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Մի հատ տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ինչ է հայտարարում, ինչ է որոշում, ով է մնում քաղաքականության մեջ, ով է դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրում, նոր ղեկավար մարմին են ընտրում, ինչ ծրագիր են ընդունում, ինչ մեսիջ են ուղարկում հասարակությանը, էդ ժամանակ կքննարկենք։ Ես՝ ի տարբերություն շատ գործիչների, մշտապես ծրագրերի մասին եմ խոսում, ոչ թե անձերի, ոչ թե ասում եմ՝ մարդու պրիչյոսկեն իմ դուրը չի գալիս կամ բոյը, այլ գործելաոճը»։



Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցությունից Լևոն Մարտիրոսյանը ԱԺ նիստերից մեի ժամանակ հանդես եկավ ԲՀԿ-ի նոր ղեկավարի անվան վերաբերյալ հայտարարությամբ, թե նա մի կնոջ է ճանաչում, ով կարող է հավանական թեկնածու լիներ, հետո պարզվեց՝ Քիմ Քարդաշյանին է նկատի ունեցել, այս ամենը անլուրջ չէ՞, արդյոք, և ՀՀԿ-ն մի՞թե արդեն թույլ է տալիս, որ իրենց պատգամավորները այլ կուսակցությունում ղեկավարների ընտրեն, Շարմզանավն ասաց, որ Լևոն Մարտիրոսյանի վերաբերյալ մեր հարցին ինքը հարկ չի համարում պատասխանել։



Hraparak.am-ի մյուս դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ԲՀԿ-ն կարծես սկսել է ընթանալ փլուզման ճանապարհով, պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից, անկումային և ճգնաժամային վիճակէ նրանց շարքերում, այստեղ ՀՀԿ-ն իր մեղքի բաժինչը չի՞ տեսնում, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Դուք գերագնահատում եք մեր հանարավորությունները, ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է և ԲՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր կարծում եմ՝ գործել է իր խղճին և համոզմունքներին համապատասխան։ Այդ հարցը ուղղեք ԲՀԿ-ի իմ գործընկերներին կամ նախկին գործընկերներին»։



Իսկ մեր այն հարցին՝ իրենց խիղճը չի՞ տանջում, արդյոք, ՀՀԿ խոսնակն ասաց․ «Ի՞նչ ենք արել, որ խիղճներս տանջի։ Նման մանր բաների համար մեր խիղճը չի տանջում։ Մեր խիղճը պիտի տանջի լուրջ բաների համար»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ