Այնպես էլ չէ, որ Պուտինն ու Օլանդը մեր հորեղբոր տղաներն են

Այնպես էլ չէ, որ Պուտինն ու Օլանդը մեր հորեղբոր տղաներն են

Վստահ ենք` դեռ շատ կգրվի ու կխոսվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մասին: Հայկական հարցի հետապնդման, այդ հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու, այս հանգրվնից սկսած` արդեն կատարված աշխատանքի հիման վրա պահանջատիրության շենքի կառուցման համար 100-ամյակի միջոցառումները հիրավի մեծ հնչեղություն ու պայմաններ ապահովեցին:



Հնչեղության հետ կապված` կարող եք համեմատել. Գալիպոլիի` արքայազնով տնազ-միջոցառման մասին մեկ լրատվությանը Հայոց ցեղասպանության մասին հնչած ու ցուցադրված հարյուր լրատվություն է հասնում: Սա փաստ է, որ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության իրողությունը, այո, դադարել է միայն հայ ժողովրդի վիշտն ու ցավը լինելուց և անստվերելի է ուզածդ ամենամեծադղորդ հանդիսությամբ:



Թվում է` այսքանից հետո մեզնից պահանջվում է մեկ բան` գլուխ գլխի, ձեռք ձեռքի տալ ու կառուցել Հայոց պահանջատիրության վերնաշենքը, սակայն մեզանում դեռ գտնվում են մարդիկ, ովքեր ոչ միայն ջնջում են նախընթաց հարյուրամյա պայքարը (իսկ դա հենց պայքար է եղել), այլև մրոտում 100-ամյակի խորհուրդն իր ողջ ծավալով ու նշանակությամբ:



Պարզվում է` ոմանք գոհ չեն կատարված աշխատանքից և մանավանդ Օլանդի և Պուտինի երևանյան ելույթներից: Գնահատելով 100-ամյակի իրադարձությունը` գրում են. «Այսպիսով, Թուրքիան կարող է հանգիստ լինել՝ ցեղասպանությունից 100 տարի անց Հայաստանը նրան տարածքային եւ այլ պահանջներ չի ներկայացնում: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան չեն ճանաչում ցեղասպանությունը, իսկ երկրները, որոնք այս կամ այն պատճառով ճանաչել են ցեղասպանությունը՝ Ֆրանսիան ու Ռուսաստանը, որոնք համարվում են Հայաստանի «պրոտեկտորները», թեեւ սգում են 1,5 միլիոն հայերի մահը, սակայն չեն ասում, թե ով է մեղավոր եւ ով պետք է հատուցի: Ավելին, Օլանդը դրեց 100-ամյա տարելիցի միջոցառումների «կնիքը»` հայտարարելով, որ ճանաչելը չի նշանակում գործընթաց»:



Փորձենք հասկանալ, թե ինչ են ուզում ասել: Բայց մինչ այդ, նկատենք, որ մի քանի տողանոց այս ցնդաբանության մեջ հասցրել են «Ցեղասպանություն» բառը երեք անգամ գրել փոքրատառով: Վերաբերմունքի հարց է, չէ՞: Ինչևէ:



Հետաքրքիր է իմանալ, թե ինչից են ենթադրել, որ Թուրքիան կարող է հանգիստ լինել: Ըստերևույթին Թուրքիային իրենց արշինով են չափել: Այլապես` ինչո՞ւ հանգիստ չէ Թուրքիան, ինչո՞ւ է իր դեսպաններին հետ կանչում Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրներից, հոխորտում դիվանագիտական միջոցներ ձեռք առնել, ի պատասխան` Ռուսաստանին հռչակում ցեղասպանություններ իրականացրած երկիր: Վերջապես` եթե Թուրքիան հանգիստ է` ինչո՞ւ է բզկտում Հռոմի պապին: Պապ է, էլի թող խոսի: Փաստորեն այդ Թուրքիան մեր այս վայ վերլուծաբանների չափ խելք չունի, որ իր ծանր տեղը հանգիստ նստի և իզուր չթեթևանա: Թուրքիան կարող է մեկ դեպքում միայն հանգիստ լինել` երբ մենք` հայերս, հանգիստ նստենք, ոչինչ չանենք և սպասենք, որ աշխարհը ինքնաբերաբար ճանաչի ու դատապարտի մեր Ցեղասպանությունը: Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ, մենք տանը նստած, աշխարհը Թուրքիային ստիպի մեր հողերը վերադարձնել:



Հայաստանը 100 տարի անց Թուրքիային հողային պահանջներ չի ներկայացնում: Հետաքրքիր ամրագրում է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ է նշանակում «բուխտի-բարախտի» ձևով հողային պահանջ ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրին` լինելով տրամագծորեն հակառակ բևեռում: Ի դեպ, Թուրքիային հողային պահանջ ներկայացնելու ամենալավ պահը մեր նոր անկախության արշալույսին էր, բայց ՀՀ առաջին իշխանությունները ոչ միայն դա չարեցին, այլև հայտարարեցին, որ իրենց առաջին գործը լինելու է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելը և այդ երկրի նկատմամբ քաղաքական պահանջներից հրաժարվելը:



Փորձեք գլխի ընկնել, թե ում խոսքերն են սրանք. «Չնայած լուրջ տարաձայնություններին, Հայաստանի դեմոկրատական շարժումը քաջություն ունեցավ փորձել նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և համոզել ժողովրդին, որ չնայած մեր հակասություններին, պետք է հաշվի նստել իրականության հետ: Հայաստանը և Թուրքիան հարևան հանրապետություններ են և ունեն ընդհանուր գործնական շահեր, որն էլ մեզ հարկադրում է` այսօր ևեթ սկսել նորմալացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ` հրաժարվելով միմյանց քաղաքական պահանջներ առաջադրելուց»: Այս խոսքերը հնչել են 1991թ. սեպտեմբերի 8-ին, Անկախության հանրաքվեից մի քանի օր առաջ, երբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Սթենլի Հայերի գլխավորությամբ` հանդիպելու այն ժամանակ դեռևս Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և քննարկելու ՀՀ անկախությունը ճանաչելու հարցը: Այդ խոսքերի հեղինակը, բնականաբար, ՀՀ ապագա առաջին նախագահն է, ով այսօր էլ խորհուրդներ է տալիս, թե Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պահանջատիրության հարցերում որը որից հետո պետք է անել: Եթե նկատեցիք` 2009 թվականին մեկնարկած հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության տրամաբանությունը շատ էլ հեռու չէ Տեր-Պետրոսյանի` վերը մեջբերած հայտարարության տրամաբանությունից: Եվ, եթե ընդունում ենք, որ ձախողվել է մեկը, ապա պարտավոր ենք ընդունել նաև մյուսի ձախողվածությունը:



Եթե Հայաստանն այս պահին հողային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային, ապա դա չի նշանակում, որ հողային պահանջ չունի նրանից: Այդ պահանջը կա 100 տարի և բոլորը` սկսած Ցեղասպանությունը չճանաչող երկրներից մինչև ճանաչողները գիտեն այդ մասին: Մենք պարզապես իրավունք չունենք մեր այդ հարևանի հետ հարաբերություններ կառուցել այնպես, որ բոլորին զարմացնենք մեր բարությամբ ու պահանջներից հրաժարվելու աննախադեպ ունակությամբ:



Միանգամայն այլ հարց է իրավական պահանջատիրության ձևավորումը և այն իրականացնելու մեխանիզմի ստեղծումը: Թուրքիան այսօր հանգիստ չէ, որովհետև պահանջատիրությունը վերադառնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ` որպես Ցեղասպանության ճանաչման և դատապարտման 100-ամյակի տրամաբանական շարունակություն: Բայց նա շատ արագ կհանգստանա, երբ աշխարհի խաղի կանոնները մի գեղեցիկ օր հստակեցվեն բոլորի համար:



Հակառակ այս իրողության` Օլանդից դժգոհները գրում են. «Օլանդը դրեց 100-ամյա տարելիցի միջոցառումների «կնիքը»` հայտարարելով, որ ճանաչելը չի նշանակում գործընթաց»: Թույլ տվեք ասել, որ մի բան անելը, ամեն դեպքում, գործընթաց է: Օլանդը չէր կարող Թուրքիային ասել` դու հանգիստ մնա, դե հիմա եկել ենք Երևան, սա հո գործընթաց չի՞: Բնականաբար, ծիծաղելի է մտածելը, որ Պուտինն ու Օլանդը Երևանում ծիտիկ նկարելով էին զբաղված, ինչն, ի դեպ, նույնպես գործընթաց է: Բայց դուք պատկերացրեք` այդ ինչպե՞ս Ուրուգվայը, հանկարծ, ճանաչեց Ցեղասպանությունը, այդ ինչպե՞ս աշխարհի երկու տասնյակից ավելի պետություն ճանաչեց ու դատապարտեց, այդ ինչպե՞ս միջազգային կառույցները ներգրավվեցին, այդ ինչպե՞ս Հռմի պապը մարդկությանը կոչ արեց ճանաչել ու դատապարտել 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Ինչ-որ բան ճանաչելը, գուցե, ինքնին պրոցես չէ, բայց մի՞թե պրոցեսը, այս դեպքում պահանջատիրության գործընթացը, կարող էր նախորդել ճանաչումին: Ինչո՞ւ է ասված` մարդ, ծանիր զքեզ` ճանաչիր քեզ, որովհետև հենց դրանից է սկսվում ամեն ինչ:



Եվ ավարտենք` մեր ընդդիմախոսների անհարկի նեղացկոտության մասին երկու խոսք ասելով: Օլանդը և Պուտինը, հասկանում ես, Երևանւմ չնշեցին, որ Ցեղասպանությունը եղել է Թուրքիայում և չհստակեցրին, թե ով է մեղավոր ու ով պետք է հատուցի: Ախր շատ սուր աչք ու ականջ ունեն մերոնք: Այն, որ այդ երկրների ընդունած` Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող փաստաթղթերւմ նշվում է Օսմանյան կայսրությունը, իսկ Օսմանյան կայսրությունը, բնականաբար, Նոր Զելանդիան չէ, դա դեռ ոչինչ: Պիտի, անպայման, Պուտինն ու Օլանդը նշեին այն հայկական բնակավայրերը և այն թուրք սրիկաների անունները, ովքեր 20-րդ դարասկզբին այդ բնակավայրերում ծրագրեցին և իրականացրեցին Ցեղասպանությունը: Ի՞նչ ասեմ… Այսպես մենք վաղը կարող ենք Օլանդից և Պուտինից ակնկալել, ավելին` պահանջել, որ նրանք մեզնից առաջ ընկնեն մեր պահանջատիրության հարցերում: Տեր Պետրոսյանն ասել է, չէ՞, կարիք չկա շնորհակալություն հայտնել ճանաչման համար: Ահա և ուզում ենք, որ Օլանդը գա Երևան և Թուրքիյից պահանջի մեր հողերը:



Ֆրանսերեն մի խոսք կա, մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց պետք է ասեմ` երես տվեցին` աստառն էլ ենք ուզում: