Գագոյի համար «ամեն ինչ օքեյ է լինելու»…

Գագոյի համար «ամեն ինչ օքեյ է լինելու»…

Մեր ժողովրդի միտքը պիտի պարապ չմնա. անընդհատ կենտրոնացնել մի բանի վրա:
Սա էլ երևի քաղաքական ծրագրի մաս է, որին այդպես աչալրջորեն ժամանակ առ ժամանակ հետևում է մեր իշխանությունը:



ԲՀԿ-ն դեռ երկար ժամանակ իրենով կանի հասարակական հետաքրքրության շրջանակը: Գագոն ինչ եղավ: Գագոյի գույքն ինչ եղավ:



Եթե նկատի ունենանք, որ գույքի թվարկումով կծերանանք, ասենք, որ մեզ դեռ մի հավիտենություն սպասվում է, որ իմանանք՝ որը որտեղ, ինչ գնոց վերցվեց, ում կողմից վերցվեց ու վերցնելուց հետո ինչ եղավ:



Գագոյի կուսակցությունն էլ ահագին քննարկելիք թեմա է, եթե նկատի ունենանք, որ կուսակցական կաթսայի գլուխները լա՜վ էլ խոշոր են: Ամեն մեկից մի տոնական լա՜վ սեղան կստացվի: Ուրեմն դեռ համբերությամբ պիտի զինվենք ու սահմանադրական բարեփոխումների ֆոնի վրա լսենք օրեկան մի հետաքրքրաշարժ պատմություն՝ վա՜յ, վա՜յ, էլի վա՜յ բնաձայնական բացականչություններով:



Բայց նախապես ձեզ սփոփեմ ու ասեմ, որ ամեն ինչ օքեյ է լինելու: Վազգեն Մանուկյանի կուսակցությունը հիշեք ու հանգստացեք: Բոլորն էլ առոք- փառոք «իրար հետ սերով վայելում են»: Իսկ Շավարշը, որ միջազգային մակարդակով օքեյի մեջ է: Բայց կար, չէ՞, ժամանակ, «երբ մեկը մյուսի արյունը կխմեր»:



Գագոյի մոտ էլ է այդպես լինելու: Մի տաս օր առաջ էլ էի գրել՝ «սուպեռ ընդդիմադիր կուսակցություն է» ստեղծվելու՝ «սուպեռ իշխանական ոգով»: Կուսակցությունը, եթերի նման, իշխանությանն է դառնալու / հիմա կասեք՝ իբր իշխանությանը չէ՞ր /, շատ բաներ հանձնվելու է, բայց այդ շատ բաները հանձնելուց ոչ թե Գագիկ Ծառուկյանի սիրտն է ցավալու, այլ մի՜ ուրիշ սիրտ, որի համար էլ երևի այս ամբողջ թատրոնը սարքվել է:
Գագոյենք լա՜վ են լինելու, շա՜տ լավ: Միշտ ժողովրդի կողքին ու ժողովրդի հետ: Ժողովրդի հալն էլ հալ չի լինելու: Խաբվածը հերիք չի, իրեն մեղավոր է զգալու, որ իր պատճառով Գագոն ձեռից գնաց…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ